Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
Կենսաթոշակային նոր համակարգի պարտադիր կուտակային բաղադրիչի ներդրման դեմ սկսված քաղաքացիական բողոքի ակցիաներն աստիճանաբար վերածվում են հասարակական-քաղաքական շարժման, ինչն աննախադեպ է 2012թ. խորհրդարանական ընտրություններից հետո ընկած ժամանակահատվածի կտրվածքով: Այս գործընթացը պարունակում է լիցքեր, որոնք ոչ միայն կարող են բերել քաղաքական համակարգի ռեաբիլիտացման, այլև հասարակական մոբիլիզացիայի: Դրան նպաստում է երեք կարևորագույն գործոն: Նախ` նախաձեռնությունը գալիս է ոչ թե քաղաքական ուժերից, որոնք ճիգեր են գործադրում` դուրս գալու մարգինալ վիճակից, այլ հասարակությունից կամ, որ ավելի կարևոր է, դրա հիմնական շարժիչը հանդիսացող հատվածից` գիտակից, ինտելեկտուալ, հավասարակշռված երիտասարդությունից, և հիմնված է ոչ թե քաղաքական, այլ հասարակական շահերի վրա: Հետաքրքրական է, որ կուտակային բաղադրիչի դեմ պայքարի մեջ ներգրավված է երիտասարդության այն հատվածը, որին որևէ մեկը և առաջին հերթին իշխանությունը չի կարող մեղադրել գրանտակերության մեջ, և որը հեռու է պրովոկացիոն գործելակերպից, ինչը հատուկ է այս շրջանում տարբեր նախաձեռնությունների մեջ ներգրավված և ինչ-որ չափով երես առած որոշ երիտասարդների: Սա այն հատվածն է, որը բարիք է ստեղծում երկրի համար, որը միջին խավի պոտենցիալ անդամ է և որն իր մեջ բավարար համարձակություն ու կամք է գտնում խնդիրների լուծումը տեսնելու պայքարի, այլ ոչ թե սուսուփուս երկրից հեռանալու մեջ: Ցանկացած քաղաքական ուժի համար սա մեծագույն հարստություն է, և պատահական չէ խորհրդարանական ուժերի հետաքրքությունը թե' պայքարում ներգրավված երիտասարդների և թե' նրանց համախմբված և աննահանջ գործողությունների նկատմամբ:
Երկրորդ` պահանջի հիմքը, ըստ էության, սոցիալ-իրավական է: Չնայած առարկան կենսաթոշակային համակարգի ընդամենը մեկ բաղադրիչն է, սակայն նշանակությամբ և ուղղվածությամբ այս պայքարը ներառում է նաև սոցիալական բոլոր այն խնդիրները, որոնց շահառու խմբերը առանձին-առանձին դուրս են գալիս ակցիաների: Ըստ էության` այս պայքարի առանցքը կազմում է կառավարության նկատմամբ անվստահությունը, ընդհանուր բարեկեցության ապահովման պահանջը և իշխանություն-հասարակություն հարաբերություններում անկեղծության և ազնվության բացակայությունը, որը տարբեր ձևակերպումներով ընկած է նաև մյուս շրջանակների պայքարի հիմքում: Հենց սա է պատճառը, որ կուտակային բաղադրիչի դեմ սկսված, չափազանց գրագետ կազմակերպվող գործընթացը մյուս քաղաքացիական նախաձեռնություններին կլանելու լուրջ պոտենցիալ ունի: Դրա առաջին նշաններն արդեն երևում են: Նախորդ օրը արդեն տևական ժամանակ իրենց սոցիալական խնդիրների լուծման պահանջով փողոց դուրս եկած ազատամարտիկների խմբերը միացան Ազգային ժողովի մոտ ակցիա իրականացնող «Դեմ եմ» նախաձեռնությանը, դրան միանալու առաջին վախվորած քայլերն է անում Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակը:
Միակ գործոնը, որն առայժմ խանգարում է կլանման պրոցեսի ծավալմանը և ձնագնդի էֆեկտի ստեղծմանը, ընդհանուր, բոլորի շահերն իր մեջ ամփոփող բանաձևի և օրակարգի բացակայությունն է: Բայց սա արդեն այն գործառույթն է, որը ոչ թե քաղաքացիական նախաձեռնությունների դաշտում է գտնվում, այլ` քաղաքական ուժերի:
Երրորդ` խորհրդարանական ընդդիմության համար պարտադիր կուտակային համակարգի դեմ քաղաքացիական պայքարը ոչ միայն ինքնաիրացման, այլ նաև որոշակի իմաստով հանգրվանային համագործակցության ամուր պլատֆորմ է ստեղծում: Այդ ամրության հիմնական գրավականն այն է, որ դուրս է քաղաքական նեղ ամբիցիաների և փոխադարձ վստահության տիրույթից: Ստեղծվել է աննախադեպ այնպիսի իրավիճակ, երբ ընդդիմադիր քաղաքական ուժերը ստիպված են կառչել քաղաքացիական այդ պայքարից` մարգինալ դաշտից դուրս գալու համար, որոնց ընդամենը պատվիրակվում է այդ պայքարին քաղաքական բովանդակություն հաղորդել և դրանով իսկ առաջնորդել: Ամենակարևորն այն է, որ այդ ուժերը, կարծես, կարողանում են համաձայնեցված և պլանավորված գործողությունների դիմել, այսինքն` համատեղել ուժերը` շարունակելով մնալ խիստ տարբեր ու նույնիսկ հակադիր: Արդեն ուրվագծվում է կոնկրետ երկարատև գործընթաց, որը բնույթով արդեն լինելու է քաղաքական: Պատգամավորների 1/3-ի նախաձեռնությամբ կուտակայինի ներդրումը մեկ տարով հետաձգելու մասին օրինագիծը ԱԺ-ում, ի հեճուկս քաղաքական մեծամասնության, քննարկելուն հասնելը դրա առաջին քայլն էր: Երկրորդը լինելու է Սահմանադրական դատարանում այն վիճարկելը: Խորհդարանական ընդդիմությունը նախկինում ևս ունեցել է այս գործընթացն անցնելու օրինակներ, ինչպես Ընտրական օրենսգրքում փոփոխություններ կատարելու նախաձեռնությունն էր: Սակայն դրանք շարունակություն և ընթացք չեն ունեցել այն պատճառով, որ հիմնված էին միայն իրենց շահերի վրա և դրանց ներքո հասարակությունն ինքն իրեն չէր տեսնում: Իսկ այս դեպքում հենց հասարակության կենսական շահն է գործընթացի առանցքը, հասարակությունն ինքն է մոբիլիզացվում, ինքն է խնդիրներ ձևակերպում, ինչը պարզապես զրկում է քաղաքական ուժերին դիտորդի կարգավիճակ որդեգրելուց: Պատահական չէ, որ թե' ՀՅԴ-ն, թե' «Ժառանգությունը» և թե' ՀԱԿ-ն արդեն իսկ առաջ են քաշում քաղաքական, բայց սահմանադրական պայքարի և այն կոնկրետ նպատակային գործողություններով զարգացնելու մեխանիզմները: Որպես այդպիսիք` նշվում են, մասնավորապես, նաև ՍԴ-ի լրիվ կանխատեսելի մերժողական որոշումն ստանալուց հետո համահանրապետական գործադուլ սկսելու, ապա և հանրահավաքային շարժում ծավալելու մեթոդները: Որքանով դրանք արդյունավետ կլինեն, հիմա դժվար է կանխատեսել: Սակայն արդեն այսօր կարելի է արձանագրել, որ հասարակությանից իշխանության շարունակական օտարման և դրա ամենացինիկ դրսևորումների ֆոնին Հայաստանում, առայժմ ընդամենը սաղմնային մակարդակով, սկսել է նոր բովանդակությամբ քաղաքական գործընթաց հասունանալ, որը կարող է սոցիալական պայթյունի հանգեցնել: Քաղաքական անապատում դրա միրաժն է ուրվագծվում: Եթե ընդդիմությունն հերթական անգամ կամովին բաց թողնի այս շանսը, կարող հայտնվել այնպիսի անդունդում, որտեղից այլևս ելք չկա:
Գևորգ ԱՂԱԲԱԲՅԱՆ