Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
ԱԺ ՀՀԿ խմբակցության ղեկավար, ՀՀԿ փոխնախագահ Գալուստ Սահակյանը Գորիսում հնչած կրակոցներից հետո Սյունիքի մարզպետ Սուրեն Խաչատրյանի հետ չի զրուցել` նպատակահարմար չի համարում: Այս մասին նա հայտնեց Yerkir.am-ի հետ զրույցում:
ՀՀԿ փոխնախագահը կատարվածից տեղյակ է այնքանով, որքանով որ գրվել է մամուլում: «Ժամանակից առաջ չընկնենք, եթե դեպք է պատահել, կարծում եմ` լավ չէ, որ հետաքննության ընթացքում գնահատականներ տանք կամ փորձենք ինչ-որ բան մեր վերլուծականով ներկայացնել»,- հայտարարեց Սահակյանը:
Հարցին` մարզպետի մասնակցությունն այս դեպքերին տեսնո՞ւմ է, թե՞ ոչ, Սահակյանը պատասխանեց, որ «որեւէ բան ուղիղ կապով հիմա չգիտի», սակայն նաեւ հայտարարեց, որ եթե մարդը հանցանք է կատարում, բնականաբար, պետք է պատժվի: Իսկ կպատժվի՞ Սուրեն Խաչատրյանը, թե՞ ոչ, Գալուստ Սահակյանն այդպես էլ չհստակեցրեց:
ՀՀԿ փոխնախագահը կասկածի տակ է առնում մամուլում եղած հրապարակումները: Նա դեպքի կապակցությամբ հայտնեց իր սուբյեկտիվ կարծիքը. «Ինձանից սկսած` ցանկացած մարդ, ով հանցանք կկատարի, պետք է ադեկվատ պատիժ ստանա»:
Դիտարկմանը, թե ակնհայտ է, որ Սուրեն Խաչատրյանի մասնակցությամբ խնջույքից հետո է նման դեպք պատահել, մարզպետի մասնակցությունն ակնհայտ է, ՀՀԿ փոխնախագահը հայտարարեց. «Ինչ-որ հեքիաթի տեսքով եք պատմում, որովհետեւ ուղիղ` որեւէ մեկս տեղեկություն չունենք»:
Սահակյանը տեղեկացրեց, որ ՀՀ նախագահն ավելի խորությամբ է տեղեկացված խնդրին` «զեկուցած կլինեն»:
Ի դեպ, ըստ ՀՀԿ փոխնախագահի, այսօր ՀՀԿ ԳՄ արտահերթ նիստ չի նախատեսվում, այն տեղի կունենա ինչպես միշտ` հինգշաբթի օրը: