կարևոր
0 դիտում, 11 տարի առաջ - 2013-07-30 11:24
Հասարակություն

Առողջապահության նախարարության թողտվությամբ ծնողներից հավելյալ վճարումներ են գանձվում. ՄԻՊ

Առողջապահության նախարարության թողտվությամբ  ծնողներից հավելյալ վճարումներ են գանձվում. ՄԻՊ

Մարդու իրավունքների պաշտպանը դեռևս իր նախորդ տարեկան զեկույցում անդրադարձել էր Երեխայի առողջության պետական հավաստագրի ծրագրի բացթողումներին: Համաձայն ծրագրի՝ մինչև 7 տարեկան երեխաների բուժօգնությունն անվճար է, մինչդեռ ծնողները, ունենալով անվճար բուժօգնության համար անհրաժեշտ փաստաթուղթ, հաճախ ստիպված են լինում հավելյալ վճարումներ կատարել առանձին բժիշկների:

 

ՄԻՊ գրասենյակից հայտնում են, որ  խնդրի բարձրաձայնումից անցել է շուրջ մեկ տարի, սակայն դրական առաջընթաց չի գրանցվել: Ավելին` պաշտպանի աշխատակազմը շարունակում է դիմում-բողոքներ ստանալ նմանատիպ խախտումների վերաբերյալ, հատկապես՝ «Գյումրու մոր և մանկան ավստրիական հիվանդանոց» ՓԲԸ-ի դեմ: Այս մասին պաշտպանը պաշտոնապես տեղեկացրել է ՀՀ առողջապահության նախարարին, սակայն որևէ հստակ պատասխան չի ստացել, թե արդյո՞ք իրավախախտները ենթարկվել են պատասխանատվության, թե` ոչ:

 

«Առողջապահության նախարարության թողտվության պայմաններում ծնողներից հավելյալ վճարումներ են գանձվում»,- նշում է Կարեն Անդրեասյանը և մեկ անգամ ևս հիշեցնում, որ հավաստագիրը հիվանդանոցային հաստատության կողմից մատուցվող անվճար բժշկական ծառայությունների կազմակերպման հիմք է: Այն պոլիկլինիկայի ուղեգրի և ծննդյան վկայականի հետ միասին ներկայացվում է երեխայի հիվանդանոցային բուժօգնությունը իրականացնող բուժհաստատություն, իսկ անհետաձգելի օգնություն պահանջող դեպքերում հոսպիտալացումը կարող է իրականացվել բժշկի եզրակացության հիման վրա:

 

Պաշտպանը կոչ է անում քաղաքացիներին` նման խնդրի հանդիպելիս դիմել Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմ, իսկ առողջապահության նախարարությանը հորդորում է իրագործել «Երեխայի առողջության պետական հավաստագրի ծրագրի ներդրման մասին» հրամանի դրույթներն ու լիարժեք ապահովել երեխաների անվճար բուժօգնության իրավունքը: