Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
Այսօր կառավարության շենքի առջև հավաքվել էին գինի արտադրող «Վինար» ընկերությունից տուժած գյուղացիները: Ընկերությունը նրանց գումար է պարտք, որը չի կարողանում վերադարձնել: Գյուղացիներն էլ լուծումը պահանջում են գյուղատնտեսության նախարարից: Կառավարության նիստից առաջ և հետո գյուղացիները շրջապատել էին նախարարին և իրենց պահանջներն էին ներկայացնում: Հիշեցնենք, որ, գյուղատնտեսության նախարարության միջնորդությամբ, «Վինար» ընկերության գործը քննվում է դատախազությունում:
«Խոստացել էիք, որ բում եք անելու գյուղատնտեսության ոլորտում, բա ո՞ւր ա էդ բումը»,- նախարարին դժգոհեց գյուղացիներից մեկը:
Կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում, անդրադառնալով «Վինար»-գյուղացիներ խնդրահարույց հարաբերություններին, Իգնատի Առաքելյանը նշեց, որ այդ խնդրի շուրջ պետք է քննարկումներ ունենան` վարչապետի և իրավապահ մարմինների մասնակցությամբ, որ հասկանան, թե ինչ լուծում կարող են գտնել:
Լրագրողներից մեկի դիտարկմանը, որ իրավիճակը նախորդ կառավարության գործելաոճի հետևանքն է, որովհետև նախկին վարչապետն ու գյուղնախարարը ստիպում էին գինի արտադրող ընկերություններին` գնել գյուղացիների խաղողը, Իգնատի Առաքելյանը պատասխանեց. «Դե ով ստիպել է, թող տեր կանգնի: Ի՞նչ ասեմ, ես չեմ ստիպել»:
Գյուղնախարարը տարակուսած է` «Վինար» ընկերությունն անգամ լիցենզավորված ընկերություն չէ, ինչո՞ւ է այդքան խաղող գնել: Հարցին, թե ի՞նչ ելք կա, նախարարը պատասխանեց. «Իսկ ի՞նչ ելք կարող է լինել այն իրավիճակում, երբ մի քաղաքացի խաբում է մյուսին: Ելքը դատարան դիմելն է, ինչն էլ արել ենք, գործը քննվում է»:
Ինչ վերաբերում է գյուղնախարարության գործառույթներին, ապա, Իգնատի Առաքելյանի խոսքով, նախարարությունը պետք է խստորեն վերահսկի, որ մթերող կազմակերպությունները լինեն նախևառաջ լիցենզավորված, վճարունակ: Մնացած հարցերում` գյուղացիների պարտքերի վճարում և այլն, գյուղնախարարությունը պատասխանատվություն ու գործառույթներ չունի: