կարևոր
0 դիտում, 11 տարի առաջ - 2013-03-21 10:38
Քաղաքական

Իշխանությունները դիմել են Րաֆֆի Հովհաննիսյանի ծնողներին. ՛՛168՛՛ժամ

Իշխանությունները դիմել են Րաֆֆի Հովհաննիսյանի ծնողներին. ՛՛168՛՛ժամ

Երեկ Ազատության հրապարակում արդեն 10-րդ օրը հացադուլի մեջ գտնվող «Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանին են այցելել նրա ծնողները՝ ԱՄՆ-ից Հայաստան ժամանած հեղինակավոր պրոֆեսոր, պատմաբան Ռիչարդ Կ. Հովհաննիսյանը և Վարդիթեր Կոճոլոզյան-Հովհաննիսյանը:

 

«168 ժամ»-ը գրում է, որ այս այցելությունը որքան՝ նեղ անձնական, ընտանեկան, նույնքան էլ՝ հասարակական-հանրային է, քանի որ արտերկրից ծնողներն այցելության են եկել մարդու, ով ընտրություններում ստացել է 540 հազար քաղաքացիների քվեն և ընտրել է պայքարի ամենածայրահեղ միջոցը: Այսինքն՝ Հովհաննիսյանների այցելությունն իրենց որդուն կարող է ունենալ ոչ միայն անձնական, այլև քաղաքական նշանակություն, այն իմաստով, որ Տեր և Տիկին Հովհաննիսյանները՝ որպես ծնողներ, մտահոգ լինելով իրենց որդու առողջության համար, բնականաբար, նրան հորդորելու են դադարեցնել հացադուլը, ամեն ինչ անելու են դրանում Րաֆֆի Հովհաննիսյանին համոզելու համար: Իսկ դա իր հերթին՝ անխուսափելիորեն ունենալու է քաղաքական հետևանք, քանի որ պայքարը բարոյականից տեղափոխվելու է քաղաքական հարթություն:

 

Այս հեռանկարը, բնականաբար, հաշվարկել է նաև իշխանությունը, որը, որքան էլ ցույց տա, թե մտահոգված չէ Ազատության հրապարակում տեղի ունեցող գործընթացներով, միևնույն է, մտահոգ է հնարավոր զարգացումներից այնքանով, որ դրանք անկանխատեսելի են և կարող են դուրս գալ իրենց վերահսկողությունից:

 

Թերթի տեղեկություններով, Րաֆֆի Հովհաննիսյանի՝ հացադուլի մասին որոշման հայտարարությունից հետո իշխանությունները դիվանագիտական և սփյուռքի կառույցների միջոցով կապ են հաստատել Ռիչարդ Կ. Հովհաննիսյանի հետ և խնդրել նրան ազդել որդու վրա, որպեսզի վերջինս հրաժարվի պայքարի այդ միջոցից և դադարեցնի հացադուլը: Հեղինակավոր պատմաբանն իշխանության բանագնացներին փոխանցել է, որ անկախ այդ խնդրանքից՝ ինքը պատրաստվում է ժամանել Հայաստան, քանի որ չափազանց մտահոգ է որդու առողջության համար: Միևնույն ժամանակ՝ Ռ. Կ. Հովհաննիսյանը տեղեկացրել է, որ վստահ է՝ իր այցելությունը և հորդորները չեն կարող ազդել Րաֆֆի Հովհաննիսյանի որոշման վրա: