կարևոր
0 դիտում, 11 տարի առաջ - 2013-02-14 14:38
Քաղաքական

Իշխանությունները վախեցած են Րաֆֆի Հովհաննիսյանի քարոզարշավից

Իշխանությունները վախեցած են Րաֆֆի Հովհաննիսյանի քարոզարշավից

Վերջին երկու օրերին ընտրապայքարում որոշակի լարվածություն է նկատվում, որը սկսվեց ՀՀ նախագահի` Նուբարաշեն վարչական շրջանում անցկացրած հարահավաքից հետո. լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց Րաֆֆի Հովհաննիսյանի շտաբի ներկայացուցիչ, ԱԺ «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ռուբեն Հակոբյանը:

 

Ըստ նրա` այդ հանրահավաքի ընթացքում նախագահը մի քանի եզրույթներ գործածեց, որոնք բացասական արձագանք ստացան ժողովրդի շրջանում:

 

«Դեռևս օրեր առաջ նախագահը դրական գնահատականներ էր հնչեցնում Րաֆֆի Հովհաննիսյանի հասցեին, սակայն ներկայումս նրանց կողմից որոշակի ագրեսիա է նկատվում»,- ասաց Հակոբյանը և հորդորեց նախագահին ու նրա թիմին` զերծ մնալ լարվածություն ստեղծելուց:

 

Yerkir.am-ի հարցին, թե վերջին օրերին նկատվող լարվածությունը հնարավո՞ր է հանգեցնի նրան, որ ընտրությունների նախօրեին ընտրակաշառք բաժանվի, Հակոբյանը պատասխանեց, որ չի բացառում:

 

«Ես իշխանության օղակներում ջղաձգումներ եմ տեսնում: Յուրօրինակ իրավիճակ է ստեղծվել. օրինակ` տեղական ինքնակառավարման մարմինների ներկայացուցիչներն իրենց ընտրատեղամասերից շատ ձայն հավաքելու խնդիր են դրել և առանց սպասելու իշխանության հրահանգին` արդեն գործի են անցել»,- ասաց նա և հավելեց, որ իշխանությունը  վախեցած է:

 

«Վերջին շրջանում Րաֆֆի Հովհաննիսյանի հանրահավաքներին շատ մարդիկ են գնում և իրենց անթաքույց համակրանքն արտահայտում Րաֆֆի Հովհաննիսյանի նկատմամբ: Դա ինչ-որ տեղ վախեցնում է իշխանություններին, և գուցե հանգեցնի նրան, որ նրանք բացահայտ հակաօրինական գործողությունների դիմեն»,- եզրափակեց Ռուբեն Հակոբյանը: