կարևոր
0 դիտում, 11 տարի առաջ - 2013-05-29 11:20
Աշխարհ

Խոդորկովսկին` Պուտինի մասին

Խոդորկովսկին` Պուտինի մասին

ՅՈՒԿՕՍ-ի նախկին ղեկավար, 11 տարվա բանտարկության դատապարտված Միխայիլ Խոդորկովսկին հարցազրույց է տվել գերմանական Die Tageszeitung հրատարակությանը` պատմելով իր անձնական կյանքի եւ քաղաքականության մասին:

Մասնավորապես` նա հայտարարել է, որ բանտից դուրս գալուց հետո չի պատրաստվում զբաղվել քաղաքականությամբ: Հարցին, թե արդյո՞ք իր փոխարեն Պուտինը չպետք է նստի բանտում, Խոդորկովսկին պատասխանել է, որ իր ընդդիմախոսը չպիտի հայտնվի վանդակաճաղերի հետեւում, քանի որ դա առնվազն «ոչ սպորտային միջոց» է:

 

Նա համոզված է, որ վաղ, թե ուշ Պուտինին կխորտակի նրա իսկ շրջապատը, որի միակ նպատակը հարստությունն է: «Ըստ էության` այսօր ամեն պաշտոնյա, ամեն ոստիկան  իրեն իրավունք է վերապահում հարստանալու սովորական քաղաքացիների հաշվին: Իհարկե, որոշ մարդիկ խիղճ ունեն, սակայն նմանները երկար չեն մնում իրենց պաշտոններում: Կոռուպցիա կա ցանկացած պետությունում, սակայն շատ քիչ քաղաքական վարչակարգեր են այն դարձնում իրենց կառուցվածքի կրող տարրը: Կարծում եմ` դա Պուտինի գիտակցված ընտրությունն էր, որը որոշել է այդպես կառավարել վերնախավին: Նման մոտեցումը սխալ եմ համարում, ինչի մասին ասել եմ 2003-ի փետրվարին»,- ասել է Խոդորկովսկին:

 

Ըստ նրա` Պուտինը դժվար թե երկխոսություն սկսի ընդդիմության հետ, իսկ հիմնական պատճառը սեփական ժողովրդին չվստահելն է:

 

Պատասխանելով հարցին, թե 10 տարի առաջ կարո՞ղ էր պատկերացնել, որ Ռուսաստանում իրավունքն այդպես կխեղաթյուրվի, Խոդորկովսկին պատասխանել է, որ անհեթեթ մեղադրանքներով հրապարակային դատավարություն ինքը, իսկապես, չէր պակերացնում: Ընդ որում` ոչ միայն ինքը, այլ նաեւ իր փորձառու փաստաբանները:

 

Հիշեցնենք, որ Միխայիլ Խոդորկովսկին ձերբակալվել է 2003-ին:Այդ պահին նա աշխարհի ամենահարուստ մարդկանցից մեկն էր: 2012-ի դեկտեմբերի 20-ին գործարարի 13-ամյա բանտարկությունը կրճատվել է մինչեւ 11 տարի: Նա բանտից դուրս կգա 2014-ի հոկտեմբերի 25-ին: