Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Ազգային ժողովում քննարկվում է «Կուսակցությունների մասին» օրենքի նախագիծը: Նոր Սահմանադրությամբ այն սահմանադրական օրենքի կարգավիճակ ունի և պետք է ընդունվի ԱԺ պատգամավորների 3/5-րդ ձայներով: Սահմանադրությամբ կուսակցությունների մասին օրենքին նման առանձահատուկ կարգավիճակ տալն ինքնանպատակ չէ: Հայաստանն անցում է կատարում խորհրդարանական կառավարման համակարգի: ԱԺ ընտրությունները կազմակերպվում են համամասնական ընտրակարգով: Եվ առանց կայացած կուսակցական համակարգի հնարավոր չէ հուսալ, որ խորհրդարանական կառավարումը Հայաստանում որևէ հաջողություն կունենա: Ահա թե ինչու է կարևորվում այս օրենքի ընդունումը:
Սակայն հայաստանյան կուսակցական համակարգում, ինչպես բազմաթիվ այլ ոլորտներում, հիմնական խնդիրը հարաբերությունների իրավական կարգավորման անբավարարությունը կամ օրենքի որակը չէ: Հիմնական խնդիրը օրենքների պրակտիկ գործարկումն է, և որ շատ ավելի նշանակալի է` հասարակական-քաղաքական անտիարժեքային շատ ավելի ու ավելի կուռ ու կարծրացած համակարգը, արատավոր ավանդույթները, քաղաքականության, կուսակցության ու կուսակցականության մասին խեղաթյուրված պատկերացումների, ստերեոտիպերի ամբողջությունը: Առանց դրանց հաղթահարման, որոնք մսխել են կուսակցությունների հանդեպ հանրային վստահության ռեսուրսը, ինչպիսի օրենք էլ ընդունվի, գործանակում հանրային-քաղաքական կյանքում ոչինչ չի փոխվելու:
Օրինակ ի՞նչ օրենք պետք է ընդունել, որ առանձին վերցրած որևէ անհատ միայն ընտրություններին մասնակցելու կամ պարզապես արհեստականորեն իր համար ինչ-որ ստատուս ստեղծելու նկատառումով կուսակցություն չստեղծի կամ կուսակցությանը չվերաբերվի որպես բիզնես պրոյեկտի, որպես քաղաքական «բազարների», հանրության թիկունքում կուլիսային գործարքների մասնակցելու «միջոցի»:
Ի՞նչ օրենք կարող է բացառել այնպիսի իրավիճակները, երբ կուսակցությունից լիդերի մեկուսումը հանգեցնում է ընդամենը մեկ շաբաթվա ընթացքում այդ կուսակցության կազմաքանդմանը՝ առարկայորեն բացահայտելով, թե որոնք են եղել այդ կուսակցության ստեղծման «արժեքային» նախադրյալները և դրան մարդկանց անդամակցության իրական շարժառիթները»:
Հնարավո՞ր է արդյոք պատկերացնել որևէ այնպիսի օրենք, որը արգելելու է հիմնադիր կամ նախընտրական ծրագրերում ինչ-որ կոնկրետ սկզբունքներ, տեսլական, մեխանիզմներ սահմանելով հանդերձ դրանց բացարձակապես հակասող օրինագծերի, նախագծերի, առաջարկությունների օգտին քվեարկելը, կամ դրանց բացարձակապես հակադիր քաղաքական դիրքորոշում հայտնել՝ ելնելով միմիայն կոնյուկտուրային շահերից և առաջնորդվելով միայն պահի թելադրանքով: Երևույթ, որի համատեքստում գնահատելի է դառնում ոչ թե գաղափարախոսությանն ու ծրագրերին հավատարմությունը, սկզբուքայնությունը, այլ ամբոխահաճո ելույթներ ունենալը, անսկզբունքայնությունը երդվյալ ընդդիմադիրի անվան ներքո արդարացնելը:
Ի՞նչ կարող է անել օրենքը, երբ ֆետիշացվում ու կայացվածության ցուցանիշ է դարձվում կուսակցության մեխանիկական ընդլայնումը: Երևույթ, որը խոսում է կուսակցական տոմսը միայն կարիերայի առաջխաղացման, մեծ կամ փոքր բիզնեսի համար «տանիք» ապահովելու միջոց դարձնող պատեհապաշտներով, կամ էլ ստիպողաբար կուսակցական դարձողներով համալրվելու մասին: Հետևաբար կարո՞ղ է լինել որևէ օրենք, որը ի զորու է արգելել, օրինակ, կուլիսային մակարդակով մանկավարժներին, բուժանձնակազմին, պետական հիմնարկների աշխատակիցներին ստիպողաբար կուսակցական դարձնելը, երիտասարդ անհատին արգելել ընդամենը տաս տարվա քաղաքական գործունեության ընթացքում տասնմեկ կուսակցություն փոխել: Երևույթ, որը վկայում է ոչ այքան տվյալ անհատի՝ ինքնաիրացման և ինքնաբավության լուրջ կոմպլեքսներ ունենալու, այլև առաջին հերթին նմանների ծառայություններից օգտվող քաղաքական ուժի չկայացվածության մասին:
Ինչպե՞ս է օրենքն արգելելու մարդկանց ծանոթ-բարեկամ, ընկեր-«լավ ախպեր» տրամաբանությամբ, զուտ լավություն անելու կարգով ստորագրություն դնել իրենց համար բացարձակապես անծանոթ, նոր կուսակցության ստեղծման համար անհրաժեշտ ձևաթղթի տակ՝ անգամ չիմանալով, որ ոչ թե բարեկամին, ընկերոջը, ընկերոջ ընկերոջն օգնելու «հավաստագիր» են ստորագրում, այլ անկախ իրենց կամքից, տվյալ կուսակցությանն անդամակցելու դիմումի: Երևույթ, որի շնորհիվ կարելի է Հայաստանում ընդամենը մի քանի օրվա ընթացքում հավաքել կուսակցության գրանցման համար անհրաժեշտ 2000 ստորագրություն:
Սրանք խնդիրներ են, որոնք առավելապես բխում են հանրության քաղաքական հասունության մակարդակից, մտածողությունից: Խնդիրներ, որոնք կարող են քաղաքական դաշտը կառուցել մի կողմից ամենակուլ «հրեշային», մյուս կողմից մանր, անմրցունակ, ինքնանպատակ դարձող կուսակցությունների բազայի վրա, որտեղ վերջիններս գոյություն պահպանելու համար, որպես կանոն կամ խոշորների սպասարկուի դեր են սկսում կատարել, կամ ուղղակի դառնում են մարգինալ:
Այս իմաստով կուսակցությունների մասին օրենքի ընդունումը դեռ հարցի լուծում չէ: Այն ընդամենը կարող է առողջացման նախադրյալ ստեղծել՝ ընտրությունից ընտրություն հղկելով համակարգը, տանելով նպատակային խոշորացման և դաշտում մրցակցության ուժեղացման: Օրենքը կարող է ապահովել կուսակցությունների ստեղծման, պահպանման և զարգացման խաղի հավասար այնպիսի կանոններ, որոնք խրախուսում են մի կողմից հանրային վստահության որոշակի նիշ ապահոված կուսակցությունների գործունեությունը, մյուս կողմից՝ դաշտից այդ ինքնանպատակ կուսակցությունների բնական ճանապարհով մաքրմանը՝ կայացած կուսակցությունների մեջ տարալուծվելու կամ ուղղակի սեփական կամքով լուծարվելու միջոցով; Պետք է հուսալ, որ առաջիկա համապետական ընտրությունները գոնե կդնեն քաղաքական համակարգի առողջացման հիմքերը:
Գևորգ Դարբինյան