Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
100 ՏԱՐՎԱ ԴԵԺԱՎՅՈՒ ԿԱՄ ԻՆՉ ԿԼԻՆԵՐ, ԵԹԵ ՄԵՆՔ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆԻՑ ԴԱՍԵՐ ՔԱՂԵԻՆՔ․․․
100 տարի առաջ ճիշտ այս օրը՝ 1923 թ․ հուլիսի 7-ին, Խորհրդային Ադրբեջանը դեռևս երկու տարի առաջ ապօրինաբար իրեն բռնակցված ամբողջ Լեռնային Ղարաբաղի ընդամենի մի փոքր հատվածի վրա դժկամորեն և, ըստ էության, հարկադրաբար կազմավորում է Լեռնային Ղարաբաղի Ինքնավար Մարզը:
Այս կերպ Խորհրդային Ադրբեջանն ի սկզբանե Լեռնային Ղարաբաղից կտրում և մարզի սահմաններից դուրս է թողնում Շահումյանի, Խանլարի, Քարհատի, Շամքորի, Գետաբեկի, Քարվաճառի, Քաշաթաղի և ԼՂ հարավային շրջանները, ասել է թե` Արցախի հարավային հարթավայրային, արևմտյան և հյուսիսային ողջ տարածքները։ Արցախի յուրացմանն ուղղված Ադրբեջանի քայլերը, բնականաբար, այսքանով չէին սահմանափակվելու․․․
Իր կազմավորման սկզբնական շրջանում ԼՂԻՄ-ը Խորհրդային Հայաստանի հետ ընդհանուր սահման ուներ, որն անցնում էր Հագարի գետով` Գորիսի շրջանի Տեղ և Կոռնիձոր գյուղերի տարածքով: Լեռնային Ղարաբաղն ադրբեջանականացնել ցանկացող Ադրբեջանի համար այս իրողությունը լուրջ խոչընդոտ էր:
ԼՂԻՄ-ը Հայաստանից վերջնականապես կտրելու նպատակով մարզի կազմավորումից օրեր անց` 1923 թ. հուլիսի 21-ին, Ադրբեջանի իշխանությունները ԼՂԻՄ-ից դուրս թողնված՝ արտալղիմյան արևմտյան հատվածների մի մասի վրա արհեստականորեն ստեղծում են Կարմիր Քուրդստանի գավառը:
Իբրև թե տեղի քրդերի համար որպես առանձին վարչատարածքային միավոր ձևավորված այս կազմավորումը գոյատևեց ընդամենը մի քանի տարի` 1923-1930 թթ. : Գավառը լուծարելուց հետո այդ տարածքում ձևավորվեցին ԱդրԽՍՀ առանձին վարչական միավորներ` Լաչինի, Քելբաջարի և մասամբ Կուբաթլուի շրջանները:
Ընդ որում` ԼՂԻՄ-ի այն հատվածը, որը սահմանակցում էր Հայաստանի հետ, լռելյայն դուրս բերվեց մարզի կազմից և մտցվեց Լաչինի շրջանի մեջ: Այդ կերպ ԼՂԻՄ-ը կորցրեց Հայաստանի հետ իր ընդհանուր սահմանը և վերածվեց Մայր Հայրենիքից կտրված կղզյակի Խորհրդային Ադրբեջանի կազմում:
Կտրելով Հայաստանի և ԼՂԻՄ-ի միջև ցամաքային կապը՝ Ադրբեջանը հետագա տարիների ու տասնամյակների ընթացքում հետևողականորեն շարունակեց ԼՂԻՄ-ի տարածքային յուրացմանն ու թուրքացմանն ուղղված իր քաղաքականությունը՝ տարբեր պատրվակներով մարզի սահմաններից պարբերաբար պոկելով, նրա ենթակայությունից դուրս բերելով հողատարածքներ ու բնակավայրեր և դրանք միացնելով հարևան շրջաններին: Այդ բոլոր գյուղերն ու բնակավայրերն առանց բացառության ժամանակի ընթացքում հայաթափվում էին, բնակեցվում ադրբեջանցիներով և ամբողջապես թուրքացվում:
Անցել է 100 տարի։
100 տարի առաջվա անցքերն ասես նույնությամբ կրկնվում են հիմա՝ մեր աչքերի առաջ։
Ոչինչ չի փոխվել։
Ադրբեջանը նույնությամբ շարունակում է Արցախի (նաև ՀՀ-ի) բռնակալման, հայաթափման ու թուրքացման իր քաղաքականությունը։
Ասես ածելու պես սրված սուր՝ օդում կախված է Արցախի ամբողջական հայաթափման և թուրքացման վտանգը, անգամ առավել՝ քան այն օրերին։
Հիմա հարց․ ի՞նչ կլիներ, եթե մենք պատմությունից դասեր քաղեինք։
Եթե մենք սերտած լինեինք գոնե վերջին 100-ամյակի մեր պատմության դասերը, ապա մենք ԵՐԲԵՔ, լսու՞մ եք, ԵՐԲԵՔ չէինք խոսի, քննարկի, պատկերացնի, երազի ու բանակցի ՀՀ-ից ցամաքով կտրված ու ընդամենը "Լաչինի միջանցք" անվամբ թել-ճանապարհով ՀՀ-ին կապված նախկին ԼՂԻՄ սահմաններով անկախ Արցախի մասին։
Ինչու՞։
Որովհետև ԼՂԻՄ սահմաններով անկախ Արցախն ի սկզբանե անկենսունակ ու մեռելածին միավոր էր լինելու, քանի որ Ադրբեջանը, Արցախի բռնազավթման ու հայաթափման իր անփոփոխ ձգտումներով, ինչպես նախորդ դարում, այնպես էլ հիմա ամեն ինչ անելու էր՝ այդ թելը կտրելու, Արցախի շուրջ օղակը սեղմելու ու հայաթափելու համար։ Փաստացի այն, ինչ և անում է այսօր․․․
Արցախի Հանրապետությունը, ինչպես նաև Հայաստանի Հանրապետությունը կարող էին և կարող են կենսունակ լինել առնվազն գոնե այն սահմաններում, ինչ մենք ձևավորել էինք Արցախյան ազատամարտի արդյունքում 1994-ին։
Կենսունակ ՀՀ և ԱՀ ունենալու համար գոնե այդ սահմանները վերականգնել է պետք։ Մեր պատմությունից քաղած դասերի առաջնահերթ հետևությունը դա պիտի լինի․․․