կարևոր
0 դիտում, 11 տարի առաջ - 2013-03-15 14:50
Հասարակություն

ԵՊՀ-ն պնդում է` Միրզոյանն այլեւս ԵՊՀ դասախոս չի համարվում

ԵՊՀ-ն պնդում է` Միրզոյանն այլեւս ԵՊՀ դասախոս չի համարվում

ԵՊՀ-ն հայտարարություն է տարածել Արարատ Միրզոյանի այն պնդման հետ կապված, ըստ որի` այն բանից հետո, երբ նա հրապարակայնորեն դատապարտել էր ԵՊՀ-ի ռեկտորի օգնականի գործողությունը դասադուլ հայտարարած ուսանողների դեմ, նրա մարտ ամսվա կեսից նախատեսված դասախոսությունների պայմանագիրը, որ առաջարկել էր ամբիոնը, պետհամալսարանը չի հաստատել:

 

«ԵՊՀ ռեկտորատի անդամները չկարողացան մտաբերել Արարատ Միրզոյան անունով ԵՊՀ դասախոսի և երկար փնտրտուքներից հետո պարզվեց, որ ԵՊՀ պատմության ֆակուլտետի 2002-ի շրջանավարտ, «Այ-էֆ-ի-էս-Հայաստան» կազմակերպության ընտրողների իրազեկման մասնագետ Արարատ Միրզոյանի հետ 2012-ի նոյեմբերին մեկ ամսով կնքվել է աշխատանքային պայմանագիր ԵՊՀ պատմության ֆակուլտետի հայ արվեստի պատմության և տեսության ամբիոնում որպես դասախոս ժամավճարային հիմունքներով (հեռակա համակարգում) աշխատելու մասին:

 

Ըստ պայմանագրի` սահմանվել է ընդամենը 27 լսարանային ժամ աշխատաժամանակ: Այնուհետև ըստ աշխատանքային պայմանագրով սահմանված ժամկետի` 2012-ի դեկտեմբերի 30-ին 40-ից ավելի ժամավճարով դասավանդողների հետ Ա. Միրզոյանի աշխատանքային պայմանագիրը լուծվել է:

 

Ցավոք, արդեն որերորդ անգամ արձանագրում ենք, որ համալսարանի հետ կապ չունեցող անձինք, ներկայանալով համալսարանական, անհիմն քննադատում են համալսարանին: Այս երևույթը նոր կիրառվող տեխնոլոգիա է և ճկուն օգտագործվում է համացանցում ապատեղեկատվություն տարածելու նպատակով` ԵՊՀ ուսանողի կարգավիճակ չունեցող անձինք «դասադուլ» են անում ԵՊՀ կենտրոնական մասնաշենքի առջև, իսկ ԵՊՀ աշխատակցի կամ դասախոսի կարգավիճակ չունեցող անձինք ներկայանում են այդպիսին և քննադատում Մայր բուհին:

 

Ափսոսանք ենք հայտնում, որ իրենց պրոֆեսիոնալ համարող լրատվամիջոցները տարածում են ապատեղեկատվություն` չփորձելով սկզբնաղբյուրից ճշտել տեղեկատվության ճշմարտացիությունը»,- նշված է հայտարարության մեջ: