Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Ապրիլի 2-ին պարզ կերևա` ժողովուրդն ինչ դերակատարում ունի մեր երկրում: Yerkir.am-ի հետ զրույցում նման կարծիք հայտնեց կոմպոզիտոր Լևոն Չաուշյանը:
Ըստ նրա` քարոզչական ընթացքը շատ բան ցույց տվեց` ևս մեկ անգամ հասկացանք, որ մարդիկ մտածում են` ուրիշը պետք է ինչ-որ բան փոխի մեր կյանքում ու երկրում, ցանկացած մեկը, բայց ոչ մենք ինքներս: Ցավոք, Չաուշյանի կարծիքով, մեր ամբողջ պատմության ընթացքում այս «սովորությունը» մեծ գծով անցնում է:
«Այն, ինչ ասվեց քարոզարշավի ժամանակ` անիմաստ խոսակցություն է. պետք է անենք և պարտավորվում ենք` դա պետք է ասվի, այդ մասին խոսվեր, բայց չարվեց: Մյուս կողմից, եկեք չմոռանանք, որ մեր երկիրը չունի պետական մտածողություն` ո՛չ ժողովուրդն ունի, ո՛չ էլ, ցավոք, պետական այրերը: Ունենալ պետական մտածելակերպ` նշանակում է պատասխանատու լինել ամեն ինչի համար»,-ասաց Չաուշյանը:
Հարցին, թե նրան պարզ դարձավ` որ քաղաքական ուժը, ասենք, մշակութային ոլորտում ինչ պետք է անի, քանի որ քարոզարշավն այս ընթացքում ավելի շատ համերգների էր նմանվում, Չաուշյանը պատասխանեց, որ` ոչ, ոչ ոք կարծես ըստ էության չխոսեց.«Բայց կարծում եմ` մշակութային ծրագրերի մասին խոսելը դեռ վաղ է, բացի այդ, բոլորն էլ հիմնականում հեռու են մշակութային մտածելակերպից: Սակայն պետք է հասկանան, որ մշակույթը ոչ պակաս կարևորություն ունի, քան` մյուս ոլորտները. հայ ազգի համար մշակույթը եղել է միշտ կարևորագույն գծերից մեկը, ու գուցե հենց մշակույթի շնորհիվ էլ պահպանվել է ազգը»:
Կոմպոզիտորի հավաստմամբ` ընտրողներից շատերն իրենց իրավունքների մասին տեղյակ չեն` շատերը կարծում են, որ իրենց քվեարկությունը հսկվում է, չեն հավատում, որ դա անհնարին է: Թե որքանով է հասարակությունը պատրաստ արդար ընտրությունների գնալուն, Չաուշյանի կարծիքով, ընտրությւոններից հետո պարզ կլինի: «Ընտրություններից հետո ինչ-որ բան կերևա` ինչքանո՞վ է ժողովուրդը հասունացել կամ հակառակը, ի՞նչ արժանապատվության զգացում ունի կամ չունի: Գիտեք` ես կուզեի` արդար ընտրություններ լինեին, և անկախ նրանից, թե ով կընտրվի, ես կընդունեմ ժողովրդի ընտրությունը, եթե, իսկապես, ժողովուրդն ընտրի նրան, ով իշխանության գլուխ կկանգնի: Ընտրակաշառք, ձայների հավաքագրում` այդ ամենը բնական է, բայց, կարծում եմ, այս ընտրությունները կեղծելը տեխնիկապես մի քիչ ավելի բարդ է լինելու, բայց չի նշանակում, թե անհնար է կամ էլ չկան նման դեպքեր»,-ասաց Չաուշյանը:
Հարցին, թե արդյո՞ք այս ընթացքը ցույց տվեց, որ արդար ընտրություն է լինելու, Չաուշյանը պատասխանեց, թե` դժվար է ասել.«Շատ դժվար է խոսել` արդար ընտրություններ անցկացնելու վերաբերյալ, դժվար է…»: