կարևոր
0 դիտում, 11 տարի առաջ - 2013-04-17 15:45
Հասարակություն

Մանկապարտեզների սաների ծնողներից պահանջում են գումար փոխանցել բանկ

Մանկապարտեզների սաների ծնողներից  պահանջում են գումար փոխանցել բանկ

Օրերս Երեւանի ավագանու ընտրություններում ՀՅԴ համամասնական ցուցակի 6-րդ համարը զբաղեցնող Արթուր Ղազարյան yerkir.am-ի հետ զրույցում պատմեց դպրոցներում ու մանկապարտեզներում դրամահավաքության բացասական երեւույթի մասին:

 

Ավագանու թեկնածուն, մասնավորապես, նշեց, որ ինքը երկու մանկահասակ երեխաների հայր է, եւ փաստացի 3 օր առաջ, երբ երեխաներին տարել է մանկապարտեզ, մեծ որդու դաստիարակչուհին նրան ինչ-որ բանկի հաշվեհամար է տվել եւ ասել` քանի որ երեխան ավարտական խմբի սան է, այդպիսի խմբերի երեխաների ծնողները այդ հաշվեհամարին նվազագույնը 3000 դրամ (ավելին` ծնողների հայեցողությամբ) են պարտավոր փոխանցել: Ընդ որում` ասել են, որ այդ գումարը պետք է փոխանցվի մինչեւ այս ամսվա վերջը, իսկ ամենաուշը` մինչեւ  մայիսի 4-ը:

 

«Նպատակը ես այդպես էլ չհասկացա, բայց կասկած է առաջացնում, որ այս պահին այդ դրամահավաքության, այն էլ` հաշվեհամարով, գումարները, իհարկե, տնօրինելու են կա'մ քաղաքային իշխանությունները, կա'մ վարչական շրջանի ղեկավարությունը, այսինքն` եթե նայենք` նախակրթարանի քանի հազար սան է այսօր հաճախում Երեւանի մանկապարտեզներ, բազմապատկենք նվազագույն 3000 դրամով... Եվ դա պարտադրում են մինչեւ այս ամսվա վերջը: Կարծում եմ` գալիք ընտրությունների համար ֆինանսներ են փորձում հայթայթել: Անկեղծ ասած` այս կարգի կասկածների տեղիք է տալիս»,- նշեց Արթուր Ղազարյանը:

 

Բացի այդ` ավագանու թեկնածուն մատնանշեց նաեւ մանկապարտեզներում օտար լեզվի, պարի եւ այլնի համար պահանջվող դրամահավաքների երեւույթը: Զավեշտն այն է, որ մանկապարտեզներում օտար լեզու սովորեցնելու համար գումարներ են ուզում նույնիսկ երկամյա երեխաների ծնողներից, մինչդեռ այդ երկամյա երեխան դեռեւս հայերեն բառերը նորմալ արտասանել չգիտի կամ մամա-պապա ասելուց այն կողմ ոչ մի բառ չի ասում:

 

Փորձեցինք քաղաքապետարանից հետաքրքրվել, թե այդ ինչ հաշվեհամար է, եւ ինչու են երեխաների ծնողներին ստիպում այդ հաշվեհամարին գումարներ փոխանցել, բայց այդպես էլ չկարողացանք կապ հաստատել քաղաքապետարանի կոմպետենտ պաշտոնյաներից եւ ոչ մեկի հետ: Հույս ունենք, որ քաղաքապետարանը դեռ այս հարցի առնչությամբ պարզաբանում կներկայացնի:

 

Հարկ է նշել, որ, ըստ քաղաքապետարանի կայքի, Երեւանի քաղաքապետարանի ենթակայութան տակ գործում է 161 մանկապարտեզ, որոնք բոլորը միասին ունեն 30 հազար 957 սան: Հասկանալու համար, թե որքան գումարներ կարող են հավաքվել հիշյալ բանկային հաշվի վրա, անհրաժեշտ է ուղղակի մանկապարտեզների ավարտական խմբերի սաների թիվը բազմապատկել պահանջվող 3000 դրամով…