Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Երբ Հայաստանում թեժացան կրքերը Միխայիլ Բաղդասարովին պատկանող «Արմավիա» ավիաընկերության սնանկացման կապակցությամբ, պարզ դարձավ նրա հետ կապված մեկ այլ հանգամանք եւս:
Հայաստանում «Միկա-ցեմենտ»-ի արտադրված պորտլանդցեմենտ M-400 տեսակի մեկ` 50 կիլոգրամանոց պարկը Հայաստանում ավելի թանկ է, քան հարեւան Վրաստանում: Հիշեցնենք, որ «Միկա-ցեմենտը»-ը պատկանում է «Միկա Լիմիթեդ»-ին, որի սեփականատերը Միխայիլ Բաղդասարովն է:
Եվ այսպես` Վրաստանում 50 կիլոգրամանոց 1 պարկ պորտլանդցեմենտն արժե մոտ 2000 ՀՀ դրամին համարժեք վրացական լարի, այն դեպքում, երբ նույն տեսակի ցեմենտի 1 պարկի արժեքը հայկական շուկայում տատանվում է 2700 դրամի շրջակայքում: yerkir.am-ի տեղեկություններով` Վրաստանի հետ սահմանամերձ շրջանների բնակիչները ցեմենտը գնում են ոչ թե Հայաստանից, այլ սահմանն անցնում եւ այն գնում են Վրաստանից:
Թե ինչո՞ւ է այսպիսի վիճակ ստեղծվել, դժվար չէ հասկանալ: Համենայն դեպս, դա պարզ է դառնում «Միկա-Ցեմենտ» ընկերության գնային առաջարկներին ծանոթանալիս: Ներքին շուկայի համար «Միկա Ցեմենտ»-ի ապրանքների գները, ներառյալ` ԱԱՀ-ն, հետեւյալն են` պորտլանդցեմենտ M-400` 50 կիլոգրամանոց պարկերով 1 տոննայի արժեքը 53 հազար դրամ է, այսինքն` մեկ պարկը` 2650 դրամ: Նույն տեսակի բաց` չփաթեթավորված ցեմենտի մեկ տոննան արժե 48 հազար դրամ, այսինքն` 50 կիլոգրամը ստացվում է 2400 դրամ:
FCA պայմաններով վաճառքը «Հրազդան Ինկոթերմս 2000-ից» նույն պորտլանդցեմենտ M-400 տեսակի ցեմենտի համար կատարվում է հետեւյալ գներով` 50 կիլոգրամանոց պարկերով 1 տոննայի արժեքը կազմում է 75 ԱՄՆ դոլար կամ 31 հազար 387.5 դրամ, կամ 1 պարկն արժե` 1569.38 դրամ, իսկ չփաթեթավորված 1 տոննա ցեմենտն արժե 70 դոլար կամ 29 հազար 295 դրամ, հետեւաբար` 50 կիլոգրամը ստացվում է 1464.75 դրամ: FCA (վերծանումը` FREE CARRIER, եղանակը` տրանսպորտի բոլոր տեսակներով) պայմաններով վաճառքին անվանում են «Ֆրանկո փոխադրումներ», որը ենթադրում է, որ վաճառողը գնորդի նշած հասցեով կհասցնի մաքսազերծված ապրանք: Սա, պարզ է, ցեմենտի մեծածախ գինն է, որն առաջարկվում է խոշոր ծավալներով գնորդներին:
Վրացական շուկայի համար ընկերությունը կիրառում է վաճառք DAF պայմաններով (վերծանումը` DELIVERED AT FRONTIER` հանձնել սահմանին, կամ հասցնել մինչեւ սահման, որն իրականացվում է տրանսպորտի ցանկացած տեսակով): Վրաստանին ցեմենտի վաճառքն իրականացվում է «Այրում Ինկոթերմս 2000»-ի միջոցով: Վաճառքի այս պայմանները ենթադրում են արտահանման համար պահանջվող մաքսազերծման գործընթացների կատարում, բայց ներմուծման համար մաքսազերծում չի կատարվում, եւ ապրանքը, որը դեռեւս չի բեռնաթափվել փոխադրամիջոցից, հասցվել է այն երկրի սահման` համապատասխան մաքսատուն, որի ռեզիդենտն է գնորդը:
Այս պայմաններով Վրաստանին ցեմենտի վաճառքն իրականացվում է հետեւյալ գներով` 50 կգ-անոց պարկերով 1 տոննա պորտլանդցեմենտ M-400-ն արժե 76 դոլար` 31 հազար 806 դրամ: Այսինքն` 1 պարկն արժե 1590.3 դրամին համարժեք վրացական լարի: Նույն քանակի, բայց չփաթեթավորված ցեմենտի 1 տոննան արժե 72 դոլար` 30 հազար 132 դրամ, կամ 50 կիլոգրամը կարժենա 1506.6 դրամին համարժեք վրացական լարի:
Այստեղից պարզ է դառնում, որ Հայաստանում «Միկա-Ցեմենտ»-ի արտադրած պորտլանդցեմենտի մեկ 50 կիլոգրամանոց պարկը մոտ 21 դրամով ավելի էժան է, քան Վրաստանին վաճառված ցեմենտի մեկ պարկը: Պարզ է մեկ բան` թե’ Հայաստանի շուկայի, թե’ Վրաստանի համար նախատեսված` ցեմենտի մեծածախ գները համարյա նույնն են: Սակայն Հայաստանում մանրածախ ցեմենտի 50 կիլոգրամանոց մեկ պարկի արժեքն արդեն մոտ 1000 դրամով ավելի թանկ է մեծածախից, իսկ Վրաստանում մանրածախ ու մեծածախ գների տարբերությունը մոտ 400 դրամ է:
Սա կարող է հուշել երկու բան. առաջին` որ վրացի գործարարներն ավելի «խղճով» են, քան հայ գործարարները, եւ երկրորդ` Վրաստանում հարկային ու մաքսային վարչարարությունն ավելի մեղմ է, քան Հայաստանում: Որովհետեւ ապրանքների մեծածախ ու մանրածախ գների միջեւ այսպիսի տարբերությունը, հասկանալի է` պայմանավորված են գնի մեջ ներառված հարկերով, լրացուցիչ ծախսերով ու, մասնավորապես, ավելացված արժեքի հարկով:
Արդյունքում ստացվում է, որ Հայաստանի ներքին շուկայում ցեմենտի գինը 35 դրամով ավելի բարձր է այն գնից, որ «Միկա-Ցեմենտ»-ն առաջարկում է պոտենցիալ գնորդներին «Պորտ Կավկազ» նավահանգստից` FOB (FREE ON BOARD` Ֆրանկո Բորդ) պայմաններով: Իսկ այս պայմաններով վաճառքը ենթադրում է ապրանքների փոխադրում ջրային տրանսպորտի միջոցով, ու վաճառողից այս դեպքում պահանջվում է միայն արտահանման համար անհրաժեշտ մաքսազերծում կատարել:
Մոտավորապես այս սկզբունքն է գործում նաեւ Հայաստանից Վրաստան մատակարարվող էլեկտրաէներգիայի գնի հարցերում, երբ մեր երկրի քաղաքացիները բողոքում են, որ մեր երկրում մեր արտադրած էլեկտրաէներգիան ավելի թանկ է բնակչին վաճառվում, քան հարեւան Վրաստանին: Ստացվում է մի հետաքրքիր երեւույթ, որ մենք` մեր էկոլոգիայի, բնական պաշարների, այլ ռեսուրսների հաշվին հարեւաններին ու այլոց ավելի շատ «լավություններ ենք» անում, քան մեր երկրի քաղաքացիներին:
Գեւորգ ԱՎՉՅԱՆ