կարևոր
0 դիտում, 11 տարի առաջ - 2013-05-22 17:00
Առանց Կատեգորիա

Դրսում սառնամանիք է, մենք էլ` չջեռուցվող տանը կարճաթեւ շապիկով քնած

Դրսում սառնամանիք է, մենք էլ` չջեռուցվող տանը կարճաթեւ շապիկով քնած

Մինչ մեր երկիրը եռում էր ներքաղաքական ինտրիգային կրքերից, արտաքին սահմանների շուրջ իրադարձություններ էին խմորվում, որոնք նման են կարկտաբեր ամպերի. հավաքվում, կուտակվում են իրար գլխի ու մեկ էլ այնպես են թափվում, որ այլևս դեմն առնել հնարավոր չի լինում:

 

Ո՞վ կարող է ասել` ի՞նչ կապ կա գազի, ընտրությունների, կարկուտի, արտաքին քաղաքականության ու «քուչի» կռվի միջեւ:

 

Արտաքին քաղաքականությունը նման է «քուչի կռվի»: Դիվանագիտական սուբյեկտները` «քուչի տղերքը», իրար հետ պատերազմում են` «իրար խփում» կամ վիրավորում, ու հերթը հասնում է բանակցություններին` «բազարին»: Ու այս դեպքում, ինչպես եւ «քուչի կռվի» ժամանակ, հարցերը լուծվում են ուղեղների մարզանքի եւ փաստարկների զինանոցի «ճոխության» ու բազմազանության շնորհիվ:

 

Որ կողմը ավելի լավ է պատրաստվել, ավելի շատ փաստարկներ ունի, եւ ում թիկունքին ավելի «խառոշի» հովանավոր կա, նա այդ «բազարից» ավելի շահած դուրս կգա: Այստեղ կարեւոր են նաեւ «բազարի գնացողի» ֆիզիկական ու ներքին համախմբվածության գործոնները: Նաեւ կարեւոր է, թե «մեծ ախպերները»` հովանավորները, ինչքանով են «հարգված ու լուրջ», որպեսզի «բազարի իտոգը» այդ կողմի օգտին լուծվի:

 

Ավելի լուրջ` ընտրական պրոցեսները Հայաստանի ներքաղաքական կյանքը հասցրեցին մի վիճակի, երբ երկրում արդեն անշրջելի եւ անվիճելի իրողություն է, որ մեկ կուսակցություն հաստատել է քաղաքական մոնոպոլիա, իսկ քաղաքական մյուս ուժերը գործնականում զրկվել են քաղաքական որոշումներ ընդունելու հնարավորությունից, նույնիսկ քաղաքական մեծամասնության ներկայացրած ծրագրերին այլընտրանքային ծրագրեր այլեւս չեն ներկայացնում: Սա ամենեւին էլ չի նշանակում, թե իշխող քաղաքական ուժը հանրության հարգանքն ու հեղինակությունն է վայելում: Ընդհակառակը` իշխանությունները, գոնե նախագահական ընտրությունների ժամանակ, համոզվեցին, որ, ի դեմս ժողովրդի, կորցրել են իրենց հենարանը:

 

Սա նշանակում է, որ աևտաքին քաղաքական հարաբերություններում Հայաստանը չի կարող ավելի վստահ դիրքերից հանդես գալ: Սրան գումարվում են այլ հանգամանքեր եւս, օրինակ` կարկուտը, որը, ինչպես հավաստիացնում է Հրաչ Բերբերյանը, մոտ 35-40 միլիոն դոլարի վնաս տվեց հայ գյուղացիներին: Սա նշանակում է, որ կառավարությունը ինչ-որ ձեւով պետք է գյուղացիներին աջակցություն ցուցաբերի` գումարային փոխհատուցում, սերմեր, պարարտանյութեր, եւ վնասը վերականգնելու համար այլ միջոցներ հատկացնի: Դեռ մի բան էլ, ինչպես գյուղանախարարը արմավիրցիներին խոստացավ, միջոցներ հայթայթի` նրանց վարկերը փակելու համար:

 

Այսինքն` հսկայական ծախսեր, որոնք պետք է ուղղակի կտրվեն առանց այն էլ «կաղացող» մեր բյուջեից կամ արտասահմանից հայթայթվեն: Առաջին դեպքում նշանակում է էլ ավելի թուլանալ ներսում, երկրորդի դեպքում` էլ ավելի մեծ կախման մեջ ընկնել արտաքին աշխարհից: Այսինքն` դա եւս մեզ միջազգային հարաբերություններում նպաստավոր դիրքերից չի ներկայացնում:

 

Երբ մեր երկրի բարձրաստիճան ղեկավարությունը հայտարարում է, թե արտաքին ճնշումներ Հայաստանի վրա չեն գործադրվում, ճշմարիտ չէ, քանի որ ակնհայտ է, որ Հայաստանին առաջադրված է խիստ լուրջ ընտրություն կատարել` ընտրել Եվրոպակա՞ն, թե՞ Եվրասիական ու մաքսային միության ուղիները: Համենայն դեպս, արդեն բազմաթիվ վերլուծաբաններ, մեկնաբաններ, փորձագետներ են հաստատել, որ գազի թանկացումն էլ էր այս շարքի լծակներից, որ Ռուսաստանը գործադրեց:

 

Հերթական անգամ հայտնվել ենք աշխարհաքաղաքական ալեբախության կենտրոնում. ամեն դեպքում մենք գտնվում ենք մի տարածաշրջանում, որը հետաքրքրություն է ներկայացնում միջազգային հանրության համար, որտեղ երկրների ճակատագրերը գրվում են հենց այս պահին: Նույնիսկ չենք էլ անդրադառնա այն հարցին, թե այժմ ինչ զարգացումներ են ընթանում մեր եւ հարեւան տարածաշրջաններում, որոնք, այսպես, թե այնպես, կապ ունեն մեզ հետ: Ցավոք, ալեբախության կենտրոնում ենք հայտնվել ընտրություններից թուլացած, հիասթափված հասարակությամբ, անմիաբան ներքաղաքական վիճակով, պարտքերով, բազում ու բազմապիսի չլուծված խնդիրներով, առանց հստակ քաղաքական ու արտաքին քաղաքական օրակարգերի, որքան էլ որ ղեկավարները հակառակն են փորձում համոզել:

 

Ավելին` մենք այս տարածաշրջանում դեռեւս չլուծված հակամարտության շահագրգիռ կողմ ենք: Ու որպեսզի արտաքին քաղաքական հարթությունում չլինեն հայկական շահերին հակասող իրողություններ, պետք է ուժեղ լինենք, հասկանանք «բազարի գնալուց առաջ» մեր ներքին խնդիրները, ուժեղ ու թույլ կողմերը ու երբեք մեր ձախողումները անուշադրության չմատնենք, որովհետեւ այդ դեպքում նոր ձախողումները կլինեն անխուսափելի:

 

Ի դեպ, արդեն նկատելի է, որ մեր ռազմավարական գործընկեր Ռուսաստանը, կարծես, մատ է թափ տալիս մեր երկրի վրա: Բացի գազի գնի բարձրացումից, դա զգացվեց նաեւ «Եվրատեսիլ 2013»-ում, որը շատերն են համարում քաղաքական շոու: Այսինքն` եթե հավատում ենք, որ «Եվրատեսիլը» քաղաքական շոու է, ապա այդպիսի նախորդ շոուներում մեզ ավանդաբար բարձր «գնահատած» ռազմավարական գործընկերը այս անգամ չգնահատեց մեզ:

 

Արդյո՞ք Հայաստանը պատրաստ է աշխարհաքաղաքական շահերի բախման կովկասյան ճակատում իրավիճակի փոփոխության, դեպքերի` այլ հունով զարգանալուն եւ իր նոր կարգավիճակին, թե՞ «քուչի կռվում» ծեծելու ենք, բայց «բազարում» հերթական անգամ «բարոյական հաղթանակ» ենք տոնելու…

 

Գեւորգ ԱՎՉՅԱՆ