Փոխարժեքներ
21 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Ռուսաստանում վրացական սփյուռքի ղեկավար Դավիթ Ցեցխլաձեն երախտագիտություն է հայտնել ՌԴ նախագահին՝ Վրաստանի քաղաքացիների համար առանց վիզայի ռեժիմի ընդլայնման նոր հրամանագրի կապակցությամբ և խոսել ձեռք բերված համաձայնության մանրամասների մասին, գրում է Sputnik Грузия-ն։
«Վերջապես եկավ այս պատմական կարևոր և ուրախ օրը։ Մեր ձայնը լսելի է, նախագահ Վլադիմիր Պուտինը ստորագրել է փաստաթուղթ, որն այժմ Վրաստանի քաղաքացիներին հնարավորություն է տալիս երկար ժամանակով առանց վիզայի գալ Ռուսաստան, աշխատանք գտնել և կրթություն ստանալ։ Ռուսաստանի վրացական համայնքի անունից շնորհակալություն եմ հայտնում նախագահին մեր ժողովրդին նման նվեր մատուցելու համար», - ասել է Դավիթ Ցեցխլաձեն։
Ցեցխլաձեն, ով այժմ Ռուսաստանի ազգամիջյան հարաբերությունների նախագահական խորհրդի անդամ է, նույնպես կիսվել է վրաց հասարակության արձագանքով Ռուսաստանի ղեկավարի որոշման վերաբերյալ։
«Իմ բազմամյա հասարակական գործունեության ընթացքում առանց չափազանցության կարող եմ ասել. ես երբեք չեմ տեսել իմ ժողովրդին այնքան ուրախ, որքան այսօր։ Այն, ինչ նկատվում է նախագահ Վլադիմիր Վլադիմիրովիչ Պուտինի հրամանագրի հրապարակումից հետո, իսկապես ազգային տոն է», - նշել է Ցեցխլաձեն։
«Հատկապես շնորհակալություն եմ հայտնում Ռուսաստանի Առևտրաարդյունաբերական պալատի ռուս-վրացական գործարար խորհրդին և անձամբ խորհրդի նախագահ Յուրի Բալաշովին իրենց անգնահատելի ներդրման համար։ Միասին մենք ստեղծում ենք ամուր հիմք և արժանի պատմություն ապագա սերունդների համար», - գրում է Ցեցխլաձեն։
Նրա խոսքով, Պուտինի հրամանագրից հետո բազմաթիվ տարբեր հարցումներ են ստանում ինչպես Վրաստանից, այնպես էլ Ռուսաստանի Դաշնության տարածքում գտնվող Վրաստանի քաղաքացիներից։
Հիշեցնենք՝ Վլադիմիր Պուտինը հրամանագիր է ստորագրել Վրաստանի քաղաքացիների համար, որ առանց վիզայի կարողանան մուտք գործել Ռուսաստանի Դաշնություն աշխատանքային նպատակներով կամ ավելի քան 90 օր ժամկետով։ Հրամանագիրն ուժի մեջ է մտել հոկտեմբերի 10-ից։