Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Ակնան թշնամու կողմից օկուպացվելուց հետո Մարտունու Նոր Շեն գյուղի դպրոցը հայտնվել է թշնամու ուղիղ նշանառության տակ։ Այստեղ կրակոցներ մինչև օրս էլ լինում են, բայց ոչ այնքան հաճախակի։ Գյուղում կյանքն ընթանում է իր բնականոն հունով, իհարկե ոչ այնպես, ինչպես մինչ 2020 թվականի պատերազմը։
Նախկինի պես բնականոն կյանքը այստեղ լինել չի կարող, որովհետև գյուղն ունեցել է տարածքային կորուստներ, զոհեր։ Նախկինում գյուղացիները հանգիստ սրտով անասուններին էին տանում արտ, հիմա վախ կա, քանի որ արտերի մեծ մասը թուրքի հսկողության, կամ էլ՝ նշանառության տակ է և ամեն պահի կարող են իրենց կրակոցներով ահաբեկել, գյուղացիների մի մասն էլ անասուն չի պահում, քանի որ պահելու տեղ չկա։
Հիշեցնենք, որ 4 օր առաջ թշնամին ադրբեջանական մարտական դիրքից կրակ էր արձակել Հացի գյուղի դաշտում աշխատող քաղաքացու ուղղությամբ: Հրադադարի ռեժիմի խախտման պատճառով աշխատանքները դադարեցվել էր։ Վնասվել էր տրակտորի անվաթևը և անվասկավառակը, քաղաքացիական անձանց շրջանում բարեբախտաբար, տուժածներ չեղան։
Սա միակ դեպքը չէ, պատերազմից հետո 3 նման դեպք է եղել, գյուղացիները շատ ժամանակ իրենց արտերը թողնում են անմշակ, քանի որ չեն ուզում ռիսկի դիմել և դուրս գալ թշնամու նշանառության տակ։
Գյուղացիները հիմնականում անհանգստացած են իրենց բերքի հետագա հավաքման համար, այս մասին, գյուղի կյանքից մի փոքր դրվագ ներկայացնելով, Yerkir.am-ի հետ զրույցում ասաց Նոր Շեն գյուղի դպրոցի տնօրեն Սամվել Ավանեսյանը․
«Ընդհանուր առմամբ գյուղացիների ոգին տեղն է, ընկճված չեն, եթե ընկճված լինեին, կթողնեին ու կհեռանային այստեղից, իհարկե ընկճվածությունը այն առումով է, որ տրակտորի վրա կրակեցին ու գյուղացիները հիմնականում անհանգստացած են իրենց ապագա բերքի հավաքման համար, թե ինչպես կարող են հետագայում բերքը հավաքել, եթե թշնամին խփում է տրակտորի վրա, թուրքը կարող է նաև արտը վառել, դրա դեմ ոչինչ չենք կարող անել։ Անհանգստացած ենք այդ առումով»։
Անվտանգության խնդիր Արցախում հիմա բոլորը ունեն, քանի որ ՀՀ իշխանությունները ձեռք են քաշել Արցախից, իսկ այս հարցն էլ առանց խաղաղապահների կարծես չի լուծվում։ Դպրոցի տնօրենը նշում է, որ խաղաղապահները եկան բանակցելու ու կարծես թե պայմանավորվեցին, որ իրենց ուղղեկցությամբ, իրենց հովանավորությամբ այդ աշխատանքները պետք է կատարվեն, բայց մինչև հիմա աշխատանքը չի կատարվում։
Մարդիկ այստեղ մի կերպ են ապրում, ունեն իրենց փոքր հողակտորները, որոնք անմիջապես թուրքի իշխանության տակ չեն, այդտեղ վար ու ցանք անելով, ինչ-որ մի կերպ ապրում են։
Նոր Շեն գյուղում բոլորը միակարծիք են, գյուղացիները դեմ են իշխանությունների առաջարկած «խաղաղության պայմանագրին», նրանք կարծում են, որ ցեղասպանություն է թուրքի հետ բարեկամություն անելը։
«Արցախում ապրող ցանկացած հայ թուրքի հետ խաղաղության պայմանագրով չի կարող ապրել, թուրքի հետ բարեկամություն կարելի է անել միայն այն ժամանակ, երբ թուրքը խեղճացած է, թուրքի ուժեղ եղած ժամանակ բարեկամ չես կարող լինել, վիզդ կտրելու է։ Միշտ էլ այդ կարծիքի է եղել մեր գյուղում ապրող ցանկացած հայ։ Գյուղում համաձայն չեն Հայաստանի իշխանությունների վարած քաղաքականության հետ, Արցախի իշխանությունները քիչ թե շատ հոգում են մեր մասին, սերմնացու են տալիս, մի մասին անվճար, մի մասին՝ ոգևորելով, ինչ որ քայլեր ձեռնարկում են, որպեսզի կարողանանք ապրել։ Ինչ վերաբերվում է Հայաստանի իշխանություններին, ապա կարող եմ բացահայտ ամեն ինչ ասել, նրանք ազգը տանում են կործանման։ Մեր հույսը խաղաղությունն է, այդ հույսով ենք այստեղ ապրում, եթե չլիներ այդ հույսը, մենք բոլորս էլ դուրս կգայինք Արցախից։ Բայց դուրս գալու տեղ չունենք, երկրորդն էլ հույս ունենք, որ խաղաղություն կլինի»,- ասաց տնօրենը։
Լ.Ա.