Միասին կարող ենք
կարևոր
0 դիտում, 8 տարի առաջ - 2017-10-10 18:33
Հասարակություն

Սոցիալական աշխատանքը կտարանջատվի սոցիալական վարչարարությունից

Սոցիալական աշխատանքը կտարանջատվի սոցիալական վարչարարությունից

ՀՀ Ազգային ժողովի նախագահ Արա Բաբլոյանը, ՀՀ  աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանը հոկտեմբերի 10-ին մասնակցել են «Սոցիալական աշխատանքի մասին» օրենքի նախագծի հանրային քննարկմանը:

Բացման խոսքում ՀՀ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանն ընդգծել է, որ վերջին տարիներին երկրում իրականացվող սոցիալական  պաշտպանության ոլորտում իրականացվող համակարգային  բարեփոխումները վկայում են, որ մեր պետությունը հստակ և հաստատուն քայլեր է իրականացնում ՀՀ Սահմանադրությամբ ամրագրված սոցիալական պետություն կառուցելու ճանապարհին և հավելել, որ ներկայում սոցիալական պաշտպանության համակարգի հետագա զարգացումն ուղիղ համեմատական է սոցիալական աշխատողի ինստիտուտի զարգացմանը, քանի որ սոցիալական աշխատողն իր հմտություններով պետք է դառնա կարիքի մեջ գտնվող անձի հենարանը:

«Ես այսօր խոսում եմ ոչ միայն որպես ՀՀ ԱԺ նախագահ, այլև՝ մի մարդ, ով անմիջականորեն և գործնականում է առնչվել այս հարցին և դեռ 25 տարի առաջ ստեղծված բժշկական հաստատությունում ներդրել է սոցիալական աշխատողի ինստիտուտը, ինչի համար  շատ հպարտ եմ:
Վստահ  եմ,  որ «Սոցիալական աշխատանքի մասին» օրենքի նախագծում առաջարկվող դրույթները գալիս են լրացնելու հնարավոր բացերը, որոնք ապահովելու են  ավելի արդյունավետ և  որակյալ ծառայությունների տրամադրում՝ հիմնվելով մարդկային կապիտալի զարգացման սկզբունքների վրա»,-ամփոփելով՝ ասել է ՀՀ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը: 

ՀՀ  աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանը, կարևորելով միջոցառումը, նշել է,  որ այն շատ մեծ  նշանակություն ունի Հայաստանի Հանրապետության սոցիալական պաշտպանության ոլորտում իրականացվող բարեփոխումների շարունակականությունն ապահովելու գործում:

«Սոցիալական աշխատողի ինստիտուտի ներդրման աշխատանքները լայն թափով ընթանում են Հայաստանի Հանրապետությունում և ներկայում մենք փորձում ենք սոցիալական աշխատանքը տարանջատել սոցիալ-վարչարարական աշխատանքից:

Մենք այսօր պետք է ստեղծենք ու ձևավորենք այնպիսի միջավայր, որտեղ սոցիալական աշխատանքի միջոցով մեր քաղաքացիների խնդիրներին  համալիր և համապարփակ լուծումներ կտրվեն: Այս օրենքի նախագիծը մշակվել է պետություն-մասնավոր հատված  համագործակցության արդյունքում: Ներկայումս այն դրված է քննարկման: Պետք է նշեմ, որ օրենքի նախագծի մշակման նախաձեռնությունը Սոցիալական աշխատողների հայկական ասոցիացիայինն է և մշակման հիմնական  աշխատանքներին նախարարության աշխատակազմը ակտիվորեն մասնակցել է»,-ասել է Արտեմ Ասատրյանը:

Ամփոփելով նախարարը նշել է, որ  օրենքի նախագծի քննարկումների փուլում կատարված բոլոր առաջարկությունները, մոտեցումներն ի մի կբերվեն և  օրենքի նախագիծը կներկայացվի  Ազգային Ժողովի քննարկմանը:

Միջոցառման ընթացքում ներկայացվել են օրենքի նախագծի հիմնադրույթները, օրենքի անհրաժեշտությունը ներկա բարեփոխումների համատեքստում:

Միջոցառմանը մասնակցում էին ԱԺ պատգամավորներ,  միջազգային և հասարակական կազմակերպությունների  ներկայացուցիչներ, նախարարության պաշտոնյաներ: 

 

 

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության

Հասարակայնության հետ կապերի բաժին