կարևոր
5104 դիտում, 3 ամիս առաջ - 2024-07-28 14:49
Հասարակություն

Ագրարայինի ղեկավարությունը և կոլեկտիվը այլևս իրար հետ կապ չունեն. դասախոս Արթուր Ալթունյան

Ագրարայինի ղեկավարությունը և կոլեկտիվը այլևս իրար հետ կապ չունեն. դասախոս Արթուր Ալթունյան

Ագրարային համալսարանի դասախոս Արթուր Ալթունյանը, անդրադառնալով համալսարանի ամենամեծ մասնաշենքը ֆրանսիական համալսարանին փոխանցելու մասին լուրերին, ֆեյսբուքի իր էջում գրել է.

«․․․անհասկանալի գործողությունները մի պարզ բանի արդյունք են՝ ղեկավարություն և կոլեկտիվ իրար հետ այլևս կապ չունեն։ Կապը վարչական ուղղահայացի մասին չէ, այլ առողջ ու կուռ կոլեկտիվի մասին։ Իսկ մեջտեղ միշտ էլ երկդեմի մարդն է անցուդարձ արել՝ ոնց լինի չլինի, իրանք չոր են, կուշտ ու գոհ - «ի՞նչ ա եղել որ» տափակ ու անմեղսունակ հանդարտությամբ, բայց իրականում հաշվենկատ ու եսակշիռ օտարությամբ։ Ազատության անվան տակ կոլեկտիվին դարձրին անպատասխանատու և անհաշվետու՝ փոխադարձորեն։ Էն ծածուկ քայլերը, որ կատարվում են Ագրարայինի հետ, վկայում են մի բանի մասին, որ անգամ ամենակայացած և ձևավորված համակարգը (էլ ուր մնաց հազար կողմից ջլատված Ագրարայինը) անզոր է, եթե ղեկավարությունը համակարգին չի նայում հարազատ ու սրտացավի պես։

Ես ԲՈՒՀի դերի ու կարևորության մասին խոսել, հիմնավորելը չեմ անի, ոլորտի հայտնի մասնագետները դա ինձանից ավելի լավ կանեն, քիչ թե շատ պետական համակարգ պատկերացնող ու ընկալող քաղաքացին ունի դրա պատասխանը։ Դրա կարիքը չեմ տեսնում նաև էնքանով, որքանով հիմնավորելը, որ սնունդը կարևոր է մարդու համար։

Իսկ այ տարբեր առումներով հասունացած ճգնաժամին ու փորձություններին դիմակայելու անկարող մեր կեցվածքը մասնատված կոլեկտիվից է։ ԲՈՒՀ-ական միջավայրը գործարանի արտադրամաս չի, որ աշխատողներն էլ մեքենայացված գործ անողներ լինեն ու նրանց հետ վարվես օրավարձ տալով ու գործի արդյունք պահանջելով ու հայդե տներով։ Ստեղծագործ և իր առաքելությամբ արժեքներ գեներացնող կոլեկտիվը պետք է իր մտավոր և հոգևոր ապրումները առավելագույնս դրսևորի կրթական - գիտական միջավայրում, հարգանք վայելի ու խրախուսվի, ակտիվ լինի ԲՈՒՀի կյանքում ու հանուն դրա։ Հակառակը` իբր «դուք ազատ եք», ունի իր ծածուկ մտադրությունը՝ մեզանից հեռու եղեք, մեր պլաններին մի խանգարեք, ինչով ուզում եք զբաղվեք։ Ոչ իրենք են պահանջում, ոչ էլ բնական է դու, ու դրվում է կործանման սկիզբը։ Ու խախտվում է միջավայրը, մեռնում է կոլեկտիվի ոգին։ Ու մեռնում է ․․․

Թվացյալ ազատությունը կոլեկտիվին թուլացրեց, դարձրեց անտարբեր։ Իսկ այս ճգնաժամային պահերին էդ «ազատության» համը զգացած անձնակազմը չէ, որ անհանգիստ է, այլ տարիներով համալսարանի հետ իր կենսագրությունը կերտած, սրտացավ ու անհանգիստ մարդիկ են, սովորական դասախոսից մինչև հարգարժան պրոֆեսորներ, որ գոնե ուզում են հասկանալ թե ինչ փորձություն է սպասվում ագրարայինին, որը դավադիր լռության զոհ է դառնում։

Որևէ ղեկավար օղակից ինչ-որ չափով հերքում չի հնչել, բացատրություն չկա, հիմնավոր տողեր չկան, որ ամեն ինչ նորմալ է, վտանգ չկա և այլն։ Բա լավ դուք ի՞նչ եք անում էդ համալսարանում, ինչի՞ եք գումար ստանում, ի՞նչն եք ղեկավարում։

Տարածվող լուրերը, իհարկե, կարող են նաև սխալ լինել կամ սխալ մեկնաբանվել, ոչ ընկերական կողմերը կշահարկեն՝ էլ ավելի խորացնելու համալսարանի խնդիրներն ու պառակտելու կոլեկտիվին, որն իր երկարամյա պատմությունն ունի, ավանդույթները, միջավայր, որտեղ մարդիկ անգամ ընտանիք են կազմել և կյանք են ներդրել, իրենց լավագույն տարիները նվիրել ԲՈՒՀ-ին, կրթությանը, աշխատանքին։ Իսկ դրա միակ լուծումը ԲՈՒՀ-ի ղեկավարության անհանդուրժող կեցվածքը պետք է լինի ցանկացած ոտնձգության հանդեպ, որ կանեն ԲՈՒՀի հետ։ Ցույց տվեք, որ ստահոդ են շրջանառվող լուրերը կամ էլ կլինի անդառնալին։ Կասեք փոփոխություններ են եղել, նոր ու կահավորված, ինովացիոն լաբեր կամ միջոցառումների առատություն, ինչ խոսք, կարևոր է, բայց եթե պրոբլեմատիկ պահերին լուռ ես, նշանակում է ամբողջն իմիտացիա էր, կլոունադա, իսկ դու անցորդ, կամ խոպանչի, որ մենակ աշխատավարձդ էր քո անհանգստությունն ու նպատակը։

Ու եթե որևէ մեկը իմ մտքերն ու մտահոգությունները կհամարեն ժամանակավրեպ, պահի ազդեցության տակ կամ էլ ասենք պառակտիչ կամ այլն, ուրեմն ձեզ էլ ասեմ, որ տենց մանր էլ եղել եք, եսակշիռ ու խմբակային վեցնոց էլ մնացել եք, ու ձեր քայլերի ու հաջողությունների համար միշտ էլ քավոր եք ման եկել՝ մի բան ինքնուրույն անելու փոխարեն, մոռացել եք անգամ ինքնուրույն անհանգստանալ։

Բուհը ինտելեկտուալների խումբ է ըստ էության, կամ գոնե էդպիսին պետք է լինի։ Բա մեր տարբեր սերնդի ինտելեկտուալները ու՞ր են, ու՞մ համար են, կամ ու՞մ գրպանինն են կամ խաչբառ լուծելու՞ց են ուժեղ։ Ընկերներ, գործընկերներ, հարազատներ ու երիտասարդներ բոլորդ էլ ձեր դժգոհությունները ունեք թե առաջ, թե հիմա, նորմալ է, խոսում ենք, կիսվում ենք․․․ բոլորդ էլ կապնված եք, կամ համակրում եք որոշ չափով այս կամ այն թևին, անձին՝ նախկին-ներկա, նորմալ է։ Բայց պասիվ սպասման մեջ գառների լռությամբ միտք փայփայել առ բարեկեցիկը, դա առնվազն ամուլ կեցվածք է, ու էդ լատենտ մտածելակերպը ամենավտանգավորն ու թունավորն է, որ կողքինդ կարա ունենա։ Լատենտ մտավորական - դա նույնն է, ինչ հոգով ստրուկ լինելը։ Մի նայեք, թե ովքեր ու ինչ քամիներից են ակտիվացել, կամ էլ խանգարում են։ Տեսնում եք, որ խնդիր կա, տեսնում եք, որ պահը բաց չեն թողնում Ագրարայինից մի քար պակասեցնելու համար, ուրեմն մի հանդուրժեք՝ կեցվածքով, գործով, խոսքով․․․

Մի եղեք անցորդ, մի եղեք անմեղսունակ, դրանից ձեր խնդիրները չեն թեթևանա, չեն վերանա։ Գոնե մի անգամ, մեկտեղենք մեր հոգատարությունը և ուժերը, էս մաշեցնող տեմպը կոտրելու համար, մի անգամ ձայն հանեք միացյալ, որ ասեն տանը մարդ կա, անտեր չի էդ տասնամյակների պատմություն ունեցող, հազարավոր մասնագետներ ու գիտնականներ տված, պետության համար պարենային անվտանգություն ապահովող, տնտեսության կարևոր ոլորտի միակ դարբնոց համարվող կրթօջախը։ Մի անգամ խոսք ասեք, մի վախեք, դրամաշնորհներից ու ձեր երազած աթոռներց չեք կտրվի, հակառակը՝ վտանգ կա, որ աթոռի տեղ չի լինելու։ Տասնամյակներով սնվել եք ԲՈՒՀից, հիմա ինքն է փորձության մեջ, անտեր մի թողեք։

ԱՆՏԱՐԲԵՐՈՒԹՅՈՒՆԸ ՄԵՂՔ Է ՈՒ ՈՉ ՎԱՅԵԼ»: