Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Ազգային վիճակագրական ծառայությունը հրապարակել է հունվար-փետրվար ամիսների ցուցանիշներ, որոնցից երեւում է, որ բավականին բարձր արդյունքներով է սկսվել 2013 թվականը. կառավարության այսօրվա նիստի օրակարգային հարցերին անցնելուց առաջ ասաց վարչապետ Տիգրան Սարգսյանը:
Վարչապետը նաեւ նշեց, որ ինքը գնահատում է այն, որ այսօր երկնիշ ցուցանիշ է գրանցվել: «Բայց երբ ծանոթանում ենք այդ աճի ցուցանիշի կառուցվածքին, տեսնում ենք, որ դեռեւս կան խնդիրներ»,- նշեց նա:
Տիգրան Սարգսյանն ասաց, որ ուրախացնում է այն հանգամանքը, որ արդյունաբերությունը շարունակում է բարձր ցուցանիշներ դրսեւորել, եւ հարկավոր է պահպանել այդ տեմպերը 2013 թվականին, բայց մտահոգիչ է շինարարության ցուցանիշը: «2012 թվականին մենք առաջին անգամ կասեցրեցինք շինարարության ոլորտում անկման միտումը եւ արձանագրեցինք, տարվա արդյունքներով, կես տոկոսանոց աճ այս ոլորտում: Հունվար-փետրվար ամիսներին մենք այս ոլորտում արձանագրել ենք անկում` շուրջ 8 տոկոսային կետով, եւ հասկանալի է, որ 2013 թվականի տնտեսական աճի ցուցանիշը ապահովելու համար մեզ անհրաժեշտ է այս ոլորտում իրականացնել պետական ծրագիր: Հակառակ պարագայում` կառավարությունը չի կարող ունենալ բարձր աճի տեմպեր այդ ոլորտում»,- ասաց Տիգրան Սարգսյանը:
Վարչապետը դիմեց Տիգրան Դավթյանին` հանձնարարելով էկոնոմիկայի, քաղաքաշինության, ֆինանսների նախարարությունների, ԿԲ-ի եւ շինարարության ոլորտի համատեղ խորհրդակցություն կազմակերպել, հրավիրել ոլորտի ակտիվ մասնակիցներին` հասկանալու համար, թե պետությունն ինչպե՞ս պետք է օժանդակի, ի՞նչ քայլեր պետք է ձեռնարկի, որպեսզի շինարարության ոլորտում վերականգնվեն աճի նորմալ, բնականոն ծավալները:
«Եվ այդ առաջարկությունները քննարկելուց հետո, եթե անհրաժեշտություն կա, դարձնենք կառավարության որոշում, ֆիքսենք մեր պարտավորությունները` մենք ինչ քայլեր կարող ենք ձեռնարկել»,- ամփոփեց վարչապետ Տիգրան Սարգսյանը: