կարևոր
16768 դիտում, 1 տարի առաջ - 2023-01-16 15:20
Հասարակություն

Կամաչեր ասեր, որ կռված տղա է․ 30 տարի անց դաշնակցական անմահ հերոս Արա Հարությունյանին նվիրված հուշահամալիր է բացվել

Հունվարի 15-ը հայրենիքի անմահ նվիրյալ, դաշնակցական Արա Հարությունյանի հիշատակի օրն էր, ով իր կյանքը նվիրաբերել է հանուն հայրենիքի՝ 1993 թվականի  հունվարի 15-ին։

30 տարի անց նույն օրը Արմավիրի մարզի Մյասնիկյան համայնքում տեղի ունեցավ հայրենիքի անմահ նվիրյալներին նվիրված հուշահամալրի բացումը, որին ներկա էին Դաշնակցության ներկայացուցիչներ, Արայի մարտական ընկերներն ու հարազատները, համայնքի ղեկավարությունն ու բնակիչները:

Շուշիի առանձնակի գումարտակի առաջին վաշտի նախկին հրամանատար Անդրանիկ Մուրադյանը Yerkir.am-ի հետ զրույցում ասաց, որ ժամանակին մի փոքր տապանաքար էր դրված այդտեղ․ «Արայի կողքին կային էլի նահատակված տղաներ, դիմացն էլ 44-օրյա պատերազմի նահատակներն են, որոշվեց, որ կարելի է կարգի բերել տապանաքարը, որովհետև այդ տղաները մարտնչել են ազգի, հայրենիքի համար և հաճելի չէ, որ տապանաքարը անշուք մնա։ Արա Հարությունյանի եղբայրը  համայնքի մի քանի բնակիչների հետ որոշել է լայնածավալ աշխատանք սկսել, որի արդյունքում կլինի մի հուշահամալիր, որը սերունդները կնայեն, կգնահատեն, կհիշեն, և այդ ոգով կշարունակեն մեր նահատակված ընկերների պայքարը»,- ասաց նա։

Արա Հարությունյանի եղբայր Արմեն Հարությունյանն էլ նշեց, որ ընդհանուր աշխատանքները եղել է գյուղի, համայնքի միջոցով, ով ինչով կարողացել է օգտակար է եղել թե՛ կառուցապատման աշխատանքներում, թե՛ վարպետների և թե՛ ֆինանսապես․ «Ամեն ինչ սկսվել է Արմավիրի քաղաքապետարանից։ Առաջին քայլով չորս ընտանիքի գումար են հատկացրել ու ամբողջ շարժը այդտեղից է սկսվել։ Ինչքան որ գումարը հերիքեց աշխատանքների համար կատարեցինք, հետո արդեն ընթացքում գյուղի տղաների, բարերարների օգնությամբ կարողացանք լայնածավալ աշխատանք անել։ Ճիշտ է այս պահին դեռ կիսատ  բաներ կան, ընդհանուր աշխատանքները դիմացի մասով դեռ չենք վերջացրել, բայց դա ընթացքում կկատարվի և կվերջացնենք աշխատանքները»,- ասաց հերոսի եղբայրը։

Մյասնիկյան գյուղում նաև Արա Հարությունյանի անունով դպրոց կա։ Նա նաև Շուշիի ազատագրմանն է մասնակցել։

Շուշիի առանձին գումարտակի առաջին հրամանատար Անդրանիկ Մուրադյանը նրան ամաչկոտ էր հիշում, ասում է՝ կամաչեր ասեր, որ կռված տղա է․ «Արա Հարությունյանը 1992թ․-ին եկել է Շուշի՝ մեր գումարտակը՝ Դաշնակցության գումարտակը։ Այդ ժամանակ Մարտակերտի տարածքում դիրքերի պատասխանատուն էի և այդ ժամանակ բոլոր կամավորները, մեր մարտական ընկերները, ովքեր միացել էին մեզ, իհարկե գումարտակի վերահսկողության ներքո, որովհետև գումարտակը ուներ իրա դիսցիպլինան, կարգ ու կանոնը, և երիտասարդները համախմբվել էին, որոնց մեջ էր Արան։ Նա շատ ազնիվ, ծիծաղկոտ, լավ երտասարդ էր, ում ընտանիքի հետ կապի մեջ ենք, լավ դաստաիարկություն ունեցող երիտասարդ, ում պայքարը շատ կարճ տեվեց, ցավոք, բայց այդ մի քանի ամիսների ընթացքում ձևակերպեց ազնիվ հայորդու, Դաշնակցականի անուն։ Գումարտակի հրամանատարությունը որոշեց, որ նա պետք է գնա տանկի վերաապատրաստման, քանի որ սիրում էր, իր մեջ կար հայրենասիրական ոգին, նա ուզում էր հզոր տեխնիկան տիրապետել։ Այդ քանի ամիսների ընթացքում ինձ թվաց, թե տասնյակ տարիներ ծանոթ էի նրան»,- ասաց նախկին հրամանատարը։