կարևոր
0 դիտում, 5 տարի առաջ - 2019-05-28 10:37
Հասարակություն

Թաքցված նամակ՝ Վենետիկի հանձնաժողովից. ինչո՞ւ են իշխանությունները մինչև երեկ այդքան խնամքով այն թաքցրել. «168 ժամ»

Թաքցված նամակ՝ Վենետիկի հանձնաժողովից. ինչո՞ւ են իշխանությունները մինչև երեկ այդքան խնամքով այն թաքցրել. «168 ժամ»

«Կառավարության մեր աղբյուրի փոխանցմամբ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ուրբաթ օրը բավականին կոշտ գնահատա­կաններ պարունակող նամակ է ստացել Վե­նետիկի հանձնաժողովից, որը, սակայն, մինչ երեկ ՀՀ կառավարությունը չէր հրապարա­կել: Ըստ մեր աղբյուրի՝ հանձնաժողովը դատապարտել է Փաշինյանի կոչի արդ­յունքում դատարանների մուտքերն արգելափակելու փաստը և իշխանական պատ­գամավորների անմիջական ներգրավվածությունը կատարվածում: 

Ըստ մեր աղբյու­րի՝ Վենետիկի հանձնաժողովը վարչապե­տի և նրա թիմի գործողությունները պայմանավորել է Ռոբերտ Քոչարյանի ազատ արձակմամբ, որը, սակայն, քողարկված է եղել հակակոռուպցիոն պայքարի անվան տակ: 

Հանձնաժողովն ուսումնասիրել է ՀՀ վար­չապետի և իշխանության ներկայացուցիչների՝ այդ օրերին արած բոլոր հայտարա­րությունները, ինչն էլ հիմք է հանդիսացել գնահատականն ամբողջացնելու համար: Ըստ մեր աղբյուրի՝ Վենետիկի հանձնաժո­ղովը պատրաստվում է մոտ ժամանակնե­րում հայտարարությամբ հանդես գալ և հա­մապատասխան գրություններ ուղարկել միջազգային մի շարք կառույցների:

Երեկ մեր այս հրապարակումից ժամեր անց մեր թղթակցի հետ զրույցում ՀՀ վարչապետի խոսնակ Վլադիմիր Կարապետյա­նը հաստատել է, որ Նիկոլ Փաշինյանը Վե­նետիկի հանձնաժողովից նամակ ստացել է: Սակայն, ըստ նրա, այն քննադատական չէ. «Վենետիկի հանձնաժողովի նախագահը հանաձայնել է մեր այն գնահատականի հետ, որ արդարադատության համակարգը չի վայելում ժողովրդի վստահությունը, նաև պատրաստականություն է հայտնել օժան­դակել այն բարեփոխումներին, որ ծրա­գրում է իշխանությունը: Եվ ինչպես իշխա­նությունը, այնպես էլ Վենետիկի հանձնա­ժողովը, համարում է, որ բարեփոխումները պետք է իրագործվեն Սահմանադրության, նաև մեր միջազգային պարտավորությունների շրջանակներում»:

Այնուհետև Կարապետյանը հավելել է, որ Վենետիկի հանձնաժողովից ստացված նամակը շուտով կհրապարակվի «Արմենպրես» պաշտոնական լրատվական կայքում:

Իսկ թե ինչու ՀՀ կառավարությունն ան­միջապես չի հրապարակել Վենետիկի հանձնաժողովի նամակը, մեղմ ասած, զարմանալի է՝ հաշվի առնելով այն փաս­տը, որ Ն. Փաշինյանի հայտնի կոչին հա­ջորդած միջազգային կառույցների գնահատականները նույն օրը ՀՀ կառավարու­թյունը պաշտոնապես տարածում էր ոչ թե «Արմենպրեսի», այլ կառավարության կայքէջի միջոցով:

Այսպիսով` երեկ երեկոյան «Արմենպրեսը» տարածեց Վենետիկի հանձնաժողովի նախագահ Ջաննի Բուքիքիոյի նամակը, որում, ըստ լրատվական կայքէջի, ասված է. «...Ես վերջերս տեղեկացա դատական համակարգում վճռական բարեփոխումնե­րի և անգամ «վեթինգի» իրականացման վերաբերյալ Ձեր կոչերի մասին: Դուք ափսոսանքով նշում եք, որ դատական համա­կարգը չի վայելում բնակչության վստահությունը և համարում եք, որ կաշառված ու անընդունակ դատավորները պետք է հրաժարական տան կամ հեռացվեն: Ար­դարադատության համակարգի նկատ­մամբ հանրության վստահությունը, ան­շուշտ, արդյունավետ կերպով աշխատող ժողովրդավարական երկրի կարևոր հատ­կանիշներից է, և ես տեղյակ եմ, որ դատական համակարգի նկատմամբ այդպիսի վստահությունը ցավալիորեն չի բավարա­րում Հայաստանում: Վենետիկի հանձնա­ժողովն արդեն իսկ ընդունել և աջակցել է բովանդակային բարեփոխումների ու ան­գամ «վեթինգի» ընթացակարգի իրակա­նացումը նման իրավիճակում գտնվող եվ­րոպական այլ երկրներում:

Սակայն ես պետք է ընդգծեմ, որ Վենետի­կի հանձնաժողովը նաև հաստատում է, որ դատական համակարգի բարեփոխումներն անհրաժեշտ է մշակել և իրականացնել իրավական միջոցներով, համաձայն Սահ­մանադրության, և հաշվի առնելով օրենքի գերակայության և մարդու իրավունքների հարգանքի վերաբերյալ եվրոպական չափանիշները: Այդպիսի բարեփոխումները կարող են հասնել օրենքի գերակայության ամրապնդմանն ուղղված իրենց նպատակին և կարող են նպաստել ձեր երկրի ժողովրդավարական ձգտումների իրականացմանը, միայն եթե այդ չափանիշները հարգված են: Վենետիկի հանձնաժողովը պատրաստակամ է օժանդակելու Ձեզ՝ Հայաստանի դատական համակարգի նկատ­մամբ վստահության վերականգնման նպա­տակով իրականացվելիք բարեփոխումնե­րի մշակման հարցում՝ հարգելով Հայաս­տանի Սահմանադրությունն ու համապա­տասխան միջազգային չափանիշները»:

Թե որքանով է այս նամակը կոշտ, որքա­նով՝ մեղմ, ճաշակի հարց է: Մի քանի նկատառում, սակայն: Նախ, նշենք, որ «Արմենպրեսում» տպագրված նամակը թարգմանված տեքստ է, որի անգլերեն բնագրի պատճենը ներկայացված չէ: Ավելին, կայ­քէջի անգլերեն բաժնում ներկայացված անգլալեզու նամակի ներքևում նշված է, որ այն հայերենից խմբագրվել և թարգմանվել է կայքէջի աշխատակից Տիգրան Սիրեկանյանի կողմից: Այսինքն՝ «Արմենպրեսին» ևս չի տրամադրվել նամակի անգլերեն բնա­գիրը: Հարց է ծագում՝ ինչո՞ւ, եթե Վենետի­կի հանձնաժողովից նամակը ստացվել է անգլերեն լեզվով: Ակնկալում ենք, որ ՀՀ կառավարությունը ստեղծված իրավիճակը շտկելու համար կհրապարակի ՀՀ համար նման կարևորության գործընկեր կառույցի նամակի բնագրի ֆոտոպատճենը, որը երկ­րի համար ունի քաղաքական, հանրային, իրավական լուրջ նշանակություն: 

Հարց է ծագում՝ ինչո՞ւ են իշխանությունները մինչ երեկ այդքան խնամքով այն թաքցրել, առավել ևս, եթե իրենց խոսքով՝ այն դրա­կան, իրենց սրտով է եղել: Ինչո՞ւ այն ստիպված եղան հրապարակել երեկվա մեր հրապարակումից հետո միայն: 

Ի վեր­ջո, լրատվամիջոցներն իրենք կարող էին/են դիմել Վենետիկի հանձնաժողովին և ստանալ նամակը: Հաջորդ նկատառումը, եթե նույնիսկ ընդունենք, որ իշխանություն­ների կողմից հրապարակված թարգման­ված այս տեքստն ամբողջովին համապա­տասխանում է բնագրին, ապա ակնհայտ է դառնում, որ վարչապետի մամլո խոսնակն առնվազն ճիշտ չի ասում: Այս տեքստում Ջաննի Բուքիքիոն, հանձնաժողովը ոչ մի­այն որևէ հանձնառություն չի ստանձնում աջակցելու ՀՀ իշխանությունների ծրագ­րած բարեփոխումներին, այլև հստակ ասում է. «Ես պետք է ընդգծեմ, որ Վենետի­կի հանձնաժողովը նաև հաստատում է, որ դատական համակարգի բարեփոխումներն անհրաժեշտ է մշակել և իրականացնել իրավական միջոցներով, համաձայն Սահ­մանադրության, և հաշվի առնելով օրենքի գերակայության և մարդու իրավունքների հարգանքի վերաբերյալ եվրոպական չափանիշերը»՝ «հարգելով Հայաստանի Սահ­մանադրությունն ու համապատասխան մի­ջազգային չափանիշերը»: Դիվանագիտա­կան լեզվով ասված՝ սա նշանակում է՝ սահ­մանադրական կարգ եք խախտել, որն ըն­դունելի չէ»,-գրում է թերթը:

Մանրամասները`թերթի այսօրվա համարում: