Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Կենտրոն և Նորք-Մարաշ ընդհանուր իրավասության դատարանում շարունակում է քննվել «Բանդա» ավազակային խմբի 6 անդամների դեմ հարուցված քրեական գործը: Վերջիններս, այդ թվում` «Սուրիկի լավաշ» ընկերության տնօրենի որդին` Արտուշ Հակոբյանը, մեղադրվում են մի շարք պաշտոնատար անձանց և մեծահարուստների տներ թալանելու մեջ:
Այս գործում ամենահետաքրքրականը թերևս 17 տուժողների շարքում Կարեն Ջինանյանին ընդգրկելու փաստն է, ինչն արդեն երկու նիստ է` քննարկում են պաշտպանական կողմի ներկայացուցիչները:
Մոր և մանկան պահպանման գիտահետազոտական կենտրոնի (Մարգարյան հիվանդանոց) լաբորատոր ախտորոշման բաժնի ղեկավար, կլինիկական սաղմնաբան Կարեն Ջինանյանը նախորդ նիստին ցուցմունք էր տվել, որ 2011թ.ի սեպտեմբերի 21-ի կամ 22-ի առավոտյան ժամը 5-ի սահմաններում լսել է Չարենցի փողոցում գտնվող իր սեփական տան դռան փականի շրխկոցը: Դա թույլ էր տվել նրան ենթադրելու, որ ինչ-որ մեկը փորձել է բացել իրենց տան դուռը, ավելին` հարձակվել տան վրա: Թեև տուժողը հիմնավոր կասկածներ է ունեցել, որ փորձել են հարձակվել իր տան վրա, չի դիմել ոստիկանություն, փոխարենը իրավապահ մարմիններն են փնտրել իրեն: Ըստ տուժողի` դեպքից մոտ մեկ ամիս անց իր աշխատավայր են եկել քննիչներ և հայտնել, որ իր տան վրա հարձակում էր նախատեսված, որից հետո եկել են, զննել դռան փականը, առանձնատան տարածքն ու ավտոտնակը:
Այսօրվա դատական նիստին, որպես վկա, ներկայացել էին տուժողի կինն ու որդին: Կարեն Ջինանյանի որդին` Հովհաննեսը, ով բժշկական համալսարանի 4-րդ կուրսի ուսանող է, դատավորի այն հարցին, թե ի՞նչ է հայտնի իրեն այս գործի վերաբերյալ, պատասխանեց. «Այն օրը, երբ լսեցի, որ իրենց բռնել են (նկատի ունի բանդան), իմացա, որ մեր դուռն այդ օրն ինչ-որ բացվել է, բայց պարզվեց չի բացվել»,- պատմեց Հովհաննեսը և դատարանին հայտնեց, որ ոստիկաններից է իմացել, որ փորձել են մտնել իրենց տուն:
Գրեթե նույնն բանը դատարանին հայտնեց նաև տուժողի կինը' Կարինե Ջինանյանը:
Պաշտպաններից մեկի հարցին, թե ինչո՞վ են իրենք տուժել, կինը պատասխանեց, որ հոգեբանական վնաս են կրել: Նա դատարանին հայտնեց, որ իրենք որևէ թշնամի չունեն, իսկ տանը ոչ մի թանկարժեք բան չունեն, ավելին` երբ ոստիկանները եկել են իրենց տուն, զարմացել են, թե ի՞նչ պետք փորձեին գողանալ ավազակները, եթե տանը ոչինչ չկար:
Դատակոչված վկաների և տուժողի ցուցմունքների վերաբերյալ պաշտպան Հովիկ Արսենյանը ակնարկեց. «Կիկոսի մահն այսօր արդիական է դարձել»:
Ինչևիցե, վերոհիշյալ վկաների հարցաքննությանն այդքանով համարվեց ավարտված:
Դատավոր Մխիթար Պապոյանը նկատողություն արեց տուժողին` դատարանի նկատմամբ անպատասխանատու վարքագիծ դրսևորելու համար: Հիշեցնենք, որ նախորդ նիստին դատարան ներկայանալու վերաբերյալ պատշաճ ծանուցվել էին տուժող Կարեն Ջինանյանը, նրա եղբայրը' գործով վկա Սամվել Ջինանյանը, կինն ու որդին, սակայն ոչ ոք չէր ներկայացել: Դատավորը հորդորեց հաջորդ դատական նիստին ապահովել եղբոր մասնակցությունը: Վերջինս, Կարեն Ջինանյանի խոսքով, այս նիստին չէր ներկայացել, քանի որ գնացել էր Գորիս' զոքանչին տեսակցության:
«Վկաներին համոզելով ենք բերում դատարան, ի՞նչ է»,- բարկացավ դատավորը: