կարևոր
0 դիտում, 11 տարի առաջ - 2013-11-15 16:50
Քաղաքական

Խնդիրները ճիշտ դնելու դեպքում Հայաստանը կհասնի հաջողության. Արմեն Ռուստամյան

Խնդիրները ճիշտ դնելու դեպքում Հայաստանը կհասնի հաջողության. Արմեն Ռուստամյան

Արտաքին քաղաքականության մեջ համառորեն սխալներ կրկնելու պարագայում հնարավոր է, որ Հայաստանը հայտնվի անօգնական վիճակում, մեկուսացման մեջ: Այս մասին լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ԱԺ ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը` խոսելով Հայաստանի արտաքին քաղաքականության մասին:

 

Նրա խոսքով` Հայաստանը դեռ ունի արտաքին քաղաքականության մեջ հարցերը ճիշտ դնելու ու հաջողությունների հասնելու հնարավորություն: Ըստ պատգամավորի` Հայաստանն այսօր ունի կենսականորեն կարևոր խնդիրներ, որոնց լուծման համար իրավունք ունի ցանկացած երկրի հետ իր հարաբերությունները ամրապնդել` անկախ այն բանից, թե դրա մասին ինչ են մտածում այլ երկրներ: Ռուստամյանը բերեց Իրանի հետ տնտեսական հարաբերությունների օրինակը, ինչը դուր չի գալիս ԱՄՆ-ին: Բայց նաև ԱՄՆ-ը հասկանում է, որ այդ հարաբերությունները Հայաստանի համար կենսական անհրաժեշտություն են:

 

Ռուստամյանի խոսքով` Հայաստանն ունի խոշորածավալ` կենսական անհրաժեշտության խնդիրներ և հենց դրանցով պետք է ներկայանա թե' Եվրոպային, թե' Մաքսային միությանը: «Ինչո՞ւ մենք ասացինք, որ ուրիշ ճար չկար գնալու այլ ուղղությամբ, որովհետև դրված էր մեր անվտանգության խնդիրը, որը լինելիության աստիճանի կարևոր էր: Եվ պետք էր տեղափոխվել այն դաշտը, որտեղ հնարավորինս կլուծվեր այդ հարցը, և որևէ մեկը չի կարող դրանում մեզ մեղադրել»,- ասաց պատգամավորը:

 

Նրա համոզմամբ` Հայաստանը պետք է միջազգային հարթակում տնտեսական արտոնությունների հավակնի, որովհետև ունի անվտանգության խնդիր` շրջափակման մեջ լինելով երկու կողմից, դեպի ծով ելք չունենալով: Շարունակելով թեման` նա նշեց, որ Ադրբեջանը, շահարկելով հակամարտության թեման, հասավ այն բանին, որ աշխարհին ասաց` իմ ժողովրդավարության մակարդակի վրա աչք փակեք: Ահա, թե ինչու երբ խնդիրները ճիշտ են դրվում, հնարավոր է հասնել հաջողությունների` ամրապնդելով այն, ինչ արդեն ունես:

 

«Եթե Ուկրաինան, ներկայացնելով իր հիմնավորումները, հայտարարեց, որ չի կարող խզել իր հարաբերությունները Ռուսաստանի հետ, Հայաստանը ի՞նչ պետք է աներ, այն դեպքում, երբ ռազմական ու էներգետիկ անվտանգության տեսակետից 100 տոկոսով կախվածություն ունի Ռուսաստանից»,- ընդգծեց Ռուստամյանը` հավելելով, որ Եվրոպան էլ սխալ վարվեց` Հայաստանին մղելով այլընտրանք չունենալու դաշտը: