Միասին կարող ենք
կարևոր
0 դիտում, 13 տարի առաջ - 2013-04-04 11:50
Իրավական

Հրաչ Մուրադյանի սպանության կասկածանքով ձերբակալվածները երեքն են

Հրաչ Մուրադյանի սպանության կասկածանքով ձերբակալվածները երեքն են

Արդեն տեղեկացրել ենք, որ Պռոշյանի գյուղապետ Հրաչ Մուրադյանի սպանության գործով ձերբակալվածներ կան: Նրանք երեքն են:

 

Այսօր լուսադեմին` ժամը 02:00-ի սահմաններում, կասկածյալները կալանավորվել է Կոտայքի մարզի Պռոշյան գյուղի գյուղապետ Հրաչ Մուրադյանի սպանության առիթով հարուցված քրեական գործով։

 

Համաձայն ՀՀ ոստիկանության հաղորդագրության` «նախաքննության շրջանակներում հարցաքննվել են մի քանի տասնյակ անձինք, կատարվել են քննչական համալիր փորձարարություններ եւ դեպքի վայրի լրացուցիչ զննություն: Ոստիկանության տարբեր ստորաբաժանումների փոխգործակցված միջոցառումների արդյունքում հանցագործությունը կատարելու կասկածանքով կան ձերբակալվածներ: Ձեռնարկվում են անհրաժեշտ օպերատիվ-հետախուզական եւ քննչական միջոցառումներ սպանության դեպքի բոլոր հանգամանքները պարզելու նպատակով»:

 

Ձերբակալվածների ինքնությունը չի բացահայտվում։ Սակայն նախնական` ոչ պաշտոնական տեղեկություններով` նրանք առնչություն ունեն Պռոշյանի գյուղապետի նախկին թեկնածու, հանրապետական Արթուր Մուրադյանի հետ։


Նախօրեին՝ երեկոյան, ոստիկանությունը, դատարանի որոշմամբ, խուզարկություններ էր իրականացրել միանգամից 17 քաղաքացու բնակարանում։ Բերման ենթարկվելուց հետո նրանք ազատ էին արձակվել, որից հետո միայն երեք հոգու կալանավորել են՝ առայժմ 72 ժամով։


Հրաչ Մուրադյանի դին հայտնաբերել էին ապրիլի 2-ին՝ առավոտյան: Դեպքի վայր մեկնած օպերատիվ-քննչական խումբը պարզել էր, որ Հրաչ Մուրադյանը մահացել է աջ քունքի շրջանում ստացած հրազենային վնասվածքից: Ոստիկանության Կոտայքի մարզի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ, նշանակվել են մի շարք փորձաքննություններ: Արդեն բոլոր հիմքերը կան պնդելու, որ գյուղապետի վրա կրակել են ՏՕԶ տեսակի հրազենով: Ի դեպ, պարկուճի բացակայությունը շատ փորձագետների հիմք է տալիս ասելու, որ տեղի ունեցածը քիլլերային հարձակում է:

 

Հրաչ Մուրադյանի հոգեհանգստի արարողությունն այսօր է` ժամը 18:00-ին` Պռոշյան գյուղում։ Հուղարկավորությունը՝ հաջորդ օրը` ապրիլի 5-ին, ժամը 14:00-ին` Պռոշյանի պանթեոնում։


Միաժամանակ, քաղաքացիական հասարակության ներկայացուցիչները հանդես են եկել եւս մեկ նախաձեռնությամբ. այսօր երեկոյան` ժամը 20:00-ին, Ազատության հրապարակում կայանալու է մոմավառություն` ի հիշատակ դավադրաբար սպանված ազատամարտիկի։