Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Կառավարության վաղվա նիստի օրակարգում ներառված է որոշում` հավանություն տալ «Սի Սի Ջի Կովկասյան կոմունիկացիոն խումբ» ընկերության ներկայացրած` «ԴՎԻՆ» հյուրանոցային համալիրի վերակառուցման ներդրումային ծրագրին, որի աշխատանքները նախատեսվում է ավարտել մինչև 2019 թվականը՝ կատարելով անհրաժեշտ չափի ներդրումներ` ըստ ներդրումային ծրագրի:
««Դվին» հյուրանոցային համալիրը գտնվում է Երևան քաղաքի կենտրոնում: Խորհրդային տարիներին այն նախատեսվել է որպես միջին դասի հյուրանոց, սակայն շուկայական հարաբերությունների զարգացմամբ ծրագրի հայեցակարգում առաջացել է էական փոփոխություններ կատարելու անհրաժեշտություն: Նախատեսվում է, որ վերակառուցումից հետո այն լինելու է Երևան քաղաքի ամենաշքեղ հինգաստղանի հյուրանոցը: Հյուրանոցի հիմնական մրցակցային առավելությունը կայանալու է նրա կենտրոնական տեղակայվածության, մեծ հողային մակերեսի (1,814 հա), մյուս հյուրանոցների համեմատությամբ ստանդարտ սենյակների ընդհանուր մակերեսի շատ ավելի մեծ չափի, ինչպես նաև ժամանակակից և բացառիկ հյուրանոցային ինֆրակառուցվածքի մեջ: Բացի այդ, հյուրանոցային համալիրը ներառելու է բարձրակարգ ռեստորաններ, ակումբներ, խանութներ, բիզնես կենտրոն և կոնֆերանս կենտրոն, ՍՊԱ սրահ, լողավազան, Ֆիթնես կենտրոն, հանդիսությունների դահլիճներ և այլն: Ինչպես նաև հյուրանոցի տարածքում նախատեսվում է բարձրակարգ (VIP) խաղատան կազմակերպում՝ համապատասխան լիցենզիայի հիման վրա:
«Դվին» հյուրանոցային համալիրի վերակառուցումն իրականացվում է «լյուքս» դասի հինգաստղանի հյուրանոցների միջազգային չափանիշներին համապատասխան: Բացի այդ, հյուրանոցային համալիրը ներառելու է նաև այլ կառույցներ, մասնավորապես առանձին «Բնակելի բազմաֆունկցիոնալ համալիր» («Apartments Plaza»), որը կներկայացնի իրենից բարձրահարկ մասնաշենք, որտեղ գտնվելու են առնվազն 60 «լյուքս» դասի բնակարաններ: «Բնակելի բազմաֆունկցիոնալ համալիր»-ի («Apartments Plaza»-ի) վերևի հարկում նախատեսվում է ունենալ հարթակ ուղղաթիռի համար:
Կառուցվելու են ավտոհանգրվաններ. ստորգետնյա՝ մոտ 330 ավտոկայանատեղիով, և վերգետնյա՝ առնվազն 50 ավտոկայանատեղիով:
«Դվին» հյուրանոցային համալիրի վերակառուցված նոր շենքում նախատեսվում է ունենալ մոտավորապես թվով 184 կատեգորիաների համարներ:
Ծրագրի իրականացման արդյունքում ստեղծվելու է հյուրանոցային համալիր, որը կլինի Երևան քաղաքում նման դասի յուրահատուկ և միակ օբյեկտը՝ 55000 քմ. ընդհանուր մակերեսով: Նախատեսվում է հյուրանոցային համալիրի ռեբրենդինգ և նրա վերանվանում՝ Դավիթ Բեկ Հյուրանոցի:
«Դվին» հյուրանոցային համալիրի վերակառուցման ծրագրի ներդրողն է հանդիսանում Սի-Սի-Ջի Կովկասյան Կոմունիկացիոն Խումբ Ընկերությունը (CCG Caucasian Communication Group Limited), իրավաբանական անձ՝ գրանցված Կիպրոսի Հանրապետության օրենսդրության համապատասխան : Սի-Սի-Ջի Կովկասյան Կոմունիկացիոն Խումբ Ընկերությունը հանդիսանում է «Դվին» հյուրանոցային համալիր փակ բաժնետիրական ընկերության 100% բաժնետոմսերի սեփականատերը:
Ծրագրի իրականացման արդյունքում նախատեսվում է առնվազն 400 նոր աշխատատեղի ստեղծում: Ծրագրի նախատեսված ներդրումների ընդհանուր գումարը կկազմի մոտավորապես 120.595.000 ԱՄՆ դոլար»,- ասվում է ներդրումային ծրագրի մեջ: