Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Այսօր ԱԺ-ում կառավարությանն ուղղված հարցուպատասխանի ժամանակ ԱԺ «Ժառանգություն» խմբակցության քարտուղար Զարուհի Փոստանջյանը նշեց, որ երեկ նախագահական նստավայրում կառավարության հրաժարականը ներկայացնելիս վարչապետ Տիգրան Սարգսյանը տխուր էր եւ մտահոգ: Նա հետաքրքրվեց, թե արդյո՞ք այդ մտահոգությունն արդյունք է այն բանի, որ հանձնում են մի կառավարություն, որը թողել է 37 տոկոս աղքատության ցուցանիշ, արտագաղթի մեծ տոկոսներ, հազարավոր քաղցած երեխաներ, 35 հազար նվազագույն աշխատավարձ, Մադրիդյան սկզբունքներ, հայ-թուրքական արձանագրություններ:
«Այս մտահոգությունները եւ մեղքը Ձեզ տանջո՞ւմ է: Այս մեղքի զգացումով արդյո՞ք տառապում եք եւ արդյո՞ք մեղքի զգացումը կիսում են կառավարության անդամները»,- հետաքրքրվեց Փոստանջյանը:
Իր հերթին, վարչապետի պաշտոնակատար Տիգրան Սարգսյանը նախ շնորհակալություն հայտնեց Փոստանջյանին մեծահոգության համար, քանի որ մշտապես հետաքրքրում է, թե իրենք ինչ տրամադրություն ունեն, ինչ զգացումներով են ապրում: Վարչապետը շնորհակալություն հայտնեց, որ Փոստանջյանն «այդքան նրբազգաց է»: «Իհարկե, բազմաթիվ բացթողումներ, սխալներ եղել են այս տարիների ընթացքում: Չի սխալվում այն մարդը, որը ոչինչ չի անում: Չկա նման մի մարդ, որ իր կյանքում մեղք գործած չլինի եւ չզղջա դրա համար, բայց ավելի մեծ համարձակություն է պահանջում, որ մարդը կարողանա տեսնել իր սեփական մեղքերը, բացահայտի եւ նոր սխալներ թույլ չտա»,- հայտարարեց վարչապետը ու չհամաձայնեց Փոստանջյանի տված գնահատականներին:
Փոստանջյանը հետաքրքվեց, թե ի՞նչ պետք է աներ կառավարությունը, որ չի արել այս տարիների ընթացքում, որ աղքատության նման ցուցանիշ չգրանցվեր, այդքան մարդ չարտագաղթեր: «Սա խոսում է Ձեր ձախողման մասին»,- նշեց նա:
Վարչապետը հայտարարեց, որ համաձայն չէ այդ գնահատականին: «Համաձայն չեմ, որ մենք ձախողել են, մենք արել ենք առավելագույնը, կարող էինք ավելի արդյունավետ լինել, բայց ընդհանուր ուղղությունը եւ ռազմավարությունը ճիշտ են եղել: Հիմնական թերությունն այն է եղել, որ չենք կարողացել ձեզ հետ գալ համաձայնության այն հարցի շուրջ, թե որոնք են խնդիրների բուն պատճառները»,- հայտարարեց նա եւ նշեց, որ իրենց աշխատանքի դատավորը ժողովուրդն է, որն արդեն իր գնահատականը տվել է ընտրությունների միջոցով: