|
Փոխարժեքներ
28 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.7 |
| EUR | ⚊ | € 445.5 |
| RUB | ⚊ | ₽ 4.814 |
| GBP | ⚊ | £ 510.64 |
| GEL | ⚊ | ₾ 140.8 |
Այսօր ԱԺ էին հրավիրվել Համաշխարհային բանկի այն մասնագետները, որոնք ուսումնասիրություններ են անցկացրել «Նաիրիտ»-ում: Նրանք պետք է ներկայացնեին ուսումնասիրության արդյունքները, սակայն հրաժարվեցին լրատվամիջոցների ներկայությամբ հայտնել «Նաիրիտ»-ի վերագործարկման վերաբերյալ իրենց կարծիքը, ինչը հարուցեց պագամավորների դժգոհությունը:
Դա անտրամաբանական էր, քանի որ Համաշխարհային բանկի ուսումնասիրությունների ամբողջ ընթացքը և եզրակացությունը տեղադրված է էներգետիկայի և բնական պաշարների պաշտոնական կայքէջում, սակայն ՀԲ մասնագետները պահանջում են փակ քննարկում:
Էներգետիկայի ու բնական պաշարների նախարար Երվանդ Զախարյանը նշեց. «Համաշխարհային բանկի մասնագետների կարծիքը և առաջարկությունները հիմք չեն «Նաիրիտ»-ի վերագործարկման վերաբերյալ կառավարության կողմից կայացվելիք որոշումների համար: Կառավարությունն է վերջնականապես որոշելու «Նաիրիտ» գործարանի ճակատագիրը: Կառավարության դիրքորոշումն է` ճանապարհներ փնտրել գործարանի վերագործարկման համար: Մենք պատրաստ ենք լսել ցանկացած ներդրողի առաջարկություն»:
Նախարարը նշեց, որ կառավարությունը մեծապես հակված է ամեն ինչ անել գործարանի վերագործարկման համար, հենց թեկուզ այն պատճառով, որ գործարանի չվերագործարկումը հանգեցնելու է սարսափելի մեծ ծախսերի, որոնց կառավարությունը պատրաստ չէ: «Թող չթվա, թե սա տրիկոտաժի, հագուստի կամ ալյուրի գործարան է: Վաղը կարող ենք դնել սնանկացման ու սկսել մաս-մաս վաճառել: Դա այդպես չէ: Սա քիմիական գործարան է` իր բոլոր դժվարություններով, անվտանգության համակարգերով, լուրջ պատասխանատվություն է, անգամ` սնանկացման պրոցեսը: Ավելի հեշտ է վերագործարկելը, քան չգործարկելը, քանի որ չգործարկելը սարսափելի մեծ ծախսեր է առաջացնում պետության համար: Այնպես որ` թյուր կարծիք է, որ կառավարությունը «Նաիրիտ»-ը տանելու է սնանկացման»,- ասաց Զախարյանը: