կարևոր
0 դիտում, 8 տարի առաջ - 2016-01-11 14:55
Քաղաքական

Իրանի հետ երկաթգիծ անցկացնելու` հայկական թանկ նախագիծն ավելի հուսալի է, քան ադրբեջանական էժանը. ՀՀԿ պատգամավոր

Իրանի հետ երկաթգիծ անցկացնելու` հայկական թանկ նախագիծն ավելի  հուսալի է, քան ադրբեջանական էժանը. ՀՀԿ պատգամավոր

Այսօր ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր, ԱԺ ֆինանսավարկային հարցերի հանձնաժողովի նախագահ Գագիկ Մինասյանը լրագրողների հետ զրույցում անդրադարձավ Հյուսիս-հարավ ճանապարհի կառուցմանը և Հայաստան-Իրան երկաթգծի կառուցման հեռանկարներին:

Լրագրողները հարցրեցին, թե ինչպե՞ս է գնահատում Հյուսիս-հարավ ճանապարհի կառուցման աշխատանքները, որոնք չափազանց ձգձգվում են և ուղեկցվում չարաշահումներով: ՀՀԿ-ական պատգամավորը պատասխանեց, որ դրական է գնահատում այդ ծրագրի իրականացումը: Ինչ վերաբերում է ծրագրի հետ կապված տարատեսակ խնդիրներին, նա նշեց, որ այդպիսի մեծ ծրագիր Հայաստանը երբեք չի իրականացրել, ուստի բնական է, որ կարող են որոշ խնդիրներ ունենալ, բայց իշխանությունները ձգտում են, որ չարաշահումները չլինեն, ու աշխատանքներն էլ որակով լինեն:

Չարաշահումների վերաբերյալ Մինասյանը նշեց, որ  դրանք բացահայտվել են, ու չարաշահումներ իրականացնողները հավուր պատշաճի պատասխանատվության են ենթարկվել:

«Հյուսիս-հարավ մայրուղու շինարության ծրագիրը  չափազանց ճիշտ որոշում էր, դա հնարավորություն կտա օգտագործելու մեր ներքին ռեսուրսների մեծ մասը: Ըստ կանխատեսումների` 2019-ին այդ ծրագիրն արդեն կգործարկվի` Պարսից ծոցի նավահանգիստները կապելով Սև ծովի նավահանգիստների հետ»,- ասաց նա:

Անդրադառնալով Հայաստան-Իրան երկաթծի կառուցման նախագծին` պատգամավորը նշեց, որ այս հարցում իրականում Իրանի իշխանությունները պետք է լուրջ որոշում կայացնեն, որովհետև Իրանի համար կա երկու տարբերակ` կա\'մ ընթացք տալ Հայաստանի հետ երկաթգծի կառուցման նախագծին, կա\'մ որոշել Ադրբեջանի հետ կառուցել երկաթգիծ: Ըստ նրա` Հայաստանի հետ երկաթգծի նախագիծն ավելի թանկ է, բայց երկարաժամկետ առումով այն ավելի հուսալի, քան ադրբեջանական նախագիծը, որը թեև ավելի էժան է, սակայն քաղաքական ու կրոնական իրողություններ կան, որոնք խնդրահարույց են դարձնում երկաթուղու շահագործումը Ադրբեջանում, ուստի տեսանելի ապագայում Ադրբեջանի հետ հարաբերություններն անամպ լինել չեն կարող: