կարևոր
3949 դիտում, 1 տարի առաջ - 2023-04-20 15:58
Քաղաքական

2018-2021 թվականներին խոստացված թռիչքաձև աճի փոխարեն ՀՆԱ-ի աճի միջին տեմպը կազմել է 2,8 տոկոս. Թադևոս Ավետիսյան

Ներկայացնում ենք ՀՅԴ անդամ, ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Թադևոս Ավետիսյանի ելույթը ԱԺ–ում։

2022 թվականի տնտեսական բարձր աճը հիմնականում պայմանավորված էր արտաքին պատահական գործոններով։

Նախ՝ 2022 թվականի 12,6 տոկոս տնտեսական աճի շուրջ 3/4-րդ մասն արձանագրվել է ի հաշիվ այն ոլորտների, որոնք կրել են ռուս-ուկրաինական պատերազմով պայմանավորված տնտեսական դրական ազդեցությունները։ Դրանք են՝ ծառայությունների, ներքին և արտաքին առևտրի, բնակարանաշինության և ֆինանսական ոլորտները։

Աննախադեպ աճում է նաև շահումով խաղերի ոլորտը, որը խորացող սոցիալական խնդիրների անուղղակի հետևանք է։

Հաջորդը՝ 2022 թվականին միայն բանկային համակարգի միջոցով ֆիզիկական անձանց դրամական փոխանցումները Ռուսաստանից Հայաստան կազմել են մոտ 3,6 միլիարդ ԱՄՆ դոլար՝ նախորդ տարվանից 4 անգամ ավել։ Ընդհանուր դրամական փոխանցումների դրական մնացորդը, որը մնացել է տնտեսության մեջ, կազմել է շուրջ 2,6 միլիարդ դրամ կամ ՀՆԱ-ի շուրջ 15 տոկոսը։ Ռուսաստանի հետ առևտրաշրջանառությունն աճել է շուրջ 80 տոկոսով, որը հիմնականում կրել է վերաարտահանման բնույթ։ Այսինքն՝ հիմնականում արտահանել ենք այլ երկրներից ներմուծվածը, ոչ թե՝ մեր արտադրանքը։

Երրորդը․ լրացուցիչ պահանջարկի հաշվին արձանագրված բարձր աճը չի կապիտալացվում և չի ավելացնում տնտեսական ներուժն արտահանմանը միտված իրական հատվածում։

Մասնավորապես՝ արդյունաբերության ոլորտի աճը շուրջ 2 անգամ զիջել է տնտեսական միջին աճին, գյուղատնտեսությունը 2021 թվականի կրճատումից հետո արձանագրել է զրոյական աճ։

2018-2021 թվականներին ներդրումների իրական աճը տարեկան միջինը կազմել է ընդամենը 3,5 տոկոս։ Աճող անվտանգային այսպիսի սպառնալիքների պայմաններում էապես վտանգված է նաև իրական ներդրումների ներգրավման հետագա գործընթացը։

2022 թվականին՝ նախորդ տարվա համեմատ տնտեսության իրական հատվածում օտարերկրյա ընդհանուր ներդրումների զուտ հոսքը կրճատվել է 6 տոկոսով՝ շուրջ 32 միլիոն ԱՄՆ դոլարով։

2022 թվականին հիմնական միջոցների համախառն կուտակումը (սա առավելապես է արտահայտում համախառն ներդրումների ցուցանիշը)՝ նախորդ տարվա համեմատ աճել է 16,6 տոկոսով կամ շուրջ 540 միլիոն ԱՄՆ դոլարով։ 2026 թվականին խոստացված՝ ներդրում/ՀՆԱ 25 տոկոս հարաբերակցությունն ապահովելու համար անհրաժեշտ կլինի համախառն ներդրումներն ավելացնել տարեկան շուրջ 25 տոկոսով, ինչն անիրատեսական է։

2023 թվականին արդեն էապես նվազում է տնտեսական ակտիվության աճը՝ 2022 թվականի 14,2 տոկոսից իջել է 10,9 տոկոս, իսկ արդյունաբերության ու գյուղատնտեսության աճերը նորից զրոյական են։

Ի դեպ՝ հարևան Վրաստանը, չլինելով ԵԱՏՄ անդամ և Ռուսաստանի ռազմավարական գործընկեր, նույն այս գործոնի արդյունքում 2022 թվականին ապահովել է տնտեսական երկնիշ աճ։

COVID-19 համավարակի դեմ պայքարի համատարած ձախողման հետևանքով 2020 թվականին՝ մինչև 44-օրյա պատերազմը, Հայաստանի տնտեսական անկումը շուրջ 2,5 անգամ գերազանցեց տարածաշրջանում արձանագրված տնտեսական անկման միջին ցուցանիշը, իսկ 2021 թվականին տարածաշրջանի վեց երկրներից միայն Հայաստանը չվերականգնեց նախորդ տարվա տնտեսական անկումը։

Չորրորդը՝ առաջանցիկ աճում է պետական պարտքը։ 2018-2021 թվականներին խոստացված թռիչքաձև աճի փոխարեն ՀՆԱ-ի աճի տարեկան միջին տեմպը կազմել է ընդամենը 2,8 տոկոս, իսկ պետական պարտքի տարեկան միջին աճը՝ 10 տոկոսից ավել։