կարևոր
0 դիտում, 4 տարի առաջ - 2020-03-09 11:22
Տարածաշրջան

Ղուրանում գրվա՞ծ է, որ մուսուլմանները պետք է հայերի թշնամին լինեն. սիրիացի հայտնի բլոգերը պատասխանել է ադրբեջանական կայքի «բացահայտմանը»

Ղուրանում գրվա՞ծ է, որ մուսուլմանները պետք է հայերի թշնամին լինեն. սիրիացի հայտնի բլոգերը պատասխանել է ադրբեջանական կայքի «բացահայտմանը»

Օրեր առաջ ադրբեջանական Day.az կայքը «Ով է ստեղծել Աբբաս Ջումա պրոեկտը» վերնագրով հրապարակում էր արել, ըստ որի «դիմակազերծել» է ռուս-սիրիացի լրագրող-միջազգայնագետ  Աբբաս Ջումային: Համաձայն ադրբեջանցիների՝ Ջուման Russia Today, Sputnik և Россия Сегодня ռուսական հեղինակավոր լրատվամիջոցների գլխավոր խմբագիր Մարգարիտա Սիմոնյանի «ստեղծածն» է:

Ջումային նաև մեղադրում են հակաիսլամական գործունեություն վարելու, Հայաստան այցելության և վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ սելֆի անելու մեջ:

Telegram-ի իր ալիքում Աբբաս Ջուման այդ կայքն անվանել է «երրորդ  կարգի մեդիաաղբաման» և նշել, որ մինչ այս հոդվածի հրապարակումը երբեք չի լսել այդ կայքի մասին, իսկ նյութն իրեն են ուղարկել իր հայ ընկերները:

Ջումային ավելի ծիծաղելի է թվացել այն «վարկածը», ըստ որի ինքը Նիկոլ Փաշինյանի փեսան է, սակայն հավելել է, որ նույնիսկ տեղյակ չէ՝ Փաշինյանն ունի աղջիկ, թե՝ ոչ. հայտնում է Yerkir.am–ը:

Ըստ ադրբեջանցիների՝ Ջուման գումար է ստանում հայկական սփյուռքից՝ իր գործունեության համար. «Ոչ մի կոպեկ չեմ ստացել հայկական սփյուռքից: Նույնիսկ արդեն վիրավորական է: Տղե՛րք, գրեք: Իմ… դրամապանակը միշտ բաց է», - ծաղրել է Ջուման: Ջուման բազմիցս է հանդես եկել պրոհայկական դիրքորոշումներով. ամիսներ առաջ այցելել էր Հայաստան և հոդված հրապարակել:

Ադրբեջանական կայքում նշվում էր նաև, որ Ջուման  չի համապատասխանում իր անվանը, որը մուսուլմանական է. «Հետաքրքիր է, իսկ Ղուրանում գրվա՞ծ է, որ իրական մուսուլմանը պետք է լինի հայերի հակառակորդը և ալիևյան կլանի կողմնակից», - գրում է լրագրողը:

Ջուման Հայաստան կատարած այցելության ընթացքում հայերի և Հայաստանի մասին գովեստի խոսքեր էր ասել՝ նշելով, որ հայերը հրաշք ազգ են: Սա ևս չէր վրիպել ադրբեջանցիների աչքից՝ դրա համար քննադատության արժանացնելով լրագրողին: Ջուման նշել է, որ իրեն իրոք դուր է եկել հայ ազգը, երկիրն ու խոհանոցը, և եթե նույն պայմաններով Ադրբեջանից հրավեր գա՝ կընդունի:

Սիրիացի լրագրողը նշում է, որ իրեն արդեն զանգահարել են մի քանի ադրբեջանցիներ և ներողություն խնդրել: