Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
«Եթե կա մեկը, ում կարող ես ամեն ինչ պատմել ու ոչինչ չթաքցնել, ուրեմն երջանիկ ես»,- ասում էր Սոս Սարգսյանը։
Ես հաստատ երջանիկ եմ՝ գրեթե քսաներկու տարի իմ կյանքում ունեցել եմ Սոս Սարգսյանի ներկայությունը, ոչինչ չեմ թաքցրել նրանից՝ խոստովանության, ինքնամաքրումի, ինքնաճանաչման, մոմ վառելու ու շնչելու պես՝ անքննելի... Նա այսպիսին էր շատերի համար...
Մեր վերջին հանդիպումը Վարպետի մահից մի քանի օր առաջ էր, Ձորաղբյուրի ամառանոցում: Անբառ ու դառը համաձայնությամբ՝ հայացքներս միմյանցից փախցրած, նստել էինք պատշգամբում ու ծանր լռության մեջ լսում էինք կեսօրի ձայնը, աշխարհի անվերջ ու անընդհատ շնչառությունը… գիտեինք, որ մեր վերջին հանդիպումն է: Երկար լռությունից հետո, ծանրացած օդը ճաքեց Սոսի խորը, շատ խորը ձայնից.
-Աղչի՜, արևմտահայերենին տիրություն կանեք, մեռնում ա:
Պատասխանելու բառեր չգտա, չէի կարող, թաքցրած արցունքները սեղմում էին կոկորդս. մեր հայացքներն հանդիպեցին… ու արդեն հաստատ վերջին անգամ..
Սոսի հետ հիմա էլ եմ խոսում, մտքիս մեջ կամ բարձրաձայն․․․Նա չափանիշ էր, նշաձող, ոնչով չլցվող անապակ տարածք՝ մեր հանճարների երակից սերած:
Համաձայն չեմ, թե չկան անփոխարինելի մարդիկ։ Կան անփոխարելիներ: Սոսն հենց այս տեսակն էր, և որքան հեռանում եմ նրա բացակայությունից՝ զգացողությունս առավել զգալի է դառնում, նրա բացը՝ չլրացվող ու տխուր։
Իհարկե, կարող ենք մխիթարվել Սոսի ժառանգությամբ, նրա անունը կրող Համազգայինի պետական թատրոնով։ Այն թատրոնով, որ հիմնեց քսանյոթ տարի առաջ: Պատերազմի ամենօրյա ցավով ու տագնապով ապրող Հայաստանում Սոսը թատրոն ծնեց, որովհետև հին աշխարհի իմաստունների պես գիտեր՝ թատրոնը պետություն է կերտում։
Թատրոնը կա՝ երիտասարդ, թրթռուն, արարող, Սոսի ժառանգությունն ու նրան սիրողներն էլ կան, բայց ՍՈՍ-ը չկա, ՍՈՍ-ի տեսակը չկա։
Եթե անկեղծ՝ գիտեմ, թե ինչու է այսօր Սոսի բացակայությունն առավել քան զգալի, չլրացվող ու դառնացնող։
Որովհետև նրա կողքին ամուր էինք ու վստահ. նրա աչքերում ու հայացքում մեր պատմության թանկ բեռն ու լույսն էին, որ մեզ լավատեսության էին դրդում։
Որովհետև նրա կողքին ազնվականորեն բարձրանում էինք. նա եղել էր մեր անցած բոլոր ճանապարհներին ու մեզ իմաստնության ու բարոյականության էր դրդում։
Որովհետև նրա կողքին հպարտ էինք ու ինքնավստահ. նա մեր ընտիր սերմի կրողն էր ու մեզ արժանապատվության ու ուղիղ մեջքով ապրելու էր դրդում։
Որովհետև կեղծիքով ու քծնանքով ծանրացած մեր օրերում զուլալ էր Սոսի խոսքը. այն մեր աղոթքից էր սերում ու մեզ հույսի ու սիրո էր դրդում։
Գնաց Մեծը, Սոսը, մեր ՎԵՐՋԻՆ ՆԱՀԱՊԵՏԸ՝ մինչև կյանքի վերջին պահն ապրելով ազգային տագնապով ու ներշնչանքով։
Մեր թիկունքից մի ծանր բերդ է ընկել, նոսրացել է մեր խղճի ձայնը: Չկա այսօր մտավորական-քաղաքացու այդ տեսակը՝ ՆԱՀԱՊԵՏ տեսակը, որ իր անխառն, անկաշառ, ազնիվ ներկայությամբ մեզ մեր հոգու ու խղճի տեղը հիշեցնի, մեզ դրդի ապրել հաղթանակած երկրի երազանքով, մեզ թույլ չտա իջնել ինքնանվաստացման ճղճիմ հատակը, թույլ չտա այսքան աղքատացնել մեր ինքնության կենսական սահմանները։
Գնաց ազգի Մեծը, բայց իր մահով մեր բացերը լրացնելու ուղերձ թողեց. իր անցած մեծ ճանապարհը չի կարող չմեծացնել ու չհարստացնել մեզ։
Հայոց հանճարին հավատացող Սոսը մեզ հետ է նաև հզոր ու հաղթանակած երկրի երազանքով, այդ երազանքին տեր կանգնելու իր տեսակի պարտադրանքով։
Ի՛նչ երջանիկ ենք ու հարոստ, որ Սոսի հանճարն ունենալու ու նրա բացած հոգու տարածքներում ապրելու բարեբախտությունն ենք ունեցել։
Լիլիթ Գալստյան,
Հասարակական, քաղաքական գործիչ, հրապարակախոս
2013
Խոսքս զետեղվել է Սերգեյ Առաքելյանի հեղինակած, օրերս լույս տեսած «Նահապետը» ժողովածուում՝ հրատարակված ԼՈՒՍԱԿՆ-ում, Համազգայինի և ՍՈՍ ՍԱՐԳՍՅԱՆ հիմնադրամների հովանավորությամբ։
Լիլիթ Գալստյան
ՀՅԴ Գերագույն մարմնի անդամ,
ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր