Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Հանրապետության հրապարակի տակ գտնվող պատմական շերտը բացելու և տարածքը թանգարանային հատվածի վերածելու ցանկության մասին ֆեյսբուքյան էջում գրել էր վարչապետ Նիկոլ Փաշինյանը: ԿԳՄՍ նախարարն էլ է կողմ այդ մտքին: Նախարարությանը կից փարձագիտական խումբ է ստեղծվել, որի ներկայացուցիչներից է Ալ. Թամանյանի անվան ճարտարապետության թանգարան-ինստիտուտի տնօրեն Մարկ Գրիգորյանը:
Մարկ Գրիգորյանը դեմ չէ, որ 17-18-րդ դարերի պատմական շերտը բացվի, բայց հարց է՝ ինչպե՞ս բացվի: Ի՞նչ է արվելու, վերևից ապակի՞ է դրվելու, թե մուտք ու ելքով, աստիճաններով կամ այլ տարբերակով է իրականացվելու երևանյան հին նկուղը հանրությանը մատուցելու ելքը:
«Եթե այդ «ինչպեսն» ինչ-որ ձևով ազդի Հանրապետության հրապարակի տեսքի վրա, ես կտրականապես դեմ եմ լինելու»,- Yerkir.am-ին ասաց Մարկ Գրիգորյանը:
Նրա կարծիքով՝ նկուղները պատմական կամ ճարտարապետական արժեք չունեն: Երևանի գլխավոր ճարտարապետ Արթուր Մեսչյանն էլ է նույն կարծիքը հայտնել:
Հակառակ տեսակետ ունի հնագետ Ֆրինա Բաբայանը, որը Աղավնի Ժամկոչյանի հետ 2003 թվականին պեղումներ է կատարել Հանրապետության հրապարակի տարածքում: Նա վստահեցնում է, որ այն, ինչ հայտնաբերվել է պեղումների ժամանակ, շինարարական արվեստի գլուխգործոց է, և եթե շինություններն աղյուսաշեն են, չի նշանակում, որ պարսկական կամ թուրքական են: Հնագետի հավաստմամբ՝ դրանք հայ վարպետներն են կառուցել տուֆից, դրա համար էլ ավելի ծանր են, քան սովորական աղյուսը: Ֆրինա Բաբայանը կարծում է, որ Հանրապետության հրապարակի տակ գտնվող հին քաղաքը պետք է բացվի և ուսումնասիրվի: ՀՀ վաստակավոր ճարտարապետ Հրաչ Պողոսյանի կարծքով շինությունները հայերի տներ են ու ամենևին կարևոր չէ, թե կառուցողներն ովքեր են եղել:
«Պարզ է, որ եթե նկուղները բացվեն, զբոսաշրջիկները կցանկանան գնալ-տեսնել, մանավանդ եթե այն համակցվի գեղեցիկ լեգենդով՝ թաքնված Երևան, անհայտ Երևան և այլն»,- կարծում է Մարկ Գրիգորյանը:
Փաստն այն է, որ 17-րդ դարին պատկանող շերտն ուսումնասիրված չէ: Այդպես չուսումնասիրված էլ Հանրապետության հրապարակի շատրվանների հարակից տարածքում հողով ծածկվել է ու փակվել: «Եթե շերտն ուսումնասիրվի ու պարզվի, որ այն մահմեդական է, օրինակ՝ պարսկական, ինչը չի բացառվում, ի՞նչ պետք է անենք այդ դեպքում»,-հարցնում է Մարկ Գրիգորյանը:
Անվանի ճարտարապետ Մարկ Գիրիգորյանի թոռ Մարկ Գրիգորյանի հարցին կարելի է այսպես պատասխանել՝ թող լինի պարսկական. ոչ ոք չի հերքում մեր անցյալը: Այո՛, մենք այդ դարաշրջանում ցավալիորեն եղել ենք պարսկական տիրապետության տակ, և այսօր Երևանի կենտրոն համարվող Հանրապետության հրապարակի տակ եթե կան մահմեդական շինվածքների հետքեր, պատմությունից ու անցյալից խուսափել պետք չէ: Դա ողբերգություն կամ ամոթալի բան չէ: Խնդիրն այն է՝ արժե՞ այդ շերտը բացել զուտ զբոսաշրջության համար, թե ոչ: Ճարտարապետներն ու հնագետները հակասական կարծիքներ են հայտնում: Մի մասի կարծիքով՝ եթե օտարերկրյա այցելուին պատմամշակութային կամ ճարտարապետական յուրօրինակ կոթող ցույց չենք տալու, արժե՞ միլիոններ ծախսել, քանդել հրապարակը, թե՛ երթևեկության, թե՛ առհասարակ տեղաշարժվելու առումով անհարմարություններ ստեղծել քաղաքի կենտրոնում:
Դեռ ո՛չ նախագիծ կա, ո՛չ էլ որևէ մեկը պատկերացնում է, թե ինչպես է բացվելու ու ներկայացվելու Հանրապետության հրապարակի՝ թանգարանային հավակնություն ունեցող սալիկապատ ու ասֆալտապատ այդ հատվածը:
Եթե իշխանություններն ուզում են Երևանը զբոսաշրջիկների համար հետաքրքիր ու գրավիչ դարձնել, նույն Երևանը Կարմիր բլուր ու Էրեբունի արգելոցներ ունի: Եթե մի ուրիշ ազգ հազարամյակների պատմություն ունեցող հնագիտական այդպիսի հուշարձաններ ունենար, դրանք վաղուց զբոսաշրջային կենտրոն դարձրած կլիներ: Մի քանի հազար տարվա պատմությունն ու մշակույթը նախ պետք է արժևորել և վերածել ներկայանալի միջավայրի, այնուհետև անցնել ավելի «երիտասարդ» մշակութային շերտերին: