կարևոր
5695 դիտում, 1 տարի առաջ - 2023-02-06 14:43
Հասարակություն

Ցանկալի է թուրքական տեղանունների փոխարեն կիրառել հայկականը, այնուամենայնիվ խոսքը պատմական Հայաստանի տարածքների մասին է

Ցանկալի է թուրքական տեղանունների փոխարեն կիրառել հայկականը, այնուամենայնիվ խոսքը պատմական Հայաստանի տարածքների մասին է

Ռազմական փորձագետ Մհեր Հակոբյանը գրում է․

«Հարգելի լրատվամիջոցներ, ես իհարկե չեմ պնդում անպայման կիրառել ՀԱՅԿԱԿԱՆ ՏԵՂԱՆՈՒՆՆԵՐԸ կամ չկիրառել թուրքականները, բայց, թուրքական երկրաշարժի մասին գրելի չէր խանգարի ստորև գրվածը համենայն դեպս հաշվի առնել և որևէ կերպ արտացոլել նաև այն հանգամանքը, որ խոսքը ՊԱՏՄԱԿԱՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ տարածքների մասին է: Եվ այսպես.

Кахраманмараш/Ղահրամանմարաշ – հայկական Մարաշն է, որին արհեստականորեն միացրել են «Ղահրաման» սկիզբը՝ նկատի ունենալով Կիլիկիայից արևմուտք գոյություն ունեցած Ղահրամանյանների էմիրությունը, որի տարածքը հայտնի էր որպես Ղահրամանիա: Քաղաքը դիմադրեց թուրք ջարդարարներին 1919 թ-ի դեկտեմբերի 25-ից մինչև 1920 թ-ի փետրվարի կես, երբ հայերն ու իրենց աշխարհազորը ֆրանսիացիների հետ միասին լքեցին քաղաքը,

Адане/Ադանե – սա հայկական Ադանան է: Ադանայի ջարդ և այլն: Քաղաքը դատարկվեց հայերից 1920 թ-ի օգոստոսին, երբ ֆրանսիական բանակի հեռանալուց հետո հայերը լքեցին քաղաքը և կազմակերպված ձևով հեռացան,

Газиантепе/Ղազինթեփե – սա հայկական Այնթապն է, որը վերջնականապես հայաթափվեց 1923 թ-ի հունվարին, երբ Կիլիկիան անցավ Թուրքիային: Այնթապն այն աստիճան էր կանգնած Աթաթուրքի կոկորդում, որ հայերի հեռանալուց հետո քաղաքի անունը փոխվեց հենց Ղազինթեփե՝ «Ղազիների քաղաք» իմաստով,

Մերսին/Мерсине – սա պատմական Սոլեն է, որին տիրում էր դեռևս Տիգրան II Մեծը: Քաղաք է Կիլիկիայի հարավ-արևմուտքում, որտեղ 1920 թ-ի ապրիլի 1-ից մինչև հունիս Կովկասում մարտնչած 2 հայ սպաների գլխավորած Հայկական աշխարհազորը (200 հոգի) դիմադրություն կազմակերպեց Թուրքիայի Հանրապետության բանակի և բաշիբոզուկների դեմ: Քաղաքը չգրավվեց, բայց ֆրանսիական բանակի հեռանալուց հետո հայերը լքեցին քաղաքը և կազմակերպված ձևով հեռացան,

Շանլիուրֆե/Шанлыурфе – սա հայկական Ուրֆան է՝ Եդեսիան, Հայոց Միջագետք նահանգի մայրաքաղաքը, հայ գրի և դպրության հայտնի կենտրոնը, Եդեսիայի խաչակրաց կոմսության սիրտը: Եդեսիայի հայերը դիմեցին ինքնապաշտպանության դեռևս 1915 թ-ի հունիսի 6-ին և, ընդհուպ մինչև քաղաքի գրավված ավերակներում, դիմադրեցին մինչև նոյեմբերի վերջ: Եվս մեկ անգամ քաղաք վերադարձած հայերը ինքնապաշտպանության դիմեցին 1920 թ-ին և հաջող դիմացան մինչև 1923 թ-ի մայիս, երբ, չհանդուրժելով վերսկսվող քեմալական բռնությունները, կազմակերպված ձևով հեռացան հայրենի քաղաքից»:

Այսքանը: