կարևոր
0 դիտում, 11 տարի առաջ - 2013-05-18 11:51
Հասարակություն

Ընտրաստանի հեքիաթի happy end-ը

Ընտրաստանի հեքիաթի  happy end-ը

Լինում է, չի լինում մի երկիր է լինում, անունը` Ընտրաստանի Հանրապետություն, որի ժողովրդին էլ կոչում են ընտրող: Ընտրաստանի Հանրապետությունը մայրաքաղաք էլ է ունենում, անունը` Ընտրեւան:

 

Այս Ընտրաստանի Հանրապետությունն իր կարգով ու շարքով համարվում է քաղաքակիրթ երկիր, ուր գործում են ժողովրդավարական կարգեր: Այսինքն` Ընտրաստանի Հանրապետությունում իշխանությունը բաժանվում է օրենսդիր, գործադիր ու դատական մարմինների: Երկիրը լինում է կիսանախագահական հանրապետություն. երկրի ղեկավարը նախագահն է լինում, ով նաեւ ձեւավորում է երկրի գործադիր մարմինը:

 

Նախագահը Ընտրաստանի Հանրապետությունում ընտրվում է ժողովրդի կողմից` քվեարկության միջոցով` մեծամասնության սկզբունքով: Երկրի օրենսդիր մարմինն էլ կոչվում է Ընտրաստանի Հանրապետության Երեսփոխանների Ժողով (ԸԺ), որի ներկայացուցիչներն ընտրվում են համամասնական եւ մեծամասնական ընտրակարգերով եւ այլն:

 

Մի խոսքով` ընտրությունները Ընտրաստանի Հանրապետության զարգացման միակ հույսն ու ընտրաստանցիների ամենամեծ գլխացավանքն են լինում… Մի ծեր մարդ է ապրում Ընտրաստանում` պարզ, մաքուր ու շիտակ, իր հալալ քրտինքով ապրող, կյանքում ոչ մի մութ գործ չարած, անունն էլ` Ընտրիչ: Այս Ընտրիչ բիձեն մի շատ կարևոր զբաղմունք է յուրացրած լինում դեռեւս երիտասարդ տարիներից, որն այդ օրերում Ընտրաստանում բավականին մոդայիկ է լինում եւ կոչվում է հարկադիր պարապություն ու գործազրկություն: Այս արդար աշխատանքի արդյունքում է հենց Ընտրիչ բիձեն իր օրվա ապրուստը վաստակում ու իր պառավի հետ յոլա գնում:

 

Հա, մտքներիցս թռավ, Ընտաստանի Հանրապետությունը ազգային դրամ էլ ուներ, որը կոչվում էր «պարտք»: Ու Ընտրիչն իր արդար, բայց չարքաշ ու քրտնաթոր աշխատանքով կարողանում էր իր առօրեական մանր-մունր ծախսերի համար փոքրիկ «պարտքեր» վաստակել: Շատերն էին Ընտրաստանում Ընտրիչ բիձու պես ապրում` Ընտրաստանի վիճակագրական ծառայության պաշտոնական տվյալներով` 35 տոկոսը:

 

Այդ երկրում, իհարկե, լիքը այլ մարդիկ էլ էին ապրում, ովքեր «պարտք» շատ ունեին, ու այս մարդիկ, քանի որ արդեն տեսնում էին, որ մի ահագին «պարտք» են կուտակել, թռնում էին հարեւան էկզոտիկ երկրում, որի անունը Խոպան էր, ապրելու եւ իրենց կուտակած «պարտքերը» հալալ զրոյացնելու:

 

Հա, ուրեմն այնպես է պատահում, որ մեկուկես տարվա մեջ Ընտրաստանը երեք խոշոր ընտրություններ են պատուհասում` խորհրդարանական, նախագահական ու Ընտրեւանի ավագանու ընտրությունները: Ու այս համազգային պատուհասի ժամանակ էլ հենց ամենաշատն է երեւում Ընտրիչ բիձու մասնագիտության անհրաժեշտությունը: Որովհետեւ ընտրությունների ժամանակ, օգտվելով այն առիթից, որ ընտրաստանցիները իրենց համեստ կյանքով այնքան էլ շատ «պարտք» չունեին եւ անընդհատ նորանոր «պարտքերի» կարիք էին զգում, սկսում են ընտրությունների ժամանակ իրենց օգտին քվեներ հավաքելու համար ընտրեւանցիների գլուխները «քոլոզել» ու, մի 5000 կամ 10000 «պարտք» տալով, առնել ընտրեւանցիների քվեները:

 

Մի խոսքով` այն էինք ասում, որ այդ վերջին մեկուկես տարվա ընթացքում անցկացված բոլոր տեսակի ընտրությունների ժամանակ Ընտրեւանում փողը` «պարտքը», առվի պես հոսում է: Ընտրեւանցիները սկսում են ուրախանալ, աշխուժանալ, իրենց մեծ «պարտքերի» տեր զգալ ստացած կաշառքով, մի օր կուշտ ուտել ու խմել: Բոլորը, որ ասում ենք, քեռի Թորոսին նկատի չունենք: Նա ոչ մեկից ոչ մի «պարտք» էլ չի վերցնում` ասում է` անաշխատ «պարտքերն» ընտրող ազգին վայել չեն ու ուրիշի տված «պարտքը»` էն էլ կաշառքի տեսքով, մենակ թակարդում է լինում ու միշտ հասնում է երկրորդ մկանը…

 

Մի խոսքով` Ընտրիչ բիձան արդեն սովորած է լինում, որ ինքը օրական պետք է 2000 «պարտք» փող աշխատի, դրանով մուծի գազի, լույսի, կոմունալ վարձերը, ու դեռ իր ու իր պառավի համար էլ մի կտոր ուտելու բան առնի: Ընտրությունների պատուհասի ավարտից հետո մի օր Ընտրիչն իր սովորական 2000 «պարտքը» ձեռքին մտնում է ծանոթ խանութ` իր սովորական գնումներն անելու: Ու մեկ էլ` ո~վ զարմանք, իր ունեցած «պարտքով» ինքն արդեն մի կուշտ փորով ուտելու հաց էլ չի առնի…

 

Սկսեց մտածել Ընտրիչ բիձեն` իր մասնագիտության` պարապության համաձայն, սկսեց հաշվարկներ անել, թե ինչու այդպես պատահեց ու հասկացավ. Ընտրող ազգին պատուհասած աղետի` ընտրությունների ժամանակ իրենց երկրում իշխանական մոնոպոլիա էր առաջացել` իշխող կուսակցությունը` Ընտրաստանի Ընտրյալների Կուսակցությունը (կարճ` ԸԸԿ) Երեսփոխանների ժողովի ընտրություններում կաշառքով մեկ ձայնի համար տրված 5000-10000 «պարտք» գումարի շնորհիվ 664 հազար 266 ընտրողների ձայներ էր հավաքել` անունն էլ դրել «վստահության քվե»:

 

Նախագահական ընտրությունների ժամանակ Ընտրաստանի Հանրապետության նախագահ էր ընտրվել ԸԸԿ առաջնորդը, ով նույն ընտրական տեխնոլոգիաների շնորհիվ հավաքել էր 861 հազար 155 «վստահության քվե»: Ընտրեւանի ավագանու ընտրություններում էլ ԸԸԿ-ն ստացել էր 235 հազար 515 ձայն: Ու սկսեց հաշվել Ընտրիչը` այդ երեք ընտրությունների արդյունքները հանրագումարի բերեց ու ստացավ, որ մեկ տարվա ընթացքում ԸԸԿ-ի օգտին Ընտրեւանի ընտրող ազգը քվեարկել է 1 միլիոն 760 հազար 936 անգամ:

 

Այս թիվն Ընտրիչ բիձեն ստացավ` առանց հաշվելու, որ ԵԺ ընտրությունների ժամանակ մեծամասնական ընտրակարգով երեսփոխան էին ընտրվել 28 ԸԸԿ-ական պատգամավորներ` բոլորը միասին ստանալով 599 հազար 121 քվե` այսինքն` նույնպես ընտրապարտք տալով:

 

Մի խոսքով` Ընտրիչ բիձեն` չոբան-հաշվարկով, քանի որ մի երկու իր նման մտածողի էլ էր ճանաչում, ընդունեց, թե թող ԸԸԿ-ի` բոլոր ընտրություններին միասին վերցրած ձայների ընդամենը կեսին ԸԸԿ-ն «քեշ» «պարտքով» գնած լիներ, մնացած կեսը արդար ընտրած լինեին: Հետո մտածեց, որ չափազանցնում է ԸԸԿ-ի հնարավորությունները, որ եթե 90 տոկոս կաշառքի մասին էլ չմտածի, ապա գոնե 70 տոկոսի վրա պետք է կանգ առնի, բայց իր հաշվարկի թվերը թողեց նույնը, այսինքն` 885 հազար ձայն` ընտրող ազգից:

 

Հետո Ընտրիչ բիձեն հիշեց, թե երեք ընտրություններում որքան «պարտք» էին տալիս մեկ քվեի համար ու ընդունեց միջինը 10 հազար «պարտք» գումարը: Այդ թվերը բազմապատկեց իրար ու հասկացավ, որ ԸԸԿ-ն նվազագույնը ծախսել է 8 միլիարդ 850 միլիոն պարտք, կամ մոտ 21 միլիոն 275 հազար խոպանի փող, որի անունը դոլար էր: Սա, չհաշված նախընտրական հիմնադրամների գումարները, վառելիքի, ճանապարհածախսերը, «հաց ուտելու» ծախսերը, շտաբային աշխատողների աշխատավարձերը, թիմի վարչա-գրասենյակային ծախսերը, ծառայություններից օգտվելու ծախսերը եւ այլն, եւ այլն:

 

Հետո Ընտրիչը հիշեց, որ իրենց Ընտրաստանի նախագահը ամսական մոտ 700 հազար «պարտք» ռոճիկ է ստանում: Այսինքն` իր ամբողջ պաշտոնավարման ժամկետում` 5 տարում, 42 միլիոն «պարտք» փող: Իսկ երկրի բոլոր` 131 երեսփոխանները միասին իրենց պաշտոնավարման ամբողջ ընթացքում` 2 միլիարդ 358 միլիոն «պարտք» աշխատավարձ: Ու տեսնում է Ընտրիչ բիձեն, որ եթե նույնիսկ սրանց գումարի Ընտրեւանի ավագանու անդամների աշխատավարձերն էլ հետը, մեկ է` կաշառքի համար ծախսված գումարի կեսն էլ չեն ստանում:

 

Ու սկսում է մտածել Ընտրիչ բիձեն` որտեղի՞ց պետք է այդ երեսփոխանները, ավագանին, նախագահը իրենց ծախսած պարտքերը փակեն, եթե օրենքով էլ բիզնես-միզնես անելու իրավունք չունեն: Եվ անմիջապես էլ հասկանում է ծեր Ընտրիչը, որ Ընտրաստանի ժողովուրդը` ընտրողների ազգը, երբ վերցնում էր 5 կամ 10 հազար «պարտք» ընտրակաշառքները, հաստատ չէր մտածում, որ ընտրություններից անմիջապես հետո իշխող ԸԸԿ-ականները պետք է ձեռնամուխ լինեն իրենց ցրիվ տված «պարտքեր» հետ ստանալուն:

 

Ընտրող ազգի ներկայացուցիչները,- հասկացավ ծերունի Ընտրիչը,- հաստատ չէին մտածել, որ երբ այդ չնչին «պարտքերով» իրենց հինգ տարին վաճառում են, ապա ընտրություն կոչվող պատուհասից անմիջապես հետո գազը, լույսը, ջուրը, հացը, կաթը, ամեն ինչը կթանկանա: Ու կստացվի այնպես, որ իշխողները մի 2-3 ամսում իրենց բաժանած «պարտքերն» ամբողջությամբ կվերադարձնեն, իսկ մնացած 4.5 տարին էլ ընտրողների ազգի կաշին կքերեն…

 

Սկսեց դժգոհել, բողոքել Ընտրաստանում բնակվող ընտրող կոչվող ազգը, բայց արդեն ուշ էր, երկնքից էլ ոչ թե երեք խնձոր, այլ եռակի հոգս, ցավ ու դարդ ընկավ: Ընտրաստանն էլ սկսեց «դանդաղ շտապելով» դատարկվել…

 

Գեւորգ ԱՎՉՅԱՆ

 

Ծաղրանկարը` Վիկտոր Դիդյուկինի