Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Շատ բան խառնվեց իրար` ԱՄՆ-ն ու Ռուսաստանը, մեր խորհրդարանական ընտրությունները՝ Երեւանի ավագանու ընտրություններին, էլ չեմ խոսում եղանակի մասին, երբ անձրեւոտ րոպեները հաջորդում են արեւոտ րոպեներին, եւ վերջապես` նախկին պատգամավոր Շմայսը, թեև առաջին հայացքից նա բավականին հանգիստ է երեւում, ինչպես միշտ: Ու այս խառնաշփոթի մեջ դեռ մարդիկ կան, ովքեր պնդում են՝ ելք կա: Խաբո՞ւմ են, չեմ կարծում, զուտ փիլիսոփայական տեսանկյունից՝ ելք միշտ կա, այլ հարց է, թե ովքեր են դրա գոյության մասին խոսում, եւ ո՞րն է նրանց տեսած ելքը: Եթե զուտ տարիքը, երիտասարդությունը, ոմանց դեպքերում՝ ջահելությունը, ապա, կներեք, այդ երբվանի՞ց տարիքն ու դրանից բխող փորձառությունը ելք չեն պետական կամ քաղաքային նշանակության հարցեր լուծելիս: Եթե լավ կրթությունը կամ ՏՏ ոլորտում վարպետ լինելը, այն պարագայում, երբ շատ փորձառուներ չգիտեն, թե ՏՏ ինչ է, ավելի ճիշտ` գիտեն, թե այն տամբովսկի տանկ է նշանակում, ապա սա թեեւ ջահելությունից լուրջ է՝ ելք լինելու համար, բայց, կներեք, ո՞վ ասաց, որ լավ կրթությունը լավ ղեկավարման համար միակ անհրաժեշտությունն է: Լեւոն Տեր-Պետրոսյա՞նը… Բայց միեւնույն է՝ ելք կա, ելք միշտ կա, խնդիրն այն է, որ նրանք, ովքեր բղավում են դրա լինելու մասին, ոչ այնքան ելքն են ցույց տալիս, այլ այն ճանապարհը, որով իրենք են ցանկանում մեզ տանել: Գուցե ելք է, հնարավոր է՝ ելք չէ: Ամեն դեպքում, եթե մեկը բանտարկված է սարի գլխի բանտախցում, եւ այդ խուցը չորս դուռ՝ ելք ունի, շատ հնարավոր է, որ այդ չորսն էլ բացվում են անդունդի վրա, ու ամենեւին էլ ելք չեն:
Ու, առհասարակ, ի՞նչ ելք, որտեղի՞ց: Հայաստանի՞ց, որին մի տիկին համառորեն Երկիր ծիրանի է կոչում, թե՞ Հայաստանում, որի մայրաքաղաքի գործող քաղաքապետը կյանքում թերեւս մեկ հետաքրքրություն ունի՝ քաղաքապետությունը, չէ երկու՝ նաեւ իր գիտական աշխատանքները: Եթե` Հայաստանից, ապա բոլորս էլ գիտենք, որ ելքը բաժանվում է սոցխմբերի՝ առաջին խմբի համար՝ օդանավակայանն է, երկրորդի համար՝ սեփական մեքենան, երրորդի համար՝ էժան ավտոբուսը` վրան գրված Ռուսաստանի մի շարք քաղաքների անուններ. ընտրի ու գնա, գնա ու ապրի, ապրի ու կարոտի, կարոտի եւ մահացի, մահացի, որ բերեն Ծիրանի երկիր, ծիրանի՞ երկիր:
Բայց, եթե ելք կա Հայաստանում, սա արդեն այլ պատմություն է` ավելի հայրենասիրական, չնայած հայրենասիրությունը, ըստ տպավորության, Հայաստանից արտագաղթել է ու երբեմն ընտրությունների ժամանակ, որպես արտասահմանցի դիտորդ, ժամանում է, որ խախտումներն արձանագրի, Արցախը տեսնի, տեսնի՝ հմայվի, հմայվի… ու գնա՝ շարունակելու հայրենասիրությամբ զբաղվել` մոռանալով, որ հայրենասիրությունն ընդամենը շարժում է, գործողությունը հայրենաշինությունն է: Ինչեւէ, պատկերացրեք, որ Հայաստանում ելք կա, օրինակ` եթե ոլորս պահանջատեր լինենք ԱԺ-ի մեր պատգամավորից, որի ռեյտինգը բարձրացրինք լեռներից բարձր, ամպերից անդին, ապա նրանք չեն դիմանա, պատգամավորությունը նրանց էլ հաճույք չի պատճառի, եւ «պատգամավոր լինելն էլ ինձ կայֆ չի տալըմ» շմայսյան պաստառներով կգնան իրենց դաչաները՝ սուջուխ-բաստուրմա ուտելու: Սկզբից, իհարկե, կփորձեն հարմարվել նոր պայմաններին, ոմանք կփոխվեն, կփոխվեն, որ փոխեն, բայց հիմնական մասը կգերադասի հեռանալը, քանի որ երբ ասում են՝ փոխվենք-փոխենք, նկատի ունեն՝ իրենց: Ով չփոխվեց ու չփոխեց, գոնե` մականունը, պետք է հեռանա, ով փոխվեց, որ փոխի, կմնա ընտանիքի անդամ՝ անվտանգ եւ ապահով:
Ուրիշ ելք էլ կա` այս ամենի վրա ուշադրություն չդարձնել, ոնց ապրում էինք՝ շարունակենք ապրել, իսկ ապրում էինք վատ: Հինգ տարին մեկ, մեկ-երկու օրով մի քիչ լավ, բայց հիմնականում՝ վատ: Ու քանի որ մենք հինավուրց ազգ ենք ու դրախտից դուրս գալիս մեզ հետ վերցրել ենք տառապանքը, պարծենալով, որ երբ մենք դրախտում էինք ապրում, շվեդներն, օրինակ, դեռ չկային, վատին սովոր ենք: Ադապտացվել ենք: Հենց վատ չի լինում, լավ մտքեր չեն ծնվում, լավ գրքեր չեն գրվում, լավ երաժշտություն չի ծնվում, լավ գաղափարներ չեն ստեղծվում, լավ-լավ, պես-պես կուսակցություններ ի հայտ չեն գալիս: Օրներս օր չի դառնում, եթե գլուխներս պատեպատ չենք տալիս, եթե ինչ-որ բան հեշտ է ստացվում, եթե երջանիկ արթնանում ենք եւ երջանիկ քնում: Սրան ենք սովոր: Ելքը այս սովորականի ավարտն է, տառապանքը խորհրդանշական ծիրանագույն ծրարով փաթեթավորած` նորից դրախտ ուղարկելու առաջարկն է: Ելքը` նկատի չունեմ կուսակցությունների դաշինքը, նկատի ունեմ ելքը: Դրանք տարբեր բաներ են: Ուրեմն որեւէ կուսակցություն, դաշինք մեզ այս վիճակից ելք ցույց չի տալու, մենք ինքներս պետք է մի օր որոշենք՝ զարթնել երջանիկ ու քնել երջանիկ: Անհնարինության չափ դժվար է, բայց ոչ թե` որովհետեւ երջանիկ լինելն է բարդ, այլ քանի որ մենք դրախտից դուրս գալիս տառապանքն ենք վերցրել… Խոսքը մեր մեջ՝ դրախտում ինչ-որ բան վերցնելու մեծ ընտրություն չկար էլ, բայց դա արդեն այլ խոսակցություն է եւ դժոխքի գովազդ:
Հովիկ Աֆյան