կարևոր
0 դիտում, 11 տարի առաջ - 2013-04-12 17:42
Հասարակություն

Բամբասանքին պետք չէ բամբասանքով պատասխանել

Բամբասանքին պետք չէ բամբասանքով պատասխանել

Ճարտարապետ Արշակ Մինասյանը հանդես է եկել հայտարարությամբ, ըստ որի` Օձունի վանքի վերականգնումը ձախողվում է պատասխանատուների պատճառով:

 

Մինասյանի հավաստմամբ` Օձունի վերականգնման շինարարական աշխատանքները 2013թ. անցած 3 ամսում ձախողվել են գործի պատասխանատուների միջև ստեղծված տարաձայնությունների պատճառով:

 

Եկեղեցու վերանորոգման շինարարական աշխատանքները հեղինակային իրավունքով վերահսկող ճարտարապետ Միշա Հակոբյանը 2013թ. անցած 3 ամսում Օձուն չի եկել: Աշխատանքները ֆինանսավորող «Հովհանես Իմաստասեր Կաթողիկոս Օձնեցի» հիմնադրամը, 2013թ. ապրիլի 10-ի դրությամբ, իրեն չի վճարել 2012թ. հեղինակային վերահսկողության համար պայմանագրով նախատեսված 460 հազար դրամ աշխատավարձը, չնայած նրան, որ Հակոբյանը ներկայացրել է բոլոր հաշվետվությունները: «Ես Երևանից ամսվա մեջ մի քանի անգամ մեկնում եմ Օձուն, ինձ չեն վճարում նաև ճանապարհածախս, գիշերավարձ: Ես ստիպված գիշերում եմ Տեր Վրթանես քահանա Բաղալյանի տանը: Եթե ես իմանամ՝ հիմնադրամը ֆինանսական հնարավորություններ չունի, ես բարեգործաբար կկատարեմ հեղինակային իմ վերահսկողությունը, սակայն ես գիտեմ, որ այդ հնարավորությունները կան, ուղղակի ինձ չեն վճարում»,- ասում է Միշա Հակոբյանը:

 

Yerkir.am-ի հետ զրույցում «Հովհանես Իմաստասեր Կաթողիկոս Օձնեցի» հիմնադրամի տնօրեն Վանուշ Շերմազանյանը նշեց, որ Մինասյանի առաջ քաշած հարցերն իրականությանը չեն համապատասխանում:

 

«Մենք Միշա Հակոբյանի հետ պայմանագիր չենք կնքել, այլ կնքել ենք «Սերվետ» ՍՊԸ-ի հետ, որտեղ էլ աշխատում է վերջինս: Նա իր դժգոհությունը պետք է հայտնի իր կազմակերպությանը: Մենք, այո, չենք վճարել այդ գումարը, բայց մենք, ըստ պայմանագրի, պետք է վճարենք ընդունման, հանձնման ակտի հիման վրա, որը ՍՊԸ-ն մեզ չի ներկայացրել»,- ասաց Շերմազանյանը` հավելելով, թե բամբասանքին պետք չէ բամբասանքով պատասխանել, եւ ինքը միայն փաստերն է ներկայացնում:

 

Ինչ վերաբերում է հարցին, թե Օձունի վերականգնման աշխատանքները դադարեցվել են, ըստ Շերմազանյանի, նույնպես ճիշտ չէ, քանի որ անցած երեք ամսում, այսպես, թե այնպես, այնտեղ աշխատանքներ չեն կատարվել. «Ժամանակացույցով նախատեսված է աշխատանքներն իրականացնել +8-ից բարձր ջերմաստիճանի պայմաններում: Աշխատանքները պետք է սկսվեն ապրիլի կեսերից եւ ավարտվեն հոկտեմբերի վերջին: Վերականգնման աշխատանքների ընթացքում հաճախ նոր խնդիրներ են ծագում, ինչի պատճառով էլ վերականգնող ճարտարապետի ներկայությունն անհրաժեշտ է գրեթե ամեն օր, գոնե` շաբաթական երեք անգամ»: