Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանն ակնհայտորեն ստանձնում է պատասխանատվության մի այնպիսի բարձր նշաձող, որին, ոստիկանության ներկայիս համակարգային իրողությունները հաշվի առնելով, չափազանց ծանր է լինելու հասնելը: Խոսքը վերաբերում է թե' առկա իրավիճակին տրվող գնահատականներին և թե' հանցավորության դեմ պայքարին ու ոստիկանության հեղինակության բարձրացման ուղղությամբ արվող հայտարարություններին:
Վերջին մի քանի իրադարձությունների վերաբերյալ ոստիկանապետի կոշտ գնահատականներում առայժմ ավելի շատ արտիստիզմ է նկատելի, որովհետև դեռևս հիմնականում հայտարարությունների հետ գործ ունենք, քան արված «սպառնալիքների» կենսագործման: Սակայն Երևանի ոստիկանապետ Ներսես Նազարյանի պաշտոնանկությունից հետո այլևս ակնհայտ է, որ երկրի բարձրագույն ղեկավարության կողմից նա ստացել է գործողությունների այնպիսի ազատություն, որ նպատակային գործադրելու պարագայում կարող են կտրուկ իրավիճակ փոխել հանրապետությունում: Այս տեսանկյունից առաջիկա ժամանակահատվածը լինելու է Գասպարյանի կողմից այդ թեստը հանձնելու ստուգատես: Եթե քրեական աշխարհին և հասարակության մեջ իրենց արտոնյալի կարգավիճակ շնորհած շրջանակներին «իրենց տեղը նստեցնելու» ուղղությամբ նրա արած նախազգուշացումները գործնական դրսևորում չունենան, ապա այս ամենը դառնալու է ընդամենը բաժակի մեջ փոթորիկ առաջացնելու սինդրոմի կրկնություն` անձամբ Գասպարյանի խոսքի արժեքը հավասարեցնելով օդի տատանումների:
Սակայն ոստիկանապետի ներկայիս հայտարարությունների իրական հավակնոտությունը դրսևորվում է ոչ այնքան նմանատիպ հայտարարություններում, որքան, առկա իրավիճակի մասին իշխանության «պաշտոնական» կարծիքին կամ մեկնաբանությանը հակադրվելով, այդ պաշտոնական վարկածը փաստացի հերքելու մեջ: Մեկ ամիս առաջ հանրապետության նախագահն իր նստավայրում մի քանի լրատվամիջոցների հետ հանդիպման ժամանակ, անդրադառնալով խորհրդարանում օլիգարխների, թաղային կիսաքրեական հեղինակությունների, բիզնես շահերով առաջնորդվող հարուստների ներկայությանը, հայտարարեց. «Ես չեմ համարում, որ այսօրվա մեր խորհրդարանը վատ խորհրդարան է կամ խորհրդարանի ճնշող մեծամասնությունը գիտելիք կամ կրթություն չունեցող մարդիկ են: Այդպես չէ: Կարծում եմ` ճիշտ կլինի այդ մարդկանց հետ շփվել, ճիշտ կլինի, որպեսզի այդ մարդկանց հետ շփվեն հասուն, վաստակ ունեցող, իրենց գործն իմացող լրագրողները, այլ ոչ թե, չեմ ուզում ինչ-որ մասնավոր մի բուհի անուն տալ, երեք ամիս առաջ այդ բուհն ավարտած, երիտասարդ աղջնակները կամ տղաները, ովքեր ուղղակի դժվար թե կարողանան իրողությունը ճիշտ ներկայացնել, գոնե, դժվար թե կարողանան լուրջ խոսակցություն ծավալել այդ մարդկանց հետ»: Կասկած չի կարող լինել, որ նախագահը ոստիկանապետին չի դասում իրողությունները ճիշտ ներկայացնել չկարողացող «երեք ամիս առաջ բուհն ավարտած, երիտասարդ աղջնակների կամ տղաների» շարքը: Թերևս Գասպարյանն այդ պաշտոնին նշանակվել է անհրաժեշտ պահերին անհրաժեշտ մարդկանց հետ լրջության անհրաժեշտ մակարդակով խոսելու համար: Բայց ահա այդ կատեգորիայի պատգամավորների հետ նախագահի ակնկալած լուրջ խոսակցությունից հարգարժան ոստիկանապետի մոտ առաջացել է բոլորովին այլ, շատ բնական և օրինաչափ այն հարցադրումը, որը վաղուց ի հայտ է եկել թե' լրագրողների, թե' ՀՀԿ-ական վարդագույն ակնոցները չկրող յուրաքանչյուր շարքային քաղաքացու մոտ և որն առ այսօր պատասխան չի գնում. «Հիմա դուք պատգամավո՞ր եք, թե՞գողական, արա'»: Իսկ նման հարցադրման առաջացման պատճառը հայկական իրականության հերթական արձանագրումն է: «Զանգում են պատգամավորներ, պաշտոնատար անձինք, որոնք ասում են` էդ տղեքին մի, էլի, տարեք-բերեք, իրանք լավ տղերք են, բանավոր կասեն, բայց չգրեն, էլի, մի տեսակ ամոթ ա»,- ասում է ոստիկանապետը` նկատի ունենալով Գյումրիում արձանագրված փոխհրաձգության գործով բերման ենթարկված, ձերբակալված մարդկանց համար արվող միջնորդությունները:
Ոստիկանապետը, փաստորեն, ընդունում և, ամենակարևորը, բարձրաձայնում է, որ ԱԺ-ում, իսկ, ընդհանուր առմամբ, նաև իշխանական էլիտայում, պաշտոնատար անձանց շրջանում քիչ չեն այնպիսիները, ովքեր առաջնորդվում են «գողական» հասկացություններով և, իրենց պաշտոնական դիրքը չարաշահելով, պատրաստ են անգամ ակնհայտ հանցագործներին առնել իրենց հովանու տակ ու ապահովել նրանց անվտանգությունը: Այս բացահայտումն ինչ-որ իմաստով կարելի է նույնիսկ անձամբ ոստիկանապետի կողմից հանցագործության մասին տրված հաղորդում համարել, որը, բնականաբար, ենթադրում է համապատասխան ընթացքներ այդ «տանիքների» կամ «լավ ախպերների» ներգրավմամբ` թեկուզ բարոյական պատասխանատվության դաշտում:
Բոլոր դեպքերում փաստն այն է, որ Վլադիմիր Գասպարյանը հակադրվում է մասնավորապես խորհրդարանականների մասին այն պատկերացումներին, որն ունի հանրապետության նախագահը: Էականը, սակայն, դա չէ: Այլ ինքնին իրերն իրենց անունով կոչելը մի համակարգի ղեկավարի կողմից, որն ի պաշտոնե պարտավոր էր այդպես վարվել` անկախ նրանից, թե քաղաքական ղեկավարությունն ինչ կարծիք ունի, ինչ գնահատականներ է հնչեցնում և ինչպիսին է իշխանական կոնյունկտուրայի ակնկալիքը` իրավապահ մարմիններից կոնկրետ դեպքերի հետ կապված: Վերջին հաշվով, եթե ոստիկանությանը հաջողվի գոնե մասամբ փոխել հանցավորության, զոռբայության, լկտիության` արմատացած ներկայիս խայտառակ մթնոլորտը, դա նաև երկրի ղեկավարի, հասարակության և նրա յուրաքանչյուր անդամի հաղթանակն է լինելու: Իսկ այդ ժամանակ արդեն ոչ մի նշանակություն չի ունենալու` դափնեպսակը երկրի ղեկավա՞րը, կառավարությո՞ւնը, թե՞ անձամբ ոստիկանապետն է կրելու:
Գևորգ ԱՂԱԲԱԲՅԱՆ