Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Էն շան խերը անիծեմ, որ քսի-քսի անելով պետք է մարդ կծի, էն առաջնորդին ինչ ասեմ, որ իրեն հա’ անեծք տալով պետք է երկրին տիրություն անի՝ Yerkir.am-ի հետ հարցազրույցում ասաց «Սասուն» ազգագրական երգի-պարի համույթի ղեկավար, «Գաթա» բենդի հիմնադիր Անդրանիկ սարկավագ Մանուկյանը։
Նա իր բենդի հետ նույնպես մասնակցել է «Գառնի» պատմամշակութային արգելոց-թանգարանում կազմակերպված հարսանիքին, որը թույլատրելու համար ԿԳՄՍՆ հուշարձանների պահպանության ծառայության ՊՈԱԿ-ի տնօրեն Արա Թարվերդյանը 4 մլն դրամ է վերցրել։ ԿԳՄՍՆ-ն դատապարտեց իր իսկ ՊՈԱԿ-ի թույլտվությունը ժամը 13։00-ից մինչև 22։00-ը տաճարի տարածքի մուտքը փակելը, ինչպես նաև օրենքի խախտմամբ ռաբիս երաժտություն միացնելը։ Սա նոր երևույթ չէ, Զվարթնոց տաճարը նույնպես մի քանի անգամ փակվել է։ Ոմանք սա վանդալիզմ են որակում։
Անդրանիկ սարկավագ Մանուկյանը կարծում է, որ մեր պատմամշակութային մեր արժեքներին պետք է խնամք տարվի, այս առումով՝ վերցված գումարը կարող է ծառայել խնամքի նպատակին, բայց պետք է ամեն ինչ կազմակերպել կոկիկ։
«Ցանկացած ժամանակաշրջանում եղել են ծիսական արարողություններ և այդ ծիսական արարողությունները տեղի են ունեցել հենց այդ պատմամշակութային արժեքների տարածքում։ Խնդիրն այն է, թե այդ միջոցառումները ոնց են կազմակերպվում։ Ես «Գաթա» բենդով եղել եմ ներկա, ակամայից ինձ համար էլ այնտեղ ինչ-որ բան անսովոր է, հետո եկա մի ուրիշ ճշմարտության, որ այդ կարգի մշակութային արժեքները խնամք են պահանջում, որպեսզի ապրեն դարերով, այս պատճառով կարելի է կազմակերպել, բայց կոկիկ։ Պայմանագրի կետերի վրա արվել է արարողությունը, հարցի մյուս կողմն է, որ մարդիկ, ովքեր կազմակերպել են, այդ կետերը խախտե՞լ են, թե՞ ոչ։ Դրա համար կարելի է լուրջ մտածել և ընդհանրապես թույլ չտալ, եթե մարդը չի կարողանում իրեն դրսևորել իր պայմանագրին համահունչ»,-ասաց նա։
Նա նշեց, որ երբ ինքը բեմից իջել է, իտալացի հյուրերից մեկը մոտեցել է, ձեռքը սեղմել և գրկախառնվել, թե իրենք ինչ բարձրակարգ արվեստ են ներկայացնում և ինչ մշակույթ ունեն։
«Գաթա» բենդը թողարկել է 32 ստեղծագործությամբ «Ցորեն գարի» ալբոմը՝ սկավառակները և երգարանը, որտեղ նոտագրված են երգերը, և խորհրդանշական խուրջինում տեղավորված։ Շուտով տեղի կունենա շնորհանդեսը։
Անդրանիկ սարկավագ Մանուկյանի տուն-ստուդիայի հենց պատուհանների դիմաց՝ լույսը փակելով, 12-հարկանի շենք են կառուցում, այն էլ՝ առանց որևէ նախագծի։ Արդեն 8 տարի նա պայքարում է իր՝ արև ունենալու իրավունքի համար։ Գործը հիմա էլ դատարանում է։ Անդրանիկ Մանուկյանը չի ուզում տեղափոխվել Թումանյան փողոցում գտնվող իր տանից, բայց եթե պետք է այդպես ոտնահարեն իր իրավունքները, պատրաստ է անգամ վաճառել իր տունը շենքը սարքողին և հեռանալ․ նա, սակայն, չի պատրաստվում գնել։
«Քաղաքաշինության նախարարություն եմ դիմել, հետո պատասխան եկավ, որ 12 հարկանի շենքը, որը պետք է կառուցվի, իրենք նախագիծը չունեն, իրենց թույլատրել է քաղաքապետարանը, որ պետք է կառուցվի, բայց մինչև այդ արդեն կառուցել են երեք հարկ ավտոկայանատեղիներ, հետո արդեն, որ պետք է բարձրացնեին, իմ բողոքարկելուց հետո նոր եկան, դադարեցրին, տուգանեցին, բայց առայսօր ոչ մի բանի պատասխան չունեմ, չեմ էլ հասկանում՝ ինչ է լինելու այստեղի կարգավիճակը»,-ասաց նա։
Հետո էլ ասում են՝ ռաբիս են նվագել, բան, բա սա՞ ինչ է՝ հարցադրում է անում Անդրանիկ սարկավագը։ Դիտարկմանը, որ նույն իշխանությունների գործելաոճն է՝ 3 տարի է որևէ ոլորտում խնդիր չի լուծվել, նա պատասխանում է․ «Օղորմածիկ մամաս սենց լավ բան էր ասում ժողովրդական՝ էն շան խերը անիծեմ, որ քսի-քսի անելով պետք է մարդ կծի, հիմա՝ ես էն առաջնորդին չգիտեմ ինչ ասեմ, որ իրեն հա՛ ասելով, հա՛ անեծք տալով ինքը պետք է երկրին տիրություն անի, եթե մի առաջնորդ էս հող ու ջրի վրա ցավ չապրեց՝ սաղ սուտ բան է, նյութի մեջ խեղդված մարդիկ են»։
Աննա Բալյան
Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութով․