|
Փոխարժեքներ
28 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.78 |
| EUR | ⚊ | € 446.44 |
| RUB | ⚊ | ₽ 4.7824 |
| GBP | ⚊ | £ 509.98 |
| GEL | ⚊ | ₾ 140.95 |
Պռոշյանի գյուղապետ Հրաչ Մուրադյանի սպանության գործով մեղադրյալ Արայիկ Պետրոսյանի պաշտպանները երեկ 3-րդ գրությունն են ուղարկել գլխավոր դատախազին` խնդրելով գործի վերաբերյալ հրապարակային դիրքորոշում հայտնել: Բացի այդ` պաշտպանները վերաքննիչ բողոք են ներկայացրել Պետրոսյանի խափանման միջոց կալանքը երկարաձգելու` նախաքննական մարմնի միջնորդության դեմ: Նշենք, որ մինչ այժմ քննիչը կալանքը երկարաձգելու վերաբերյալ 6-րդ միջնորդությունն է ներկայացրել:
Yerkir.am-ի հետ զրույցում Պետրոսյանի երկրորդ պաշտպան Նորայր Նորիկյանը հայտնեց, որ մինչ օրս իր պաշտպանյալի վերաբերյալ նախաքննություն իրականացնող մարմինը ոչ մի ապացույց չի կարողացել հայտնաբերել և, որ գործի նախաքննությունը մտել է փակուղի:
Փաստաբանը տեղեկացրեց, որ առաջիկա օրերին կդիմեն Եվրոպայի խորհրդի Մարդու իրավունքների հանձնակատարին` խնդրելով օգտագործել իր բարձր հեղինակությունը և լիազորությունները, որ ՀՀ իշխանությունների ուշադրությունը հրավիրվի այս գործի վրա: Նորիկյանը վստահեցրեց, որ այս գործով ցանկացած տեղաշարժի արդյունքում Արայիկ Պետորսյանը հայտնվելու է ազատության մեջ:
Yerkir.am-ի դիտարկմանը, թե հնարավո՞ր է` քննիչին բացարկ հայտնելու միջնորդություն ներկայացվի, Նորիկյանը պատասխանեց. «Մտածում ենք այդ ուղղությամբ, ավելին` մենք անգամ դատավարական ղեկավարում իրականացնող դատախազի հսկողությունն ենք կասկածի տակ դնում: Սպասում ենք վերաքննիչ բողոքի պատասխանին, ինչից հետո գուցե նաև քննչական խմբի վերաբերյալ անվստահություն հայտնենք»:
Նշենք, որ Արայիկ Պետրոսյանի շահերը, բացի Նորայր Նորիկյանից, պաշտպանում է նաև Գիվի Հովհաննիսյանը: