Միասին կարող ենք
կարևոր
0 դիտում, 12 տարի առաջ - 2013-06-06 12:23
Հասարակություն

Մենք մեր մահն արդեն տեսել ենք. ազատամարտիկներ

Մենք մեր մահն արդեն տեսել ենք. ազատամարտիկներ

Իրենց սոցիալական վիճակի բարելավման համար պայքարող ազատամարտիկները այսօր բողոքի ցույց են անում կառավարության շենքի առջեւ: Նրանք պահանջում են իրենց կենսաթոշակային հարցերի լուծում, անվճար բուժօգնություն, կոմունալ ծախսերի 50 տոկոս զեղչ, անվճար երթեւեկելու հնարավորություն:

 

«Մենք այլեւս ի վիճակի չենք ապրել, քանի որ գոյատեւում ենք, ու արդեն դանակը հասավ ոսկորին` կոպիտ ասած: Որոշեցինք, որ այսպես անտեսված մնալն այլեւս անհնար է: Ու քանի որ այս դրոշները, որ կան, մեր շնորհիվ է, այսօր որ այս տոները հանրապետությունում նշվում են` շքեղորեն, այդ բոլորը մեր շնորհիվ է, բայց այսօր մենք լիովին անտեսված ենք:

 

Մեզ չեն հիշում, տեղ չեն տալիս: Երեկ հեռուստատեսությամբ նայեցի, որ ուզում են հրապարակի ասֆալտը փոխել. այդքան փող ունեն արդեն, որ մեր մասին մոռացել են ու ընկել են ասֆալտների հետեւից: Ամեն ինչի համար փող կարողանում են ստեղծել, մեզ համար ո՞չ… Դա իրենց խնդիրն է` որտեղից ուզում են, թո’ղ ստեղծեն ու մեր սոցիալական խնդիրներն ապահովեն:

 

Եվ կա այսպիսի մի հարց էլ` նախարարը, որ դեմ կլինի, որ փաթեթը ներկայացվի կառավարությանը, պահանջելու ենք իր հրաժարականը:

 

Մերը զուտ սոցիալական հարցեր են, մենք ո'չ քաղաքականության հետ կապ ունենք, ո'չ էլ ինչ-որ կուսակցության շահերն ենք պաշտպանում»,- լրագրողներին ասաց բողոքի ցույցի կազմակերպիչներից ազատամարտիկ Իշխան Սարգսյանը:

 

Քիչ անց կառավարության առջեւ բողոքի դրոշ պարզած ազտամարտիկներին միացան նաեւ Ազատության հրապարակում նստացույց անող ազատամարտիկները` ռազմահայրենասիրական արտահայտություններ վանկարկելով ու ազատամարտիկներին արժանապատիվ կյանքով ապահովելու կարգախոսներով:

 

Ազատամարտիկները նշեցին, որ իրենք իրենց մահն արդեն տեսել են` վախը թողել են մարտի դաշտում, ու հիմա ոչ մեկից չեն վախենում` պայքարելու են այնքան, մինչեւ հասնեն իրենց պահանջների ամբողջական կատարմանը: