կարևոր
4888 դիտում, 1 տարի առաջ - 2023-02-06 11:18
Քաղաքական

Մենք արգելում ենք, որ Հայաստանը դառնա թուրքական վիլայեթ, և այս ուղղությամբ մեր պայքարը չպետք է կանգնի․ Հովսեփ Տեր-Գևորգյան

ՀՅԴ Երիտասարդական, ուսանողական և պատանեկան միությունների այս համագումարը տեղի է ունենում հայ ժողովրդի ճակատագրական ժամանակաշրջանի ընթացքում։ Այսօրվա մարտահրավերները  լեցուն են պետականակործան ու ազգակործան հետևանքներով։ Այս մասին ՀՅԴ Երիտասարդականի Համաշխարհային համագումարի  բացման պաշտոնական արարողության ժամանակ ասաց ՀՅԴ Բյուրոյի անդամ Հովսեփ Տեր-Գևորգյանը։

«Հայ ժողովրդի ամենատարածուն քաղաքական ու երիտասարդական կազմակերպությունը ՀՅԴ երիտասարդական միությունն իր աշխույժ գործունեությամբ կփորձի դիմակայել այս սպառնալիքները և հակառակ տիրող աննպաստ պայմաններին՝ հանձնառու է հզոր, ժողովրդավառ, ազգային արժեքներ կրող պետություն կերտել։ Հավատում ենք, որ հայրենի պետության շուրջ ստեղծված ներկա անվտանգային ծանր իրավիճակը հաղթահարելու համար պետք է արմատախիլ անել մեր իրականության մեջ հարմարվողականությունը և պարտվողական մոտեցումները։ Հետևաբար ՀՅԴ երիտասարդությունը պետք է շարունակի դիմակայել և իր կտրուկ ընդդիմությունը արտահայտել Հայաստանի ներկա իշխանության նկատմամբ»,- ասաց նա։

Նրա խոսքով՝ վերջին ամիսներին դաշնակցական  երիտասարդների մուտքը արգելելով Նիկոլ Փաշինյանի վարչախումը իր հակադաշնակցական մոտեցումով փորձեց դարձյալ հարվածել հայկական հիմնական երիտասարդական կազմակերպությանը, որը պայքարում է թուրքի և ադրբեջանցու ցանկությունների դեմ․

«Մենք խանգարում ենք այս իշխանությունների քաղաքականությանը, արգելում ենք, որ Հայաստանը դառնա թուրքական վիլայեթ, և այս ուղղությամբ մեր պայքարը չպետք է կանգնի։ Ոչինչ չպետք է մեզ շեղի մեր նպատակներից։ Այսօր ուզում ենք ասել, որ այս համագումարին, աշխարհասփյուռ մեր կառույցի միակ բացակայող միավորը դա շրջափակման մեջ գտնվող Արցախի մեր ընկերներն են։ Այս խորհրդաժողովը պետք է տեղի ունենար Արցախում՝ կանգնելու արցախահայության կողքին, այնտեղ ծանոթանալու տիրող իրավիճակին և մշակելու օգնության ծրագրեր։ Շատ անգամ ենք ասել,որ Արցախի Հայաստանի զրահաբաճկոնն է։ Սուտ է այն գաղափարը, թե առանց Արցախ կարելի է ապրել խաղաղ ու անհոգ Հայաստանում»։

ՀՅԴ-ականի խոսքով՝ հայկական իրականության վերջին 30 տարիները ապացուցեցին, որ ՀՅԴ երիտասարդությունը իր անմնացորդ մասնակցությունն է ունեցել և շարունակում է ունենալ ի օգուտ Արցախի պայքարի, ռազմական, քաղաքական, տնտեսական և քարոզչական ոլորտներում․

«Արցախում  նոր ցեղասպանությունը կանխելու և մեզ պատկանող հավելյալ տարծքները չկորցնելու, գրավված Շուշին և Հադրութը ազատագրելու համար անհրաժեշտ է նոր ազատագրություն։ Երբ հայկական պետությունը հրաժարվել է այս պատասխանատվությունից, հայ երիտասարդությունն է, որ պետք է կատարի այս առաքելությունը և պարտադրի հայ ժողովրդի հաստատման օրակարգը։ Այս համատարած անտարբերության և հուսալքության պայմաններում այս խոսքերը կարող են իրական չթվալ, սակայն եթե չենք ցանկանում Արցախի հայաթափումը, Սյունիքի կորուստը և Երևանի թրքացումը՝ ստիպված ենք շրջելու այս իրավիճակը։ Մեր աշխատանքների կենտրոնում մեր հայրենիքն է, ՀՅԴ երիտասարդականը հանձառու է նպասել նաև Սփյուռքի գաղութների հզորացման աշխատանքներին»,- ավելացրեց նա։