կարևոր
0 դիտում, 8 տարի առաջ - 2016-02-08 19:40
Տնտեսական

Հրազդանի ՋԷԿ-ի էլեկտրաէներգիան ավելի թանկ է, քան Վրաստանով ՌԴ-ից ՀՀ տեղափոխվողը

Հրազդանի ՋԷԿ-ի էլեկտրաէներգիան ավելի թանկ է, քան Վրաստանով ՌԴ-ից ՀՀ տեղափոխվողը

Վրաստանի  պետական էլեկտրահամակարգը սկսել է  երկու ուղղություններով՝ Ռուսաստանից Հայաստան և Ադրբեջանից Թուրքիա տարանցիկ միջանցքի գործառույթի իրականացումը: Փետրվարի 5-ին սկսվել է Ռուսաստանից Հայաստան էլեկտրաէներգիայի տրանզիտը:

Yerkir.am-ի հետ զրույցում ՀՀ էներգետիկայի նախարարության մամուլի խոսնակ Վասակ Թարփոշյանը նշեց. «Էներգաարտադրության հաստատված հաշվեկշռով փետրվարի համար նախատեսված` Հրազդանի ՋԷԿ-ի արտադրած էլեկտրաէներգիան, որն ամենաթանկն է էներգահամակարգում, էժան էլեկտրաէներգիայով փոխարինելու նպատակով պայմանագիր է կնքվել Վրաստանի միջազգային էներգետիկ կորպորացիայի հետ Հայաստան էլեկտրաէներգիա մատակարարելու վերաբերյալ: Փետրվարի 5-ից սկսվել են էներգամատակարարումները: Նախատեսվում է մինչև ամսվա վերջ ներկրել մինչև 20 միլիոն կիլովատտ ժամ կամ միջինը օրական 650-ից 700 կիլովատտ ժամ էլեկտրաէներգիա: Պայմանագիրը կնքվել է` էներգահամակարգի տնտեսական շահավետությունից ելնելով: Ի տարբերություն Հրազդանի ՋԷԿ-ի, որի արտադրած էլեկտրաէներգիայի սակագինը 35,7 դրամ է, կնքված պայմանագրի շրջանակներում էլեկտրաէներգիան ձեռք է բերվում 31,1 դրամով: Նշենք, որ երկու դեպքում էլ սակագինն առանց ԱԱՀ-ի է»:

Ըստ մեր զրուցակցի` հոսանքի արտադրության ծավալների խնդիր չկա, պարզապես Հրազդանի ՋԷԿ-ի թանկ էլեկտրաէներգիան փոխարինվում է առավել էժան էլեկտրաէներգիայով: