Փոխարժեքներ
23 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
ՀՀ վարչապետի պաշտոնում Տիգրան Սարգսյանի վերանշանակման հարց, որպես այդպիսին, գոյություն չի ունեցել, ընդհուպ` այս տարվա հունվարի 1-ից, երբ ՀՀ վիճակագրական ծառայությունը «հաստատեց», իսկ ավելի ճիշտ նկարեց, որ արձանագրվել է 7 տոկոսից ավելի տնտեսական աճ, և որ միջին աշխատավարձի աճը, գնաճի համեմատ, եղել է առաջանցիկ: Իր նստավայրում լրագրողների հետ վերջին հանդիպման ժամանակ նախագահ Սերժ Սարգսյանն այս կապակցությամբ առավել քան հասկանալի հայտարարել էր. «Ես վերջին անգամ կառավարություն եմ ձևավորել ընդամենը մի քանի ամիս առաջ` խորհրդարանական ընտրությունների արդյունքով: Անձամբ մասնակցել եմ առաջին նիստին և խնդիր եմ դրել այդ կառավարության առջև: Ասել եմ, որ այս կառավարությունը Հայաստանի Հանրապետությունում պետք է ապահովի տնտեսական աճ` նվազագույնը 7 տոկոս: Եվ ասել եմ, որ աշխատավարձերի աճը պետք է ավելին լինի, քան գնաճը: ... Հիմա ես ո՞ր բարոյական իրավունքով կանչեմ այդ կառավարությանը և ասեմ՝ գնացեք հրաժարական տվեք: Մարդիկ դրված խնդիրը կատարել են»:
Իրականում, սակայն, դրված պլանների կատարողականով առաջնորդվելու տրամաբանությունը, որով Սերժ Սարգսյանը բացատրում է Տիգրան Սարգսյանի գլխավորությամբ կաբինետը` գրեթե անփոփոխ թողնելու իր որոշումը, ոչ թե հիմնավորում է, այլ պատճառաբանություն: Այն իրական 4 հանգամանքները, որոնք դրված են նրան վերանշանակելու որոշման հիմքում, ավելի խորքային են և ուրվագծում են առաջիկա 5 տարիներին Հայաստանի ընթացքի տրամաբանությունը:
1. Այս փուլում Տիգրան Սարգսյանը նախագահի ամենահարմար վարչապետացուն էր, որովհետեւ նա բավականաչափ ինքնուրույնություն չունի, քաղաքական ֆիգուր չէ, այդպիսին դառնալու ակնհայտ ձգտումներ չի դրսևորում: Բայց ամենակարևորը` նա ներիշխանական և ներհհկական որևէ բևեռի մաս չի կազմում, չի փորձում իր համար ստեղծել այդպիսի բևեռ, ինչն, անկասկած, կարող է տեղի ունենալ միայն Սերժ Սարգսյանի իշխանության հաշվին: Տիգրան Սարգսյանը եղել ու մնում է ոչ թե ՀՀԿ-ի, այլ անձամբ Սերժ Սարգսյանի վարչապետը: Իսկ անձամբ իրեն հավատարմությունը նախագահի կողմնորոշումներում, այս կամ այն անձի նկատմամբ նրա վերաբերմունքում ունի վճռորոշ նշանակություն: Անցած 5 տարիներին Սարգսյանը եղել է, մատների վրա հաշված, այն եզակի ֆիգուրներից մեկը, ով, չափազանց մեծ լծակներ ունենալով հանդերձ, Սերժ Սարգսյանի համար երբեք կուլիսային, ինտրիգային մակարդակով պրոբլեմներ չի ստեղծել, ավելին` ձեռք է բերել ամենավստահելի «ինֆորմատորի» կարգավիճակը: Ի դեմս նման չեզոք ֆիգուրի` նախագահը կարողանում է նաև հավասարակշռել ներիշխանական առկա բևեռների շահերը, ինչը որոշակի կայունություն է ապահովում: Սա նշանակում է` նախագահը հարաբերական կայունությունը հիմա շատ ավելի է կարևորում, քան անգամ ամենաչնչին ռիսկային զարգացումը, բարեփոխումները: Մինչդեռ մի կառավարության պարագայում, որն առաջնորդվում է վարվող տնտեսական ու սոցիալական քաղաքականության շարունակականության փիլիսոփայությամբ, նման կայունությունն ավելի շատ նմանվում էհեռավոր բրեժնևյան ժամանակաշրջանը հիշեցնող լճացման:
2. Իր չեզոքությամբ ու անկախության բացակայությամբ Տիգրան Սարգսյանը բավականաչափ առաձգական է` անհրաժեշտության դեպքում քավության նոխազ դառնալու առումով: Նա առանց ընդդիմանալու իր վրա է վերցնում քաղաքական, հասարակական շրջանակներից իշխանության հասցեին հնչող հիմնական քննադատությունը` դրանով սլաքները երկրի ղեկավարից տեղափոխելով գործադիր իշխանության հարթություն: Սա նախագահին անհրաժեշտ պահին «պարզերես անելու» հնարավորություն է տալիս: Ավելին` մերթ ընդ մերթ վարչապետի և կառավարության վրա մատ թափ տալով` նախագահը կարողանում է ստեղծել «չար, կաշառակեր բոյարների»` վարչարարների կերպար, որոնց ֆոնին երևում է իբրև «բարի, բայց սկզբունքային թագավոր», որից ամեն ինչ չէ, որ կախված է: Դրանով նա թուլացնում է իրենից հասարակական սպասելիքների ազդեցությունը: Նման վարչապետը և կառավարությունը միշտ էլ պոտենցիալ զոհեր են` անհրաժեշտության դեպքում իրավիճակի զոհասեղանին դրվելու համար:
3. Տիգրան Սարգսյանի գործոնը նախագահի համար կենտրոնական նշանակություն ունի նաև ընդդիմության հետ հարաբերություններում: ԲՀԿ-ն, փաստացի ընդհանրական իշխանափոխության փոխարեն, առաջ է քաշում ընդամենը իշխանության մեջ քվոտան մեծացնելու պահանջը և դա փորձում է անել գործադիր իշխանության, հատկապես` Տիգրան Սարգսյանի հաշվին: Իր այս ձգտումներով ԲՀԿ-ն հավասարակշռում է այս պահին «Ժառանգության»` իշխանության մեջ ընդդիմություն դառնալու բանաձևին, որն ամփոփված էր Րաֆֆի Հովհաննիսյանի` Սերժ Սարգսյանին ուղղված հայտնի առաջարկությունների տողատակում: Այսպիսով` օգտագործելով Տիգրան Սարգսյանի` քննադատության թիրախ դարձած աշխատաոճը, փաստացի ռազմավարությունից զուրկ տնտեսական քաղաքականությունը` նախագահը կարողանում է ընդդիմադիր այս երկու բևեռների ուժերը հավասարակշռել` նրանց դրդելով միմյանց միջև դիրքային պայքարի: Արդյունքում` ընդդիմությունը իշխանության դեմ պայքարելու փոխարեն սկսում է ինքն իր հետ կամ մեջ կռվել:
4. Իր` անցած 5 տարիների գործունեությամբ Տիգրան Սարգսյանը կարողացել է որոշակի պարիտետ սահմանել Արևմուտքի և Ռուսաստանի միջև և հավասարապես ընկալելի ու ընդունելի դառնալ այս երկու աշխարհաքաղաքական կենտրոնների կողմից միաժամանակ: Ամենակարևորը` նա ապացուցել է, որ կարողանում է փող բերել թե' Բրյուսելից և թե' Մոսկվայից, ինչը իշխանության համար առանձնակի կարևոր է, հատկապես` արդեն ուրվագծվող տնտեսական ճգնաժամի հաղթահարման տեսանկյունից: Արևմուտքը Տիգրան Սարգսյանի մեջ տեսնում է կառավարման արևմտյան մշակույթ կրողի, որն ունակ է ինտենսիվորեն բարեփոխել պետական կառավարման համակարգը: Իսկ Ռուսաստանի համար նա ընդունելի է այնքանով, որ փաստացի ոչ միայն չի տորպեդահարում եվրասիական ինտեգրաման պրոցեսներին Հայաստանի միանալը, այլև նույնիսկ անուղղակիորեն նպաստում է դրան և դա անում է այնքան նուրբ, որ լուրջ դիմակայության չի մղում եվրոպացիներին: Ընդամենը 10 օր առաջ է կառավարությունը Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի հետ ստորագրել համագործակցության հուշագիր: Միայն դրանից պետք է հասկանալ, թե ինչպիսի դերակատարում է վերապահվում առաջիկայում այս հարցում Տիգրան Սարգսյանին: Դա, իր հերթին, նշանակում է, որ նրա միջոցով նախագահը շարունակելու է երկու բևեռների միջև մանևրելու կուրսը` «ինչքան կստացվի» տրամաբանությամբ:
Գևորգ ԱՂԱԲԱԲՅԱՆ