Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Արդեն յոթ ամիս է անցել Պռոշյան գյուղի գյուղապետ Հրաչ Մուրադյանի սպանությունից, եւ «Հրաչ Մուրադյան. արդարության պահանջ» շարժումն այսօր երկրորդ անգամ հանդես եկավ ասուլիսով:
Անդրադառնալով հարցին, թե ինչո՞ւ առաջացավ այս ասուլիսի անհրաժեշտությունը, ԱԺ ՀՅԴ խմբակցության քարտուղար Աղվան Վարդանյանը նշեց. «Առաջին` մենք մինչեւ հիմա փորձել ենք առավելագույնս զուսպ հետեւել նախաքննության ընթացքին եւ որեւէ միջամտությամբ կամ, նախաքննության շահերից ելնելով, շատ չխոսենք այս մասին:
Երկրորդ` երեկ ձերբակալվածի դատապաշտպանը հայտարարություն էր արել` կապված համալիր փորձաքննության հետ, եւ միակողմանի գնահատականներ տվել այս փորձաքննությանը: Այդ մասին միանգամից կարող ենք ասել, որ փաստաբանի եզրակացությունը միակողմանի է, եւ փորձաքննության եզրակացությունը նրան իրավունք չէր տալիս նման գնահատականներ տալու:
Երրորդ` կա հասարակական պահանջ ե'ւ Պռոշյան համայնքի բնակչության, ե'ւ մեր կողմից, որ այս սպանության բացահայտումը մեր պետության իրավապահ մարմինների պատվի գործն է, եւ սա չի կարող չբացահայտվել: 7 ամսվա այս շարունակական ընթացքը մեզ իրավունք է տալիս ասելու, որ իրավապահ մարմինները կարող էին շատ ավելի ամբողջական նախաքննություն իրականացնել եւ շատ ավելի արդյունքներ ունենալ մինչեւ հիմա: Առաջին հերթին, խոսքը վերաբերում է Հրաչ Մուրադյանի հանդեպ նախկինում` 2010 թվականին եղած մահափորձին, բազմաթիվ այլ միջադեպերի, եւ ցավոք, մինչեւ հիմա այս երկու հիմնական գործերն իրար միացված չեն:
Հաջորդը` ժամանակն անցնում է, մարդիկ են մահանում, մարդիկ են հեռանում Հայաստանից, մարդիկ են աշխատանքի նշանակվում, որոնք այս կամ այն կերպ, հնարավոր է, կարող էին ավելին իմանալ, տեղյակ լինել ինչ-որ բաներից, եւ այստեղ մենք եւս բաց ենք տեսնում:
Հաջորդը` «Հրաչ Մուրադյան, արդարության պահանջ» հասարակական շարժումը, Պռոշյան համայնքի նախաձեռնությամբ, վաղը կազմակերպում է ակցիա` բողոքի, պահանջի երթ, ժամը 16.00-ին` Արամ Խաչատրյանի արձանի մոտից դեպի նախագահական»,- նշեց Աղվան Վարդանյանը:
Թե ինչո՞ւ նախագահական նստավայր, Աղվան Վարդանյանը պարզաբանեց, որ այս ընթացքում ՀՅԴ-ն հազվադեպ է խոսել, տեղեկություններ փոխանցել ԶԼՄ-ներին, բայց բազմաթիվ հանդիպումներ են ունեցել ոստիկանապետի, մինչեւ 7 հանդիպում` փոխոստիկանապետների, ոստիկանության այն վարչությունների պետերի հետ, որոնք զբաղվում են այս խնդրով, իսկ այսօր էլ հանդիպում կունենան գլխավոր դատախազի հետ:
Աղվան Վարդանյանն ուշադրություն հրավիրեց փաստին, որ ասուլիսին ընդամենը երեք հեռուստաընկերության ներկայացուցիչներ են մասնակցում, եւ երբ նշում է, որ այս գործի բացահայտումը պետության, իրավապահների պատվի հարցն է, հասարակության գործն է, ու ընդամենը երեք տեսախցիկ է տեսնում, դա եւս ինչ-որ բանի վկայություն է: «Հասարակության կամ ուղղորդվող հասարակության միտումների մասին է սա խոսում: Ուզում էի, որ սա անպայման արձանագրվեր»,- նշեց Աղվան Վարդանյանը: