Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Վարդան Այգեկցին մի առակ ունի՝ «Այրի կինը եւ իր որդին» վերնագրով:
Մի այրի կին ուներ տաս այծ եւ մի որդի: Ամեն օր որդին այծերը տանում էր արոտ, եւ մայրն ամեն օր մի շերեփ ջուր էր լցնում կաթի մեջ ու փոխ էր տալիս հարեւաններին: Եվ որդին մորն ասաց, թե ինչո՞ւ ես այդպես ջուր լցնում կաթի մեջ ու փոխ տալիս հարեւաններին: Մայրն ասաց.
-Որդի՛, մեր կաթը քիչ է, նրա համար եմ անում, որ մեր կաթը մի քիչ ավելի լինի, որ ձմեռը մեզ թացան լինի:
Իսկ մի օր, երբ որդին այծերն արոտ էր տարել, երկնքում ծնվեց մի փոքր ամպ, անձրեւ եկավ, հեղեղ եղավ եւ այծերը սրբեց լցրեց գետը: Որդին տուն եկավ արեւով ու դատարկ, ձեռքին միայն փայտը:
-Որդի՛, ո՞ւր են այծերը, եւ ինչո՞ւ դու այսօր արեւով եկար:
Որդին ասաց. -Մայրի՛կ, այն մի շերեփ ջուրը, որ խառնում էիր կաթին ու փոխ տալիս հարեւաններին, հավաքվեց, հեղեղ դարձավ ու եկավ մեր այծերը տարավ, լցրեց գետը:
12-րդ դարի այս առակը, կարծես, գրված լինի այսօրվա համար: Ինչպե՞ս կգրեր Վարդան Այգեկցին իր առակն այսօր: Հանավորեն, այսպես.
«Մի երկրում ամեն անգամ ընտրություններ էին լինում, եւ մարդիկ ընտրում էին՝ 5 հազար դրամ կաշառք վերցնելով: Երբ զավակները հարցնում էին ծնողներին` ինչո՞ւ եք ձեր ձայնը վաճառում, պատասխան էին ստանում, թե` զավա'կս, որովհետեւ մենք աղքատ ենք, պետք է վերցնենք, որ սրանով կես պարկ ալյուր գնենք ու ապրենք եւս մեկ շաբաթ:
Մի օր էլ, երբ արդեն 5 հազար դրամը վաղուց ծախսվել էր, ծնողները հոգնած ու անտրամադիր տուն եկան:
- Հայրի'կ, ինչո՞ւ ես տխուր,- հարցրեց որդին:
- Որովհետեւ այն 5 հազար դրամը, որ վերցրեցի` երեք ընտրություն իրար հետեւից, գումարվեցին, եւ թանկացավ գազի գինը, հոսանքի գինը, հացի, կաթնամթերքի ու ամեն ինչի գինը: Գյուղերում էլ մյուս մարդիկ վերցրեցին 5 հազար դրամներ, 80 տոկոս ձայն «խփեց» «թագավորը», իսկ այդ 5 հազար դրամները դարձան կարկուտ, որն էլ խփեց գյուղացու ողջ բերքին: Այսինքն` աշնան էլ ուտելու բան չենք ունենա:
Այդժամ որդին ասաց.
- Հայրի'կ, քո ձայնը վաճառելուց ինչո՞ւ չմտածեցիր, որ իմ ու քո ապագան էլ ես վաճառում, որովհետեւ հաջորդ 5 տարիներին մենք պետք է միշտ սպասենք այդպիսի թանկացումների եւ չկարողանանք խոսել, որովհետեւ մենք արդեն նրանց ճորտն են, մեզ գնել են եւ ինչպես ուզեն՝ կվարվեն, իսկ 5 տարի հետո դու էլի մտածելու ես կես պարկ ալյուրի մասին...
Այդպես էլ պետք է լիներ, ով մարդ, քանզի չես մտածում, որ վիճակը բարելավելու համար ոչ թե պետք է 5 հազար դրամ վերցնել, այլ այնպիսի իշխանություն ձեւավորել, որ այդ 5 հազարը հարյուրապատկվի եւ միանգամայն օրինական ճանապարհով հանձնվի քեզ՝ աշխատավարձի, թոշակի, նպաստի ձեւով»:
Համեմատությունը, կարծում ենք, դաժան էր, բայց տեղին: Գուցե ոմանք մտածեն, թե չարախնդում ենք կատարվածի ու դեռ կատարվելիքի վրա: Բնավ, պարզապես եկեք, ինչպես ասում են, «ծուռ նստենք, դուզ խոսենք»` հարամ բանը չի մարսվում: Վատն այն է, որ այդ հարամություն անողների, փող վերցնող ու քվեարկողների պատճառով պետք է տուժեն նաեւ այն քաղաքացիները, որոնց արդար ձայնը խլացավ մուրացիկ հասարակության 5 հազարների մեջ:
Սեւակ ՀԱԿՈԲՅԱՆ