Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
Ազատության հրապարակում դեռևս շարունակվում է ազատամարտիկների բողոքի ակցիան. նրանք կառավարությունից պահանջում են վերանայել մարտական գործողությունների մասնակիցների սոցիալական երաշխիքները, զինծառայողների կենսաթոշակի հաշվարկման կարգը և այլն: Ազատամարտիկները չեն ընկրկում անգամ իշխանության և դրան մերձ գտնվող գեներալիտետի կողմից գործադրվող ուժեղ ու երբեմն ցինիզմի հասնող հոգեբանական ճնշումների առջև:
Երկու օր առաջ տեղացած կարկուտի պատճառով գրեթե ողջ բերքը կորցրած` Արարատյան դաշտավայրի տասնյակ գյուղերի բնակիչներ կազմակերպված փակել էին Երևան-Արմավիր մայրուղին, Արմավիր-Մարգարա և միջհամայնքային մի քանի ճանապարհներ: Նրանք պահանջում էին փոխհատուցել կրած լրջագույն վնասները կամ միջոցներ ձեռնարկել բանկերից վերցված վարկերի վերադարձն առժամանակ սառեցնելու ուղղությամբ: Չնայած գյուղատնտեսության նախարարի և Արմավիրի մարզպետի` գյուղացիների հետ հանդիպմանը` մասնավորապես, Մրգաշատ գյուղի բնակիչները չեն դադարեցնում բողոքի ակցիաները, որոնք այսօր արդեն հանգեցրել էին ոստիկանության հետ բախումների և ծեծկռտուքի:
Ահա այս ամենի ֆոնին երեկ հայտնի դարձավ, որ «Հայռուսգազարդ» ընկերությունը դիմել է Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովին` առաջարկելով սովորական սպառողներին մատակարարվող գազի մեկ խմ գինը 132-ից հասցնել 221 դրամի, այսինքն` սակագինը բարձրացնել մոտ 64 տոկոսով: Դրա հաջորդ օրը հայտնի դարձավ, որ նախաձեռնություն է ցուցաբերվել գազի կտրուկ թանկացման դեմ մայիսի 16-ին կառավարության շենքի դիմաց անցկացնել բողոքի ակցիա: Նախաձեռնողները հանրությանն ուղղված իրենց կոչում մասնավորապես նշել են. «Սա նշանակում է, որ հանձնաժողովի դրական պատասխանի դեպքում Հայաստանում ամեն ինչ կթանկանա՝ հաց-հացամթերք, տրանսպորտ, էլեկտրաէներգիան, առաջին անհրաժեշտության ապրանքներ, սնունդ և այլն: Սա այն պահն է, որ բոլորս համախմբված պետք է դուրս գանք փողոց ու պաշտպանենք մեր իրավունքները: Հայ մարդ արթնացի՜ր ու դուրս արի փողոց»: Թե ովքեր են ակցիայի նախաձեռնողները, այնքան էլ պարզ չէ: Փաստն այն է, սակայն, որ հասարակական շրջանակները դրան արձագանքեցին անսովոր արագ: Նույնը տեղի ուենցավ նաև կարկուտից տուժած գուղացիների պարագայում: Մարդիկ դուրս են գալիս փողոց` առանց պետական իշխանության մարմիններից որևէ բացատրություն պահանջելու վրա ավելորդ ժամանակ ծախսելու:
Լոկալ բնույթ կրող այս բողոքի դրսևորումները պարզորոշ ուրվագծում են, որ Հայաստանում տեղի է ունենում իրավիճակի հստակ փոփոխություն. ընտրություններով պայմանավորված քաղաքական պրոցեսները, ակնկալիքները տրանսֆորմացվում են սոցիալականի: Քաղաքական իրավունքների պաշտպանության համատեքստում հասարակությանը կոնսոլիդացնել չհաջողվեց: Հիմա այդ նույն հասարակությունը գնում է ինքնամոբիլիզացմանարդեն սոցիալական ենթահողի վրա, և դա տեղի է ունենում բացառապես այն պատճառով, որ մարդիկ այլընտրանք չեն տեսնում և պետության ու իշխանության հետ ընդհանրապես որևէ հույս չեն կապում:
Հայաստանում սոցիալական պայթյուն է հասունանում, և սա այն դեպքը չէ, որ հնարավոր լինի մարդկանց կանգնեցնել ավանդական մեթոդներով` ընտրակաշառքով, ահաբեկմամբ, «խաթրով» և այլն: Որովհետև խնդիրն ուղղակիորեն առնչվում է հասարակության մեծամասնության օրվա հացին, ընտանիքի տարրական սոցիալ-կենցաղային պահանջները բավարարելուն, աղքատներից չքավորների վերածվելու հեռանկարին:
Իշխանությունը, սակայն, այս ամենում առայժմ, կարծես, առանձնապես մեծ վտանգ չի տեսնում: Կարկուտի հասցրած աղետից օրեր են անցել, սակայն կառավարությունը դեռևս անելանելիության մեջ հայտնված գյուղացիներին ոչինչ չունի ասելու: Գազի գնի բարձրացման քաղաքական որոշումը կայացվել էր փաստացի դեռ մեկ տարի առաջ, սակայն «Հայռուսգազարդը» այդ մտադրության մասին միանգամից, շատերի համար անակնկալ հայտնում է միայն հիմա, երբ ետևում են մնացել ընտրական գործընթացները, և խնդիրն այլևս չի կարող խանգարել իշխանության վերարտադրության ապահովմանը: Այս հարցը դարձվել էր քաղաքական սպեկուլյացիայի առարկա, ինչը նշանակում է, որ գոնե այս մասով իշխանությունը անազնիվ է գտնվել սեփական հասարակության ու ժողովրդի հանդեպ և նրան կանգնեցնում է կատարված փաստի առջև:
Որևէ մեկը չի վիճարկում, որ գազի սակագնի որոշման մեջ Հայաստանի մասնաբաժինը չափազանց փոքր է, և կառավարությունն օբյեկտիվորեն ի վիճակի չէ կասեցնելու այն: Խնդիրը ոչ թե դրա մեջ է, այլ այն հանգստության ու ինքնավստահության, որով կառավարությունը փաստացի բացահայտում է սեփական ժողովրդին առ այսօր խաբելու, մոլորության մեջ պահելու իրողությունը: Նման բան իրեն կարող թույլ տալ միայն անհաշվետու ու հասարակական վերահսկողությունից իրեն կատարելապես ապահովագրված համարող գործադիր իշխանությունը: Նման պահվածքը պայմանավորված է երկու գործոնով:
Առաջին` սոցիալական բովանդակություն ունեցող բողոքի ակցիաներն առայժմ ընթանում են իրարից անջատ, ինքնաբերաբար: Դրանք ընկալվում են որպես առանձին խմբերի կողմից պահի ու զգացմունքների ազդեցության տակ արվող քայլեր: Դրա համար էլ իշխանությունն առայժմ կարողանում է ոստիկականան փոքրիկ ջոկատներով հատիկ-հատիկ ջարդել այս շրջանակների ողնաշարը: Սրանք «որբ» ակցիաներ են, որովհետև զուրկ են քաղաքական ու քաղաքացիական աջակցությունից, չեն բարձրացվում քաղաքական պահանջների մակարդակի: Այդ ակցիաների թիկունքում քաղաքական ուժեր չկան. որքան իշխանությունն է մեջքով շրջված եղել հասարակական իրական հիմնահարցերից, նույնքան էլ` քաղաքական ուժերի ճնշող մեծամասնությունը: Տեղական բնույթի այս ակցիաները կարող են շարժման վերածվել միայն փոխադարձ շահերի ընդհանուր առանցքը բացահայտելու և այն պաշտպանելու հարցում համախմբվածություն ապահովելու պարագայում, ինչը քաղաքական ուժերի խնդիրն է:
Երկրորդ` իշխանությունը երբեք հասարակությանը լուրջ չի վերաբերվել: Հնարավոր չէ լուրջ վերաբերվել մի հասարակության, որին հետևողականորեն բարոյալքում ես` մուրացիկ-կաշառակեր, լյումպեն դարձնելով, որն, ինքնահարգանքը կորցրած, կարող է սովահար զոմբիների նման հարձակվել եկեղեցու բակում բացված սեղանների վրա:
Այս իմաստով գազի գնի բարձրացման շուրջ սկսվող պրոցեսը, ըստ էության, ջրբաժանային նշանակություն ունի: Փաստացի այս կետում է որոշվելու` մնացե՞լ է, արդյոք, այս հասարակության մոտ դիմադրության, սեփական իրավունքների պաշտպանության, իշխանության հանդեպ պահանջատեր լինելու բավարար ռեսուրս, ունակություն ու ցանկություն` անգամ այն դեպքում, երբ դանակը հասնում է ոսկորին, թե՞ ոչ: Մյուս կողմից` այստեղ է որոշվելու կկարողանա՞ն գիտակցել քաղաքական ուժերը հասարակությանն առաջնորդելու պահի լրջությունը, թե՞ կշարունակեն տապակվել սեփական չբավարարված հավակնությունների թավայում:
Գևորգ ԱՂԱԲԱԲՅԱՆ