Փոխարժեքներ
25 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
Ընկերներիցս մեկը մի շուն ուներ, մի իսկական վիթխարի գազան, որին նայելիսզարզանդդ գալիս էր: Այդ շան բնավորությունն արտաքինի ճիշտ հակապատկերն էր, ո´չ հաչալ էր սիրում, ո´չ գռմռալ: Վերջին հաշվով շուն էր և պարտավոր էր իր շնությունն անել: Ամբողջ օրն ընկած էր տիրոջ գոմի դռանը, գոմի եղած չեղածը սրբեիր տանեիր, պետքն էլ չէր: Գլուխը քարը, գոնե մի թույլ հաչար ու տիրոջն իմաց տար, ասեր` «հասիր, այ տնաշեն, խազնեդ կտրեցին, տարան»: Ի՞նչ երկարացնեմ, օրերից մի օր այդ շունը կորավ. թե ընկերս ինչ օյին էր բերել գլխին, այդքան էլ կարևոր չէ: Երբ նրան հարցրի, թե ինչու է վիթխարի, գեղեցիկ շանից ազատվել, զարմանքով ասաց. «Պատկերացրու, որ մի ճարտարապետ կա, նրա բանուգործը շինություններ նախագծելն է, բայց իր գործից հեչ գլուխ չի հանում, հերիք չէ, ամենալավ շանից էլ լավ է հաչում, ի՞նչ ես կարծում, ճակատը պաչելու՞ են, թե՞ գործից ազատեն, դե, ես էլ իմ շանն եմ «գործից ազատել»: Այդ դեպքից հետո երկար տարիներ են անցել, բայց ամեն անգամ, երբ հիշում եմ մեր մշակույթի ոլորտի պատասխանատուների վարած քաղաքականությունը, միանգամից դա եմ մտաբերում: Ի՞նչ խոսք, գուցե լավ մարդիկ են, բայց այս գործն իրենց համար չէ: Տգետ են: Չէ, չեմ վիրավորում, ասում եմ այն, ինչ կա, բացի այդ, տգետ նշանակում է անգետ, չիմացող, ոչ թե, ասենք, հաչացող ճարտարապետ: Ամեն մարդ պետք է անի այն, ինչին ինքն ի պաշտոնե կոչված է և կարողանում է: Ճարտարապետը պետք է անթերի նախագծեր անի, վարորդը պահպանի երթևեկության կանոները, հացթուխըլավ հաց թխի և այլն: Ո՞ւմ է պետք, եթե ձախողված ճարտարապետն արդարանա, թե լավ մածուն է մերում, կարգազանց վարորդը հպարտանա, որ ընտիր խորոված է անում, ամեն անգամ հացը վառող-սևացնող հացթուխն էլ բացատրի, որ մեքենայի շարժիչի յուղերից լավ է հասկանում: Գուցե մածնի, խորովածի ու մեքենայի յուղի շահառուներն ուրախանան դրանից, բայց, ներողություն, մենք ճարտարապետ, վարորդ ու հացթուխ ենք վարձել, և փորձում ենք աշխատել ըստ էության, երբ խորովածի, մածունի ու մեքենայի շարժիչի յուղ փոխողի կարիք զգանք, կդիմենք համապատասխան մարդկանց, ի՞նչ խնդիր կա: Այսօր նույն ծուռ տրամաբանության մեջ է աշխատում նաև ԿԳՄՍ նախարարությունը: Ես իհարկե չգիտեմ այդ չորս տառերից որ մեկի հետ կապ ունի նախարարը, բայց ի պաշտոնե չի աշխատում: Չեմ ժխտում, գուցե նրա ծառայությունների շահառու Լարիսա Մինասյանը շատ էլ գոհ է, բայց մեզ ինչ, մենք նախարա՞ր ենք կարգել, թե՞ Սորոսի հպատակ: Հետն էլ պետությունից աշխատավարձ է ստանում, մոխրագույն կոստյում ու սև ակնոց:
Մարդն ամբողջ օրը խոսում է, փորձում է բարեփոխումներ իրականացնել, բայց միայն տանը, դրսում լռիկ է: Մի հին ժողովրդական առած կա, ասում էդռան շունը հաչան կլինի: Այս մարդն ամեն օր մեկին աշխատանքից ազատում է, մեկին դատի տալիս, մեկին վարկաբեկում, բայց դրսում, Հայաստանի սահմաններից դուրս, ձկան պես համր է: Իսկ դրսում այնքան անելիքներ կան, որ ավելի կարևոր են, քան սեփական երկրում հազար տարվա մասնագետներին աշխատանքից ազատելն ու ծանոթ բարեկամներին այնտեղ տեղավորելը: Շատ հեռու չգնանաք, բոլորովին վերջերս, 2019թ. կեսերին, Ադրբեջանի մշակույթի նախարարությունը Շամախիի հայկական եկեղեցին ներառել է Մշակութային ժառանգության պահպանման, զարագցման և վերականգնման պետական ծառայության ցանկում հայտարարելով, որ եկեղեցին ալբանական է: Բացի այդ, նույն գերատեսչությունը նշված տարվա ընթացքում «հայտնաբերել» է 1700 մշակութային կոթող, որոնց մեծ մասը, տարօրինակորեն «ալբանական» են: Հասկանալի է, չէ՞`ինչ է կատարվում: Նախ սկսենք նրանց, թե արդյո՞ք նախարարությունում տեղյակ են որտեղ է գտնվում Շամախին, և ի՞նչ պետք է մտածել, երբ ադրբեջանցիները որևէ եկեղեցու ալբանական անձնագիր են տալիս: Լուրջ կասկածներ ունեմ, գոնե Շիրվանզադեն օգներ մարդկանց: Եթե դեպքի մասին գիտեն, լսել են, որի շուրջ լուրջ կասկածներ ունեմ, որևէ հակաքայլ արե՞լ են, ՅՈՒՆԵՍԿՕ-ին որևէ դիմում-բողոքագիր ներկայացրե՞լ են, պետական միջոցներով դրսում գոնե որևէ բրոշյուր տպե՞լ են, ներսում գրելով, որ, ախպեր, ադրբեջանցիները ձեզ խաբում են, դա ալբանական չէ, հայկական եկեղեցի է, մերն է: Պնդումներն ավելի հավաստի դարձնելու համար դիմե՞լ են ակադեմիայի պատմության ինստիտուտին, որ օգնեն իրենց, որպեսզի փաստերի քաղցից սովամահ չլինեն: Թե՞ ակադեմիան իրենց հետաքրքրում է միայն որպես ենթադրյալ լուծարվող օբյեկտ, իսկ թշնամու տարածքում գտնվող մեր մշակութային կոթողների համար ժամանակ չունեն: Կամ այսքան ժամանակ փորձե՞լ են երկխոսության մեջ մտնել Թուրքիայի մշակույթի նախարարության հետ, չէ՞ որ այդ երկրում հայկական մշակույթի հազարավոր նմուշներ կան: Վրաստանի մշակույթի նախարարության հետ փորձե՞լ են երկխոսության գալ, և լուծել տեղի հայկական վանքերի ու եկեղեցիների հարցը, որ նրանց վրայի տիպիկ հայկական զարդաքանդակները չքերեն ու ներկայացնեն որպես վրացական եկեղեցիներ: Չի արվել, ոչինչ չի արվել, որովհետև այդ ամենն անելու համար նախ մշակութաստեղծ-մշակութապահպան գաղափար է պետք, որը մեր նախարարը չունի: Միաժամանակ չունի նաև մի այնպիսի խորհրդական, որը նրան կհուշի այդ մասին, բայց ո՞վ է այդ հուշարարը, բոլորն զբաղված են հայագիտությունը քարկոծելով ու չեզոքացնելով, ու՞մ է պետք Շամախիի հայկական եկեղեցին. մեջը փող կա՞: Առաջիկայում էլ այս ուղղությամբ ոչինչ չի ձեռնարկվելու, որովետև ազգային ոգու սնանկություն ապրող իշխանությունները չեն կարող մտածել մշակույթի մասին և քայլեր ձեռնարկել` այն պահպանելու ուղղությամբ:
Այ, դա կլիներ աշխատանք, մեծ, հայրենանվեր գործունեություն և մշակութապահպան քաղաքականություն, իսկ այն, ինչ այսօր անում է Արայիկ Հարությունյանը, մշակութային քյոխվաություն է, ազգային դավաճանություն և անգրագիտության դրսևորում, որ այսօր կա, վաղը չկա: Մարդկանց պաշտոնից ազատելն ու պաշտոնի նշանակելը ոչինչ չի նշանակում, դա մշակույթ չէ, դա կապ չունի մշակույթի հետ, դա անձական շահ է, ոչ ավելին:
Ուղղակի հարց է ծագում, եթե դրսում այդ կարևոր խնդիրները լուծել չգիտեն, տանն աքլորանալու իմաստը ո՞րն է: Էլի մի ժողովրդական առած հիշեցի`գայլի գլխին Ավետարան են կարդում, ասում է` շուտ արեք, հոտը սարն անց կացավ:
Հ.Գ. Իսկ ձեր կազմած Հայ գրականության դասագրքերին ես դեռ կանդրադառնամ:
Գեւորգ ԳՅՈՒԼՈՒՄՅԱՆ
Աղբյուրը՝ Ազգ