կարևոր
0 դիտում, 11 տարի առաջ - 2013-04-25 10:28
Քաղաքական

Տարբեր մարզերում Րաֆֆի Հովհաննիսյանին դահլիճ չեն տրամադրում

Տարբեր մարզերում Րաֆֆի Հովհաննիսյանին դահլիճ չեն տրամադրում

Այս օրերին Րաֆֆի Հովհաննիսյանը նորից շրջում Է մարզերում՝ նոր Հայաստանի կազմկոմիտեներ ստեղծելու համար քննարկումների շարք կազմակերպում: Ինչպես նա հայտարարել էր «Անի պլազա» հյուրանոցում վերջին հավաքի ժամանակ, մարզային հանդիպումները նպատակահարմար Է անցկացնել ոչ թե փողոցներում՝ հանրահավաքի տեսքով, այլ դահլիճներում, որովհետև պետք Է լինի քննարկում, հարցուպատասխան, ինչը փողոցում անելը հարմար չէ. գրում է «Առավոտը»:

 

Սակայն, նշում է թերթը, տարբեր մարզերում Րաֆֆի Հովհաննիսյանին ուղղակի որևէ դահլիճ չեն տրամադրում: Ավելին՝ զգուշացվում է մեծ տարածք ունեցողներին, որ խնդիրներ կունենան, եթե նրա առաջ դոները բացեն: Դահլիճ տրամադրելու հարցում խնդիրներ են աոաջացել Մարտունիում, Գավառում, Նոր Հաճընում, Աբովյանում, Իջևանում, Թալինում՝ այս կամ այն պատճառաբանությամբ:

 

Օրինակ՝ Թալինում Րաֆֆի Հովհաննիսյանի թիմի անդամները կարճատև ժամանակով մեկ դահլիճ տրամադրելու հարցով երկու անգամ հանդիպել են փոխ-քաղաքապետի հետ, բայց քաղաքապետը հաշվի չառնելով, որ արդեն Րաֆֆի Հովհաննիսյանը Թալին է հասել, մերժել է նրան՝ պատճառաբանելով, թե ժամանակին չի դիմել, որ իրեն ներկայացրել է Արմեն Մարտիրոսյանը, ով պատգամավոր չէ:

 

Հովսեփ Խուրշուդյանը «Առավոտ»-ին փոխանցել է, որ այդ պահին տեղում, բացի Արմեն Մարտիրոսյանից, եղել են նաև իրենց պատգամավորները, այնպես որ՝ քաղաքապետի պատճառաբանությունը տեղին չի եղել: Թերթը նշում է, որ այն համախոհ քաղաքացիներն էլ, որոնք, այնուամենայնիվ, իրենց դռները բացել են Րաֆֆի Հովհաննիսյանի քննարկումը կազմակերպելու համար, խնդիրների առաջ են կանգնել: Նրանք ստացել են սպառնալիքներ և զգուշացումներ: