Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
Հայաստանում ԱՄՆ դեսպան Ջոն Հեֆերնի կարծիքով` Հայաստանում ընտրությունների միջոցով իշխանափոխություն կլինի այն դեպքում, եթե ընդդիմությունն ավելի շատ աշխատի եւ տեր կանգնի իր քվեներին, ինչպես նաեւ եթե հետեւողականորեն քննվեն արձանագրված ընտրախախտումների դեպքերը. տեղեկացնում է «Ազատություն» ռադիոկայանը:
«Ընդդիմությունը հաջողության կհասնի այն դեպքում, եթե բոլոր կուսակցությունների համար հավասար հնարավորություններ լինեն, եւ բոլոր կողմերը հավասարապես կարողանան իրենց խոսքն արտահայտել լրատվամիջոցներով: Այս հարցում, օրինակ, առաջընթաց կա։ Ազատ, արդար ընտրություններ եւ ճշգրիտ հաշվարկված քվեաթերթիկներ ունենալու համար հարկավոր է արձանագրած խախտումները քննության առնել եւ հետեւողական լինել դրանց նկատմամբ»,- ասել է դեսպանը` հավելելով, որ ընդդիմադիր կուսակցություններից այս գործընթացը պահանջում է լինել ագրեսիվ, հաստատակամ: Նրանք պետք է ցույց տան, որ շատ են աշխատում հայ ժողովրդի քվեն ստանալու համար: Սա նշանակում է, որ ընդդիմությունը նույնպես ունի պատասխանատվության իր բաժինը:
«Ազատություն» ռադիոկայանի հարցին, թե ի՞նչ նկատի ունի ագրեսիվ ասելով, դեսպանը պատասխանել է. «Ես նկատի չունեմ ոչ խաղաղ ագրեսիվությունը, հակառակը` կարծում եմ, որ նրանք խաղաղ կերպով, ակտիվորեն պետք է իրենց գործն անեն, կազմակերպեն մարդկանց, ստանան նրանց քվեները եւ հաղթեն ընտրություններում»:
«Հայաստանում կա՞ որեւէ ընդդիմադիր ուժ, որ համապատասխանում է նշված չափանիշներին եւ կարող է այդ մեթոդներով հասնել իշխանափոխության» հարցին դեսպանը պատասխանել է. «ԱՄՆ կառավարությունը եւ Հայաստանի միջազգային գործընկերները չեն պաշտպանում որեւէ կուսակցության, մենք փորձում ենք խրախուսել, որ բոլոր կուսակցությունները, թեկնածուները, տեսակետները ունենան հավասար եւ արդար բաշխված հնարավորություններ»: