կարևոր
0 դիտում, 3 տարի առաջ - 2020-12-08 11:26
Քաղաքական

Սոցիալական պետության սոցիալական անտարբերությունը

Սոցիալական պետության սոցիալական անտարբերությունը

Ադրբեջանի կողմից սեպտեմբերի 27-ին սանձազերծված պատերազմի հետևանքով Արցախից մեր հազարավոր հայրենակիցներ եկան մայր հայրենիք: Ի դեպ պաշտոնական որևէ աղբյուրում առ այսօր ՀՀ-ում ապաստանած մեր հայրենակիցների թվի մասին որևէ ստույգ, պաշտոնական տեղեկատվություն չկա: Ըստ ոչ պաշտոնական, սակայն հավաստի տեղեկությունների՝ նրանց թիվը մինչև պատերազմի ավարտը կազմել է մոտավորապես  90000, որոնցից մոտ 20000-ը պատերազմի ավարտից հետո վերադարձել են Արցախ:

Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 1-ին հոդվածն ազդարարում է ՀՀ-ի  ինքնիշխան, ժողովրդավարական, սոցիալական, իրավական պետություն լինելու մասին: Այժմ՝ սոցիալական կողմի մասին: Աներկբա է, որ  ի թիվս այլնի սոցիալական պետության առաջնային գործառույթներից է անհրաժեշտության դեպքում բնակչության համապատասխան սոցիալական խնդիրների լուծումը կամ առնվազն տվյալ պահին սոցիալական խնդիրների հստակ ձևակերպումը դրանց գործնական լուծման կամ լուծման անհրաժեշտ ուղիների որոնման համար: Պատերազմի ողջ ընթացքում հազարավոր մեր քաղաքացիների սոցիալական բազմապիսի խնդիրների լուծման՝ սոցիալական պետության պարտականությունը ստանձնել էին առանձին անհատներ կամ կազմակերպություններ՝ հոգալով բոլոր կարիքները՝ սկսած առօրյա սննդից մինչև կեցության, բուժման և դեղորայքի ծախսերը: Արդյո՞ք սա նշանակում է, որ «Սոցիալական պետության» հայեցակարգը դինամիկ այնպիսի զարգացում է ապրել, որ իր հիմնական գործառույթներից մեկի կատարումը վերապահել է այլ սուբյեկտների: Վստահորեն, դա տեղի չի ունեցել և սոցիալական պետության հայեցակարգը շարունակում է  ենթադրել պետության անմիջական հոգածությունը բնակչության սոցիալապես խոցելի խմբերի  նկատմամբ: Ստեղծված իրավիճակում սա ամենևին չի հանգում բոլորի համար հավասար հնարավորու­թյուն­ներ ապահովելու սկզբունքի վրա հիմնված համընդհանուր բարեկեցության ապա­հով­ման հայեցակարգին, որի օբյեկտը ողջ հասարակությունն է: Այդուհանդերձ, ակա­նա­տես եղանք այլ իրականության: ՀՀ օրենսդրական դաշտում մինչև պատերազմի ավարտը չհայտնվեց որևէ իրավական ակտ, որը որևէ սոցիալական աջակցություն էր նախատեսում Արցախից եկած մեր հայրենակիցների համար: Սա ինչ է, եթե ոչ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՊԵՏՈՒԹՅԱՆ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԱՆՏԱՐԲԵՐՈՒԹՅՈՒՆ: Համընդ­հա­նուր անտարբերությունից խուսափումը հնարավոր դարձավ միայն առանձին մար­դա­սի­րական և բարեգործական աջակցությունների շնորհիվ, ինչը մեղմ ասած անըն­դու­նե­լի է սոցիալական, ինչպես նաև իրավական պետության դեպքում, որտեղ կան ձևա­վոր­ված իրավական մշակույթ, զարգացում ապրած օրենսդրական դաշտ, տարաբնույթ խնդիրների լուծման փորձարկում անցած իրավական գործիքակազմեր: Այս պայ­ման­նե­րում թշնամու գնդակից իր երեխային ոտաբոբիկ փախցրած մարդը (իրավիճակի ականատեսն անձամբ եմ եղել) փաստորեն, սոցիալական անտարբերությունից բացի, կառերեսվեր նաև բարոյական, մարդկային լիակատար անտարբերության հետ, եթե չլիներ ՀԱՅԻ՝ ՀԱՅԻՆ ՍԱՏԱՐՈՂ ՏԵՍԱԿԸ: Պատերազմի ավարտից բավական հե­տո միայն, պետությունը հիշեց իր սոցիալական գործառույթից բխող որոշ պար­տա­կանությունների կատարման ուղղությամբ քայլեր ձեռնարկելու մասին, այն էլ՝ մասնակի: Արդյունքում այդ ուղղությամբ կատարված առաջին գործնական քայլը եղավ՝ ՀՀ կառավարության 2020 թվականի նոյեմբերի 21-ի N 1820-Լ որոշման ընդունումը, որով միանվագ  300 000 դրամ  սոցիալական աջակցություն սահմանվեց Ադրբեջանի Հանրապետության վերահսկողության տակ անցած համայնքներում հաշվառված քաղաքացիների համար: Այնուհետև հաջորդեցին ՀՀ կառավարության 2020 թվականի նոյեմբերի 27-ի N 1891-Լ որոշումը, որով կարգավորվում են Ադրբեջանի վերահսկողության տակ անցած համայնքներում հաշվառված և փաստացի Հայաս­տանի Հանրապետությունում կամ Արցախում գտնվող Արցախի քաղաքացիներին միանվագ դրամական օգնություն տրամադրելու (նշանակելու և վճարելու) հետ կապված հարաբերությունները, ապա ՀՀ կառավարության  2020 թվականի  դեկտեմբերի 3-ի N 1924-Լ որոշումը, որով նախատեսվեց  սոցիալական աջակցություն տրամադրել պատերազմական գործողությունների հետևանքով քաղա­քա­ցիական անձանց շրջանում զոհերի ընտանիքներին և հաշմանդամություն ձեռք բերած անձանց։ Սույն թվականի դեկտեմբերի 4-ին շրջանառության մեջ է դրվել «Ադրբեջանի սանձազերծած պատերազմի հետևանքով հաշմանդամություն ձեռք բե­րած անձանց իրավունքների պաշտպանության և սոցիալական ներառման միջո­ցա­ռումների ծրագիրը և ծրագրի իրականացման ժամանակացույ­ցը հաստա­տե­լու  մասին» ՀՀ կառավարության որոշ­ման նախագիծը:  Վկայակոչված իրավական ակտերը և նախագիծը թերևս  կարելի է բնորոշել որպես դրսևորած անտար­բե­րու­թյան, անգործության  համար  մեղքերի ուշացած թողություն: Երևի  Կառավա­րու­թյանն առջնորդողը եղել է «ԼԱՎ Է ՈՒՇ, ՔԱՆ ԵՐԲԵՔ» սկզբունքը, որը, մեղմ ասած, բարոյական չէ:  ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության պաշտոնական կայքէջից տեղեկանում ենք, որ նախատեսվում է ևս մեկ ուշացած սոցիալական աջակություն տրամադրել, որի շահառու կարող են դառնալ Հայաստանի և Արցախի այն քաղաքացիները, որոնք սեփականության իրավունքով իրենց պատկանող տանը 2020 թվականի դեկտեմբեր, 2021 թվականի հունվար-մայիս ամիսներին կհյուրընկալեն Արցախի վերահսկողությունից դուրս մնացած համայնքներում հաշվառված և առնվազն 3 ամիս այդ համայնքներում փաստացի բնակված քաղաքացիներին: Փաստորեն մինչ այս մեր հայրենակիցներին կեցությամբ ապահովելը, նրանց առօրյա սննդի և այլ կարիքներն հոգալը սոցիալական պետության կողմից պատվիրակված իրավազորություն և իմպերատիվ պարտականություն էր: Այդ դեպքում ո՞րն էր աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության, վերջինիս ենթակայությամբ գործող սոցիալական աջակցության տարածքային կենտրոնների գործը երկրի համար այդ ծանրագույն օրերին: Տաք աշխատասենյակներում նստե՞լը և մինչպատերազմյան «աշխատանքային գրաֆիկից» չշեղվելով հաջորդ աշխատավարձին և պարգևավճարին սպասե՞լը, երբ անհրաժեշտ էր օր առաջ մշակել սոցիալական աջակցության ծրագրեր, գիշերուզօր հետևել դրանց պատշաճ կատարմանը, կամ՝ գոնե այցելել սեփական տունը թշնամուն թողած, հարազատներ, ընկերներ մարտի դաշտում կորցրած մարդկանց, մեկ անգամ փորձել ուղղակի տեսնել ՀԱՅՐԵՆԻ ՀՈՂ, ՀԱՐԱԶԱՏ ԿՈՐՑՐԱԾԻ ԱՉՔԵՐ... Դե իհարկե, ինչ կարիք կար, երբ թոշակառուն իր թոշակը, նվազագույն աշխատավարձով աշխատող մարդն անշա­հա­խնդիր այդ նվազագույնը կիսում, առ այսօր իր հարկի տակ ապաստան է տալիս իր հայրենակցին...

Ի վերջո, ո՞րն է ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՊԵՏՈՒԹՅԱՆ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԱՆՏԱՐԲԵՐՈՒԹՅԱՆ ՊԱՏՃԱՌԸ: ՊԵՏԱԿԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒՄԸ ԿԱԶՄԱԿԵՐՊԵԼՈՒ   ԱՆԿԱՐՈՂՈՒԹՅՈ՞ՒՆԸ, ԱՆԲԱՐԵԽՂՃՈՒԹՅՈ՞ՒՆԸ, ԹԵ՞ «ԹՔԱԾ ՈՒՆԵՆԱԼՈՒ ԱՐՎԵՍՏԻ» ՓԱՅԼՈՒՆ ՑՈՒՑԱԴՐՈՒՄԸ ... ԵՍ ԻՄ ՊԱՏԱՍԽԱՆՆ ՈՒՆԵՄ ՈՒ, ՑԱՎՈՔ, ԱՅՆ ՇԱՏ ՑԱՎՈՏ Է...

Հ. Գ. Օրերս, արցախցի մեր հայրենակիցներից տեղեկանում եմ, որ, կորցնելով տունը Հադրութում, սակայն վերադառնալով և սեփական միջոցների հաշվին Ստեփանակերտում բնակարան վարձելով, ստիպված է ամեն օր գլուխը կախ ներկայանալ համապատասխան պետական մարմին՝ օրապահիկ ստանալու համար... Սա է սեփական ժողովրդին «սիրելու», նրանով «հպարտանալու», նրա առջև «խոնարհվելու» գործնական դրսևորումը... «Հպարտ քաղաքացու» ա՞յս կերպարին էին ձգտում մեր իշխանությունները:

Ռուբինա Պետրոսյան